2025 թ. նոյեմբերի 12-ին Եվրոպական հանձնաժողովը մեկնարկեց «Էրազմուս+» ծրագրի 2026 թվականի հայտամրցույթը՝ բացելով նոր ֆինանսավորման հնարավորություններ կրթության, ուսուցման, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում՝ Եվրոպայում եւ դրանից դուրս։
2026 թվականի համար մոտավորապես 5.2 միլիարդ եվրո բյուջեով ծրագիրը շարունակում է ներդրումներ կատարել հմտությունների զարգացման եւ քաղաքացիական կրթության մեջ՝ միջսահմանային շարժունակության եւ համագործակցության նախագծերի միջոցով։
2026 թվականին «Էրազմուս+» ծրագիրը կաջակցի դպրոցական կրթության ոլորտում ավելի շատ գործընկերությունների եւ շարժունակության հնարավորությունների: Այս նախաձեռնությունը կօգնի կազմակերպություններին փորձարկել եւ ներդնել նորարարական ուսուցման մեթոդներ, որոնք խթանում են հիմնարար հմտությունների զարգացումը, եւ կաջակցի ԵՄ ջանքերին քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական մասնակցության եւ ընդհանուր արժեքների խթանման ոլորտներում։
Ավելին, ծրագիրը շարունակում է հետամուտ լինել իր հիմնական առաջնահերթություններին, այն է՝ ներառում, թվային եւ կանաչ անցում եւ ժողովրդավարական մասնակցություն։
«Էրազմուս+»-ը կշարունակի աջակցել ուկրաինացի ուսանողներին եւ դասավանդողներին թե՛ Ուկրաինայում, թե՛ նրանց, ովքեր ստիպված են եղել լքել երկիրը եւ այժմ գտնվում են ԵՄ-ում կամ ասոցացված երկրներում։
2026 թվականի մրցույթի շրջանակներում մոտավորապես 1,275,000 մարդ հնարավորություն կունենա ձեռք բերել ուսումնական շարժունակության փորձ։ Ծրագիրը կաջակցի «Էրազմուս+» նախագծերին մասնակցող ավելի քան 100,000 կազմակերպությունների, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների, դպրոցների, մասնագիտական կրթության եւ վերապատրաստման կենտրոնների, ընկերությունների, երիտասարդական եւ մարզական կազմակերպությունների։
«Էրազմուս+»-ի ֆինանսավորման համար կարող են դիմել կրթության, ուսուցման, երիտասարդության կամ սպորտի ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները՝ դպրոցներ, համալսարաններ, մասնագիտական կենտրոններ, ՀԿ-ներ եւ երիտասարդական խմբեր: Անհատ մասնակիցները (օրինակ՝ ուսանողներ, դասավանդողներ կամ երիտասարդներ) ծրագրին կարող են մասնակցել նշված կազմակերպությունների միջոցով։
Դիմումների մեծ մասը ներկայացվում է «Էրազմուս+» ազգային գործակալություններին: Որոշ ուղղություններ, ինչպիսիք են Ժան Մոնեի խոշոր գործընկերությունները, կառավարվում են Եվրոպական կրթության եւ մշակույթի գործադիր գործակալության (EACEA) կողմից: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է «Էրազմուս+ 2026» ծրագրի ուղեցույցում:
Հայաստանը ներկայացնող կազմակերպությունները կարող են մասնակցել ծրագրի առանձին միջոցառումների, եթե համապատասխանում են որոշակի չափանիշների կամ պայմանների (տե՛ս ծրագրի ուղեցույցը՝ յուրաքանչյուր կոնկրետ միջոցառման համար համապատասխանությունը ստուգելու համար):
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,