ԵՄ-ն, Խորհրդի կողմից համաձայնեցված պատժամիջոցների նոր փաթեթով պայմանավորված, ածխի էմբարգո է սահմանում Ռուսաստանի հանդեպ

ԵՄ-ն, Խորհրդի կողմից համաձայնեցված պատժամիջոցների նոր փաթեթով պայմանավորված, ածխի էմբարգո է սահմանում Ռուսաստանի հանդեպ

11 Ապրիլի, 2022

Եվրոպական միության Խորհուրդն այսօր ընդունել է Ռուսաստանի դեմ տնտեսական և անհատական պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ենթադրում է ռուսական ածխի էմբարգո, ԵՄ նավահանգիստներում ՌԴ դրոշով նավերի կայանման արգելք և ռուսական ու բելառուսական ճանապարհային բեռնափոխադրումների արգելք:

«Այս վերջին պատժամիջոցներն ընդունվել են Բուչայում և ռուսական օկուպացիայի տակ հայտնված այլ վայրերում ՌԴ զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններից հետո։ Մեր պատժամիջոցների նպատակն է դադարեցնել ռուսական զորքերի անխոհեմ, անմարդկային և ագրեսիվ վարքագիծը և Կրեմլում որոշում կայացնողներին հասկացնել, որ նրանց անօրինական ագրեսիան ծանր գին ունի»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Փաթեթը ներառում է.

  • 2022 թվականի օգոստոսից դեպի ԵՄ ռուսական ծագման կամ Ռուսաստանից արտահանվող ածուխի և այլ պինդ հանածո վառելիքի գնման, ներմուծման կամ տեղափոխման արգելք: ԵՄ ածխի ներմուծումը ներկայումս կազմում է տարեկան 8 միլիարդ եվրո:
  • Ռուսաստանի դրոշի ներքո գրանցված նավերին ԵՄ նավահանգիստներ մուտքի թույլտվության արգելք: Բացառություններ են գործում գյուղատնտեսական և պարենային ապրանքներ, մարդասիրական օգնություն և էներգետիկ ռեսուրսներ տեղափոխող նավերի համար:
  • ռուսական և բելառուսական ճանապարհատրանսպորտային ընկերությունների համար ԵՄ տարածքի ավտոմոբիլային ճանապարհներով այդ թվում տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման արգելք: Այնուամենայնիվ, բացառություններ են գործում մի շարք ապրանքների դեպքում, ինչպիսիք են դեղագործական, բժշկական, գյուղատնտեսական և պարենային ապրանքները, ներառյալ ցորենը, ինչպես նաև մարդասիրական բեռներ փոխադրող ավտոտրանսպորտի համար:
  • արտահանման արգելքներ, որոնք վերաբերում են ինքնաթիռային վառելիքին և այնպիսի ապրանքներին, ինչպիսիք են քվանտային համակարգիչներն ու առաջադեմ կիսահաղորդիչները, բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկան, ծրագրային ապահովումները, զգայուն մեքենաներն ու տրանսպորտային սարքավորումները, ինչպես նաև այնպիսի ապրանքների ներմուծման արգելքներ, ինչպիսիք են՝ փայտը, ցեմենտը, պարարտանյութերը, ծովամթերքը և ոգելից խմիչքները: Միայն համաձայնեցված արտահանման և ներմուծման արգելքները կազմում են համապատասխանաբար 10 միլիարդ եվրո և 5,5 միլիարդ եվրո:
  • մի շարք նպատակային տնտեսական միջոցառումներ, որոնք ուղղված են գոյություն ունեցող միջոցների ամրապնդմանը և սողանցքները փակելուն, ինչպիսիք են՝ ԵՄ անդամ երկրներում պետական գնումներին ռուսական ընկերությունների մասնակցության ընդհանուր արգելքը, Ռուսաստանի պետական մարմիններին որևէ տեսակի ֆինանսական աջակցության բացառումը, կրիպտոդրամապանակներում դեպոզիտային միջոցների պահման, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների որևէ պաշտոնական արժույթով արտահայտված թղթադրամների և փոխանցվող արժեթղթերի վաճառքի ընդլայնված արգելք Ռուսաստանին և Բելառուսին կամ Ռուսաստանի և Բելառուսի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի։

Բացի այդ, ԵՄ-ն որոշել է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնց արտադրանքը կամ տեխնոլոգիան դեր է խաղացել ներխուժման մեջ, ինչպես նաև առանցքային օլիգարխների և գործարարների, Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ Կրեմլի օրակարգը համակարգված կերպով առաջ մղող ապատեղեկատվության ու տեղեկատվության խեղաթյուրման առաջամարտիկների, ինչպես նաև արդեն իսկ պատժամիջոցների տակ հայտնված անձանց ընտանիքների անդամների նկատմամբ՝ ԵՄ պատժամիջոցների շրջանցումը բացառելու համար:

Ավելին, գործարքների ամբողջական արգելք է դրվել ռուսական չորս հիմնական բանկերի վրա, որոնց բաժին է հասնում ռուսական բանկային հատվածի շուկայի 23%-ը։ SWIFT-ից անջատվելուց հետո այս բանկերն այժմ կենթարկվեն ակտիվների սառեցման՝ դրանով իսկ ամբողջությամբ կտրվելով ԵՄ շուկաներից:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,