ԵՄ-ն 300,000 եվրո է հատկացնում Իջեւանին մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար
27 Մարտի, 2023

ԵՄ-ն 300,000 եվրո է հատկացնում Իջեւանին մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար


Իջևան քաղաքը հաղթել է EU4Culture ծրագրի մրցույթում և Եվրոպական միության կողմից կստանա մինչև 300,000 եվրո դրամաշնորհ՝ քաղաքի Մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար: Նախագծի պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել մարտի 24-ին Իջևանում։

Ռազմավարությունը նպատակ ունի բարելավել մշակութային ենթակառուցվածքները շարունակական ստեղծարար գործունեության միջոցով, ապահովել տնտեսական զարգացման հետ սերտորեն կապված աշխույժ մշակութային կյանք, նպաստել պատմամշակութային ժառանգության պահպանմանը, բարելավել մշակութային զարգացման կարողությունները և արդյունավետ կառավարել մշակույթի ոլորտը: Իջևանի հանրությանը ներկայացվել են ռազմավարական մոտեցումները, իսկ ռազմավարությունը հաստատվել է համայնքի ավագանու կողմից։

Մեկնարկային միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին, «EU4Culture» ծրագրի ղեկավար Անատոլի Բեյֆերտը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Իջևանի համայնքապետարանի «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ծրագիրը կիրականացվի 2023-2024 թվականներին։ Ծրագրի կենտրոնական մոտեցումներն են մշակութային ապակենտրոնացված զարգացումը և կենտրոնացումը Իջևանի բնակավայրերի վրա, ինչպես նաև ստեղծագործ և նախաձեռնողական մտածողության զարգացումը համայնքի բնակիչների շրջանում: Ծրագրի գլխավոր նպատակն է՝ մշակութային տնտեսության զարգացման և մշակութային ժառանգության պահպանման խթանման միջոցով Իջևանի ընդլայնված համայնքում կառուցել ուժեղ և համագործակցող մշակութային դաշտ:

Ծրագրի առաջին՝ «Մշակույթի ոլորտի կառավարում» բաղադրիչը կբարելավվի Իջևանի մշակութային ժառանգության հանրաճանաչության բարձրացմանն ուղղված միջոցառումների, մասնավորապես՝ ինտենսիվ հաղորդակցման և բրենդավորման, Իջևանի նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների գույքագրման/քարտեզագրման, ինչպես նաև գործընկեր համայնքների հետ փորձի փոխանակման այցերի և համատեղ նախաձեռնությունների իրականացմամբ մշակույթի կառավարման ոլորտում շարունակական վերապատրաստման անցկացման միջոցով։

Ծրագրի երկրորդ՝ «Ակտիվ մշակութային և տնտեսական կյանք» բաղադրիչը կխթանվի տեղական ստեղծարար մշակութային նախաձեռնությունների միջոցով: Կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ համագործակցային և ստեղծագործ մշակութային հատվածին խրախուսելու և մշակութային ժառանգության պահպանման համար: Դրանք լինելու են գործարարների, քաղաքացիական հասարակության և անհատների համատեղ նախաձեռնություններ, ովքեր կանցնեն համապատասխան վերապատրաստում և կներկայացնեն իրենց գաղափարները «Գաղափարների փոխանակում» ձևաչափով։

Ծրագրի երրորդ՝ «Կոոպերատիվ, մշակութահեն տնտեսական զարգացում» բաղադրիչի շրջանակում կանցկացվեն ամենամյա մշակութային փառատոններ:

Իջևանի համայնքապետարանը ծրագիրը կիրականացնի «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

«EU4Culture» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից աջակցելու համար մշակույթին և ստեղծագործ հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին և բնակավայրերին: Ծրագիրն իրականացվում է Գյոթեի ինստիտուտի (ղեկավար), Չեխական կենտրոնների, Դանիայի մշակութային ինստիտուտի և Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից:

Իմացիր ավելին

Լրացուցիչ տեղեկատվության համար կապվել Իջևանի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանի հետ։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,