Հունիսի 29-ից 30-ը Հայաստան կատարած երկօրյա այցի ընթացքում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց տնտեսական զարգացման, անվտանգության եւ դիմադրողականության առաջնահերթությունները սահմանող գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցություններում քաղաքական համաձայնության մասին:
«ԵՄ-ն եւ Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա», — հունիսի 30-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է Կայա Կալասը:
Ի աջակցություն այս համաձայնագրի՝ Եվրոպական միությունը Հայաստանի դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակներում վերջինիս տրամադրում է 270 միլիոն եվրո՝ 2024-2027 թվականների ժամանակահատվածի համար: Այս ֆինանսավորումը կաջակցի բիզնեսներին, կբարելավի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կապն ու կնպաստի երկրում բարեփոխումների ջանքերին:
ԵՄ-ն նաեւ ֆինանսական օգնություն, բնակարանային աջակցություն եւ հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերի խոցելի անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին։
Կայա Կալասը նաեւ հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովն ընդունել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը։ «Երբ բոլոր պայմանները բավարարվեն եւ այս գործընթացը ավարտվի, դա ավելի կմոտեցնի Հայաստանին եւ մնացած Եվրոպային միմյանց», — նշել է նա։
ԵՄ բարձր ներկայացուցիչը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարը Երեւանում ստորագրեցին նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը, որը Հայաստանին թույլ կտա ունենալ իր ներդրումը ԵՄ համաշխարհային առաքելություններում։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վերաբերյալ Կայա Կալասը մամուլի ներկայացուցիչներին ասել է, որ ԵՄ-ն շարունակում է վճռականորեն աջակցել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ «հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության հարգանքի վրա»։
«Այս երեք սկզբունքներին այլընտրանք չկա։ Մենք գոհ եւ ոգեւորված ենք երկկողմանի կարգավորման ուղղությամբ առկա առաջընթացով, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավելի լավ հարաբերությունները կարող են ճանապարհ բացել դեպի տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն», — ասել է նա։
Կողմերը քննարկեցին նաեւ ԵՄ-ի կողմից վերջերս ընդունված Սեւծովյան ռազմավարությունը, ինչպես նաեւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի եւ բոլոր հարեւան երկրներում Ռուսաստանի հիբրիդային գործունեության հետ կապված զարգացումները: Այս առնչությամբ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն զգալի հիմնական ֆինանսավորում կտրամադրի Հայաստանում անկախ լրատվամիջոցներին:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,