Ժողովրդավարության ուղիղ հեռարձակողը
10 Հունիսի, 2026

Ժողովրդավարության ուղիղ հեռարձակողը


Արեւիկ Սահակյանը փոքր լրատվամիջոցը վերածել է Հայաստանի ամենահեղինակավոր անկախ լրատվական հարթակներից մեկի եւ ժողովրդավարության պահապանի։

«Մենք հեռարձակում էինք ամեն ինչ։ Չեն եղել ո՛չ դադարներ, ո՛չ ընդմիջումներ: Մենք ներկայացնում էինք ճիշտ այն, ինչ տեղի էր ունենում», — վերհիշում է Արեւիկ Սահակյանը։ 

2018 թվականն էր, եւ Երեւանի փողոցները լի էին ցուցարարներով։ Մինչ ոստիկանությունը ցրում էր ամբոխը, Արեւիկի Factor TV-ի թիմը շարունակում էր նկարահանումները։ Կադրերի նկարահանումն իրականացվում էր ձեռքով, երբեմն՝ անկայուն եւ հաճախ՝ քաոտիկ։ Անհնար էր պահպանել ստուդիական տարածություն, ինչպես նաեւ ապահովել մոնտաժային բուֆեր։ Էկրանին երեւում էր այն, ինչ իրականում տեղի էր ունենում։

Մի պահ ցուցարարներին եւ լրագրողներին հետ մղեցին։ Արեւիկը հիշում է, որ դա այն պահերից էր, երբ անմիջապես երեւան է գալիս նահանջի բնազդային ցանկությունը, բայց Factor TV-ն մնաց տեղում եւ շարունակեց նկարահանումները։

Բազմաթիվ դիտողների համար սա Factor TV-ի հետ առաջին տեւական հանդիպումն էր, մի ալիքի, որը մեջքով չշրջվեց դեպի տեղի ունեցող իրադարձությունները։

«Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆակտորը»

Այդ դրությամբ Արեւիկն արդեն ավելի քան երկու տասնամյակ աշխատում էր հայ լրագրության մեջ։ Նա այս մասնագիտական ոլորտ ոտք էր դրել 1990-ականների կեսերին։ Արեւիկի նկարագրմամբ, դա մի պահ էր, երբ ոլորտն անսովոր բաց էր եւ թույլ կանոնակարգված, եւ որն առանձնանում էր բազմաթիվ անկախ ձայների ի հայտ գալով։

Այդ պատուհանը նեղացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո, որը շրջադարձային կետ դարձավ ոչ միայն քաղաքական, այլեւ ընդհանուր լրատվական միջավայրի համար։

Շրջադարձը բավականին դանդաղ էր՝ անխոչընդոտ տեղի ունենալու համար։ Հեռուստատեսային ալիքները շարունակում էին հեռարձակվել, թերթերը շարունակում էին հրատարակվել, բայց իրական անկախության տարածությունը կրճատվեց։ Ինչպես Արեւիկն է պատմում, լրագրողներին սահմանները հասկանալու համար պաշտոնական հրահանգներ պետք չէին. նրանք սովորեցին ճանաչել դրանք։

Սակայն 2010-ականների կեսերից այդ համակարգը սկսել էր թուլանալ, բայց ոչ թե քաղաքական բարեփոխումների, այլ տեխնոլոգիական փոփոխությունների պատճառով։ Թվային հարթակները դժվարացրին վերահսկողության պահպանումը, եւ ավանդական կառույցներից դուրս սկսեցին ի հայտ գալ նոր լրատվամիջոցներ։ Հենց այդ համատեքստում էլ հիմնադրվեց Factor TV-ն։

«Մենք կարծում էինք, որ դա կլինի նիշային լրատվամիջոց», — ասում է նա՝ վերհիշելով առաջին քննարկումները, երբ նրանց գաղափարն էր ստեղծել մի հարթակ, որը կկենտրոնանար քաղաքացիական հասարակության վրա՝ տեսանելիություն հաղորդելով հիմնական լրահոսում հազվադեպ հանդիպող ձայներին։

Այդ սպասումը չարդարացավ։ Բեկումնային պահը եղավ կոռուպցիայի միջոցով զինվորական ծառայությունից խուսափած պաշտոնյաների եւ նրանց հարազատների վերաբերյալ հետաքննությունը։ «Այն պայթյուն առաջացրեց», — հիշում է Արեւիկը։ Պատմությունն արագ տարածվեց՝ լրատվամիջոցներում, խորհրդարանում եւ հանրային քննարկումներում, եւ այնտեղ մնաց բավականաչափ երկար՝ ակնկալելով պատասխաններ։ Մարդիկ սկսեցին հարցնել «Ֆակտորի» մասին։

Հենց ամենակզբից Արեւիկը խմբագրության աշխատանքին համեմատաբար խիստ բնորոշում տվեց։ «Մենք մեզ համարում ենք ժողովրդավարության պահապաններ», — ասում է նա։

Այս դիրքորոշումից էլ բխում են հետագա խմբագրական որոշումները՝ զվարճանքային բովանդակությանն առաջնահերթություն տալուց հրաժարում, քլիքաբեր բովանդակությունից խուսափում եւ հետաքննությունների, մարդու իրավունքների հարցերի լուսաբանման ու հաստատությունների հաշվետվողականության վրա հետեւողական կենտրոնացում։

«Կորցնելով վստահությունը՝ կորցնում ես ամեն ինչ», — ասում է նա։ Լրատվական միջավայրում, որտեղ բազմաթիվ լրատվամիջոցներ բացահայտորեն կապված են քաղաքական կամ գործարար շահերի հետ, այդ վստահությունը դարձավ հզոր ակտիվ։

Թվային հարթակներում Factor TV-ի դիտումների թիվն այժմ հասնում է տասնյակ միլիոնների, ինչն այն դարձնում է Հայաստանում ամենաշատ հետեւորդներ ունեցող անկախ լրատվամիջոցներից մեկը։ Դրա հետաքննությունները հանգեցրել են տարբեր հարցերի վերաբերյալ քրեական հետաքննությունների, խորհրդարանական քննարկումների եւ պետական ​​կառույցների կողմից արձագանքների՝ կոռուպցիայից եւ մենաշնորհներից մինչեւ շրջակա միջավայրի օրենսդրության խախտումներ։

Սակայն Արեւիկի համար այս արդյունքները ոչ թե հաջողության չափանիշ են, այլ ցուցիչ այն բանի, որ լրագրությունը դեռ կարող է ճնշում գործադրել համակարգի ներսում։ «Երբ քո աշխատանքը հանգեցնում է հետեւանքների, հասկանում ես, թե ինչու ես դա անում», — ասում է նա։

Ազատություն՝ ճնշման ներքո

Մեր օրերում Factor TV-ն գործում է ավելի ու ավելի բեւեռացված միջավայրում։

«Լրագրողների նկատմամբ ատելություն սերմանող խոսքը հաճախակիացել է», — ասում է Արեւիկը՝ նշելով, որ այն գալիս է ոչ միայն ընդդիմադիր շրջանակներից, այլեւ իշխանության ներկայացուցիչներից։

«Ամենամտահոգիչն այն է, որ այս միջավայրի ստեղծմանը նպաստում են նրանք, ովքեր կոչված են պաշտպանելու ժողովրդավարական չափանիշները», — հավելում է նա։

Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, որտեղ անկախությունը ոչ միայն դժվար է պահպանել, այլեւ անընդհատ վիճարկվում է։ «Քննադատում ես մի կողմին, քեզ վրա հարձակվում են։ Քննադատում ես մյուսին, քեզ վրա կրկին հարձակվում են»։

Ազդանշանները, ինչպես Արեւիկն է դրանք նկարագրում, հաճախ անուղղակի են, բայց լայնորեն հասկացվող։ Նա հիշում է խորհրդարանում տեղի ունեցած մի միջադեպ, երբ բարձրաստիճան պաշտոնյան հարվածեց Factor TV-ի լրագրողի բարձրախոսին՝ գործողություն, որն ինքնին թեեւ աննշան էր, բայց ավելի լայն իմաստ ստացավ որեւէ պաշտոնական դատապարտման բացակայության պայմաններում։ Նման ժեստերը կուտակվում են՝ ձեւավորելով սպասումներ առ այն, թե ինչն է ընդունելի եւ ինչը՝ ոչ։

Սահմանափակումները լոկ քաղաքական չեն։ Դրանք նաեւ ֆինանսական են։ Հայաստանյան լրատվական շուկան մնում է սահմանափակ, իսկ բիզնեսի եւ քաղաքականության փոխհարաբերությունները բարդացնում են կայուն, անկախ ֆինանսավորման հնարավորությունը։

«Առանց միջազգային աջակցության խիստ դժվար է պահպանել անկախությունը», — ասում է Արեւիկը։

Այդ մոդելի փխրունությունը ակնհայտ դարձավ, երբ հիմնական ֆինանսավորման աղբյուրներն անհայտացան: ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության հանկարծակի դադարեցումը ստիպեց Factor TV-ին կրճատել անձնակազմն ու ծրագրերը եւ իրականացնել ծախսերի խնայողության միջոցառումներ: Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի (EED) երկարամյա կայուն աջակցությունը թույլ տվեց լրատվական խմբագրությանը պահպանել իր հիմնական գործունեությունն այն պահին, երբ կրճատումն այլապես անխուսափելի էր թվում։

«Այս տեսակի աջակցությունը կարեւոր է, եթե անկախ լրատվամիջոցներն ընդհանրապես ցանկանում են գործել այսպիսի միջավայրում», — ասում է նա։

Ճնշումները, որոնց հետ գործ է ունենում լրատվական խմբագրությունը, ստատիկ չեն։ Արեւեիկը պատմում է վերջին ամիսներին ավելի ապակողմնորոշող զարգացումների հետ գործ ունենալու մասին. դա Factor TV-ին իր տեսողական ինքնությամբ, տոնով, նույնիսկ՝ ձեւաչափով նմանակող արհեստական ​​բանականության վրա հիմնված բովանդակությունն է, որը շրջանառվում է առցանց, բայց տարածում է բոլորովին այլ նարատիվներ։ «Նրանք փորձում են կրկնօրինակել մեզ», — ասում է Արեւիկը։

Մի դեպքում ռուսամետ ցանցերի հետ կապված գործիչները ստեղծել են մի բան, ինչն Արեւիկը նկարագրում է որպես լրատվամիջոցի «ավատար»՝ օգտագործելով դրա ոճը՝ կեղծ կամ մոլորեցնող պնդումներին հավաստիություն հաղորդելու համար: Արդյունքը պակաս արագ է տեսանելի լինում, քան ավանդական ապատեղեկատվության դեպքում. այն գործում է վստահություն փոխառելով, այլ ոչ թե ուղղակիորեն հարձակվելով դրա վրա։

«Երբեմն նույնիսկ մեզ համար է դժվար հասկանալ, թե ինչն է իրական», — ասում է նա։

Արեւիկի կարծիքով՝ պատասխանը պետք է ավելի շուտ լինի ոչ թե մեկանգամյա արձագանքը, այլ՝ շարունակական հարմարումը։ «Քո տեղում մնալու համար ստիպված ես անընդհատ վազել»։

Իրադարձությունները կարող են շատ արագ զարգանալ

Արեւիկի համար լրատվամիջոցների անկախության հարցը ժողովրդավարության հարցից անբաժանելի է։ «Ժողովրդավարությունը չի կարող գոյատեւել առանց անկախ լրատվամիջոցների», — ասում է նա։ «Դա անհնար է»։

Հարցին, թե ում է հերոս համարում, նա հասարակական գործիչների անուններ չի տալիս։ «Ինձ համար հերոսը սովորական մարդն է, որը բարեխղճորեն կատարում է իր աշխատանքը։ Ազնիվ աշխատանք կատարող լրագրողը, որը հարգում է իր մասնագիտությունը եւ նվիրված է դրան. նա է հերոսը»։

«Լրագրողները Հայաստանում ճնշման տակ են», — ասում է նա: «Աշխատավարձերը ցածր են: Միջավայրը խիստ սթրեսային է»: Արեւիկը ենթադրում է, որ ինքնին նշանակալի է այն փաստը, որ նրանք շարունակում են գործել։

Նրան այսօր մտահոգում է ոչ միայն ներքին միջավայրը, այլեւ այն, թե որքանով է դրա փխրունությունն ընկալվում երկրից դուրս։ «Երբեմն ինձ թվում է, որ մեր արեւմտյան գործընկերները թերագնահատում են, թե որքան փխրուն է այս իրավիճակը, եւ որքան արագ կարող են իրադարձությունները զարգանալ», — ասում է նա։

Անկախ լրատվամիջոցների աջակցությունը, այդ իմաստով, պարզապես տեխնիկական հարց չէ։ Դա քաղաքական որոշում է այն մասին, թե որ ինստիտուտներին է թույլատրված գոյատեւել։

«Եթե ցանկանում ես, որ ժողովրդավարությունը գոյատեւի, պետք է աջակցես նրանց, ովքեր պաշտպանում են այն», — ասում է նա։ Այլընտրանքը դժվար չէ պատկերացնել։

«Եթե անկախ լրատվամիջոցները անհետանան, մնացած ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի վերահսկել։ Դուք չեք կարող ժողովրդավարություն կառուցել առանց անկախ լրագրության։ Եվ չեք կարող ակնկալել, որ լրատվամիջոցները կգոյատեւեն ինքնուրույն», — նշում է Արեւիկը։

Factor TV-ն աջակցություն է ստացել Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամից (EED), որը դրամաշնորհներ տրամադրող անկախ կազմակերպություն է։ EED-ն ստեղծվել է 2013 թվականին Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների կողմից՝ որպես ինքնավար միջազգային վստահության հիմնադրամ՝ Եվրոպական հարեւանության տարածքում, Արեւմտյան Բալկաններում, Թուրքիայում եւ այլ երկրներում ժողովրդավարությունը խթանելու նպատակով։

EED-ն աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ժողովրդավարամետ շարժումներին, քաղաքացիական եւ քաղաքական ակտիվիստներին, ինչպես նաեւ անկախ լրատվական հարթակներին եւ լրագրողներին, որոնք աշխատում են հանուն բազմակարծիք, ժողովրդավարական քաղաքական համակարգի։

EED-ն Եվրոպական միության կողմից ստեղծվել է որպես անկախ, լրացուցիչ մեխանիզմ՝ Եվրոպական հարեւանության երկրներում ժողովրդավարացմանը եւ մարդու իրավունքների խթանմանը արագ եւ ճկուն տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,