Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ միասին, կներկայացնեն Եվրոպական միությունը 2026 թվականի մայիսի 4-ին եւ 5-ին Երեւանում կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովում: Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոստան եւ ֆոն դեր Լեյենը կմասնակցեն նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կրկին կկայանա Երեւանում՝ 2026 թվականի մայիսի 4-ին։
ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը կկենտրոնանա երկկողմ հարաբերությունների ամրապնդման, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի եւ թվային տեխնոլոգիաների ոլորտներում միակցվածության վրա: Առաջնորդները կքննարկեն նաեւ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, միակցվածության եւ բարգավաճման ապահովման հետ կապված առաջընթացը, ինչպես նաեւ ներկայիս համաշխարհային մարտահրավերները, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումները:
«Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկեր է, եւ մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը մեր առաջին գագաթնաժողովի միջոցով։ Միավորված ընդհանուր արժեքներով եւ միջազգային իրավունքի ու կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությամբ՝ այս կարեւորագույն իրադարձությունը կարեւոր ներդրում կլինի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, միակցվածության եւ բարգավաճման գործում», — նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան:
ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները հիմնված են 2021 թվականից ուժի մեջ մտած ԵՄ-ՀՀ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) եւ 2025 թվականին համաձայնեցված ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգի վրա: ԵՄ-ն Հայաստանի բարեփոխումների օրակարգի, ինչպես նաեւ առեւտրի եւ ներդրումների հիմնական գործընկերն է: Այն նաեւ երկրի խոշորագույն դոնորն է: 2023 թվականի հոկտեմբերի իր եզրակացություններում Եվրոպական խորհուրդը հանձնարարել է ԵՄ ինստիտուտներին «ամրապնդել ԵՄ-ՀՀ հարաբերությունները բոլոր ուղղություններով»:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,