ԵՄ-ն ու Հայաստանն անցկացրել են քաղաքական եւ անվտանգային հարցերով երկրորդ երկխոսությունը
17 Նոյեմբերի, 2023

ԵՄ-ն ու Հայաստանն անցկացրել են քաղաքական եւ անվտանգային հարցերով երկրորդ երկխոսությունը


Նոյեմբերի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը:

Այն հաստատել է Հայաստանի եւ ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրությունը՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը արտաքին, անվտանգային եւ պաշտպանական քաղաքականության ոլորտներում:  ԵՄ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը (29.800 քառ. կմ) եւ սահմանների անձեռնմխելիությանը ու ողջունել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը:

Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կազմակերպվող հանդիպումների միջոցով։ ԵՄ-ը ողջունել է նաեւ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հղացքը՝ որպես տարածաշրջանում եւ դրանից դուրս խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսեւորում:

Հայաստանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ առաքելության արագ տեղակայումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով: Կողմերը քննարկել են առաքելության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից զանգվածային բռնի տեղահանված հայ փախստականների խնդիրները։

Կողմերը քննարկել են նաեւ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին ոչ մահաբեր տեսակի սպառազինությունների տրամադրման հարցը: Վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսիք են Սեւ ծովի ստորջրյա էլեկտրաէներգիայի եւ ինտերնետ մալուխների անցկացման նախագծերը:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի առումով կողմերը հույս են հայտնել, որ մինչ օրս ձեռքբերված համաձայնությունները, մասնավորապես` երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձագիր կրողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ, հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կկոչվեն:

Հայաստան-ԵՄ քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա Երեւանում 2024 թվականին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,