«Փոքր գործ, բայց` մեծ արդյունք». Գավառի դեռահասները փոխում են համայնքային կյանքը
19 Հոկտեմբերի, 2022

«Փոքր գործ, բայց` մեծ արդյունք». Գավառի դեռահասները փոխում են համայնքային կյանքը


Եվրոպական միությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ UPSHIFT  ծրագրի միջոցով աջակցում են Գեղարքունիքի մարզի երիտասարդությանը: Ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին իրագործել իրենց գաղափարները և ակտիվացնել կյանքը իրենց քաղաքներում:

UPSHIFT-ը իրականացվում է «Ապագան այսօր. Հայաստանում ժողովրդավարության համար կանանց, երիտասարդների և երեխաների դերի հզորացում» ծրագրի շրջանակներում: Շնորհիվ իր յուրահատուկ մեթոդաբանությանը՝ 12-ից 18 տարեկան դեռահասներըհամայնքային խնդիրներ են վեր հանում և լուծումներ փնտրում: Մասնակիցները ուսումնասիրում են նոր հմտություններ, օրինակ՝ խնդիրների լուծում և քննադատական մտածողություն, հաղորդակցություն, պրոֆեսիոնալ վարք և համայնքի ստեղծում, ինչպես նաև զարգացնում են իրենց կազմակերպչական ունակությունները:

Այս պահի դրությամբ Հայաստանում անցկացվել է UPSHIFT-ի 5 մրցույթ, որոնցից 4-ը՝ Եվրամիության աջակցությամբ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Ծրագիրը մարզերից երիտասարդներին հնարավորություն է տալիս թիմեր կազմել և ստանալով դրամաշնորհ՝ իրագործել իրենց գաղափարները:

2022 թվականի ապրիլին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրիի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը գաղափարների մրցույթ էին հայտարարել, որին կարող էին մասնակցել Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 12-18 տարեկան դեռահասները: Ընտրել են 10 գաղափար, և հաջողակ մասնակիցներին հնարավորություն ընձեռել մասնակցելու «Ծրագրերի» նախաձեռնման և պլանավորման» երկօրյա դասընթացներին: Խմբերը հնարավորություն ունեին աշխատել մենթորների հետ, ում օգնությամբ  կարող են մշակել իրենց նախագծերը: 10 գաղափարներից 5-ը ընտրվել են և ստացել ֆինանսավորում:

Մնացած 5 նախագծերը ֆինանսավորում են ստացել Գավառի համայնքապետարանի և այլ կազմակերպությունների կողմից: Նախագծի մենթորների խոսքով՝ UPSHIFT-ի պատմության մեջ առաջին անգամն է, որ 10 նախագծերն էլ ֆինանսավորվել և իրագործվել են:

UPSHIFT-ի շնորհիվ դեռահասները հնարավորություն են ստանում ձեռք բերել այնպիսի գիտելիքներ, որոնք դպրոցական ծրագրերով նախատեսված չեն, և լավագույնս իրականացնել իրենց գաղափարները:  Գաղափարները իրականացնելով մենթորների օգնությամբ նրանք ոչ միայն կազմել են ծրագիրը և բյուջեն, այլ նաև դիմել են համապատասխան մարմիններին, կատարել գնումները և կազմակերպչական աշխատանքները:

Երազանքին մեկ քայլ մոտ

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը տարբերվում է մյուս դպրոցներից: Այստեղ՝ դպրոցի բակում աշակերտները ջերմոց են կառուցել: Ճիշտ է՝ չափերով փոքր, բայց կարողանում են սոխ, կանաչի, լոլիկ, պղպեղ աճեցնել: Այն դպրոցի 5 աշակերտների նախաձեռնությունն է, որոնք մասնակցելով UPSHIFT ծրագրին ստացել են 120 000 դրամի դրամաշնորհ:

Գաղափարը առաջացել է 17-ամյա Լաուրա Մկրտչյանի և իր ընկերուհի Անժելայի մոտ, որոնք մինչ ծրագրին դիմելը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում էին սովորում: Այնտեղ էլ առաջացել է խելացի ջերմոց կառուցելու երազանքը: Բայց մինչև խելացի ջերմոց կառուցելը, պետք էր նախ ջերմոց ունենալ: Գաղափարը իրագործելու համար նրանք ներգրավել են դպրոցի այլ աշակերտներին և գաղափարը  ներկայացրել UPSHIFT-ին:

«Երկար մտորումներից հետո հասկացանք, որ այս անգամ պետք է մեր թիմում այնպիսի մարդկանց ընդգրկենք, որոնք նախկինում այսպիսի ծրագրերի քիչ են մասնակցել կամ գաղափար չունեն, թե ինչ է ոչ ֆորմալ կրթությունը»,- պատմում է Լաուրան՝ շեշտելով, որ փորձը ցույց տվեց, որ շատ ճիշտ ընտրություն են կատարել: «Մեր թիմի յուրաքանչյուր անդամ ինչ-որ առանձնահատուկ տաղանդ ունի: Դա էլ նպաստեց մեր նպատակին հասնելուն»:

Լաուրայի խոսքով՝ պատահական չեն ընտրել դպրոցի տարածքը. Նրանք ցանկանում էին այդպիսով նաև շարժել դպրոցի մյուս աշակերտների հետաքրքրությունը և ներգրավել նրանց այս ծրագրում: Իսկ դպրոցի տնօրինությունը առանց որևէ խնդրի առանձնացրել է նրանց համար հատուկ տարածք:

«Կային թյուր կարծիքներ, որ չենք կարող ծրագիրը իրականացնել, գումարն է քիչ, քամին կքշի կտանի, ու իրականում, ժամանակին շատ ենք թևաթափ եղել: Ինչպես յուրաքանչյուր հաջողակ ծրագիր, մեր ծրագիրը ևս ունեցավ շատ խոչընդոտներ, բայց ունեինք նպատակասլաց թիմ, որ ամեն ձև պետք է պահի այս ջերմոցը»,- ասում է Լաուրան՝ ընդգծելով, որ արդեն ունեն ծրագիր, թե ինչ է լինելու ջերմոցի ճակատագիրը, երբ հաջորդ տարի նա ավարտի դպրոցը: «Դպրոցի կենսաբանության ուսուցիչը յուրաքանչյուր տարի կխնամի ջերմոցը՝ աշակերտների հետ միասին: Նրանք ջրելու են, բերք են ստանալու, այդ բերքը օգտագործելու են դպրոցի ճաշարանում: Եվ եթե բերքը շատ ստանան, նաև կարող են վաճառել»:

Սակայն, Լաուրան վստահեցնում է, որ դպրոցը ավարտելու դեպքում չի մոռանալու ջերմոցի մասին, և հնարավորինս օգնելու է դրա աշխատանքներին: Նաև դեռ ունի խելացի ջերմոց կառուցելու երազանքը, որին փորձելու է հասնել:

Համայնքը՝ դեռահասների կողքին

Դրամաշնորհով տրամադրված գումարը, սակայն, բավական չէր ջերմոցը կառուցելու համար, և դեռահասների ծնողները և Գավառ համայնքի բնակիչները իրենց օգնությունը առաջարկեցին՝ գաղափարի իրագործման համար: Քանի որ իրենք տեսականորեն տեղյակ էին, թե ինչպես կարող են ջերմոց կառուցել, սակայն, գործնականորեն նրանց պետք էր հավելյալ օգնություն: Համայնքի բնակիչները ոչ միայն անվճար օգնել են դեռահասներին, այլ նաև հասկանալով, որ գաղափարի իրականացումը նախատեսվածից ավելի շատ գումար է պահանջում, դրամահավաք են կազմակերպել և միջոցները տրամադրել ծրագրի իրականացմանը:

Մենթոր Լենա Գոհարյանի գնահատմամբ՝ դեռահասները՝ չափահասների աջակցությամբ կարող են ջերմոցում մշակել բույսերը: Բայց նաև պետք է տարբերակներ մտածել, թե ինչպես այլ աշակերտների հետաքրքրությունը գրավել, որ հաջորդ տարիներին ջերմոցը ավելի մեծանա, և ոչ թե վերածվի դպրոցական զրուցարանի:

Բացի ջերմոցը կառուցելուց դեռահասները, համայնքի բնակիչների աջակցությամբ, կազմակերպել են 4 գյուղատնտեսական արշավ և 3 փորձագիտական հանդիպում՝ ներգրավելով շուրջ 30 երիտասարդների ևս: Այս արշավների շնորհիվ նրանք հնարավորություն ստացան տեսնել մեծ և փոքր չափի ջերմոցներ, ծանոթացան գյուղատնտեսական մոտեցումներին, ինչպես նաև իրենց հուզող հարցերը հղել փորձագետներին:

Խմբի ամենաերիտասարդ մասնակիցը 14-ամյա Էդգար Դվոյանն է: Նա առաջին անգամ էր մասնակցում նմանատիպ ծրագրի, ու UPSHIFT-ին մասնակցելը ստիպել է մայրը, որը նույն դպրոցում է աշխատում: Սկզբում տղան այդքան էլ ոգևորված չէր, սակայն թիմային աշխատանքներին ներգրավվելով ոչ միայն հետաքրքրվել է գյուղատնտեսությամբ և ջերմոցի աշխատանքով, այլ նաև սկսել է նմանատիպ այլ ծրագրերին մասնակցել:

«Մենք այնպիսի ծրագիր էինք ընտրել, որ դպրոցին էլ օգտակար լինենք: Հեշտ չէր, բայց երբ թիմով ես անում, ամեն ինչ հեշտանում է»,- պատմում է Էդգարը՝ նշելով, որ իրենց կազմակերպած արշավները շատ են օգնել ջերմոցի կառուցմանը: Դեռահասները հանդիպել են մասնագետների, որոնք տարիների փորձ ունեն, և կիսվել են գյուղատնտեսության և ջերմոցների մասին իրենց գիտելիքներով: Էդգարի խոսքով՝ այդ խորհուրդները շատ օգտակար են եղել ջերմոցի կառուցման և հետագայում հողի մշակման ժամանակ:

Էդգարը նշում է, որ դպրոցի մյուս աշակերտները հետաքրքրված են խմբի գործունեությամբ և օգնում են իրենց ջերմոցի հարցում: Եվ նա հույս ունի, որ երբ իրենք ավարտեն դպրոցը, ջերմոցը կշարունակի գործել և նույնիսկ եկամուտ ապահովել դպրոցի համար:

Դպրոցի խելացի զանգ

Գավառի 4-րդ դպրոցի աշակերտները, մինչ UPSHIFT ծրագրին մասնակցելը, նկատել էին, որ իրենց դպրոցում զանգը, երբեմն, ճիշտ ժամանակին չի տալիս: Արդյունքում՝ կա՛մ դասն է տուժում, կա՛մ դասամիջոցը, իսկ ուսուցիչներն էլ ստիպված են հերթապահել՝ զանգը ժամանակին հնչեցնելու համար: Դպրոցի աշակերտների մոտ, որոնք նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում էին սովորում, միտք առաջացավ զանգ պատրաստել, որը կհեշտացներ ուսուցիչների գործը, այլ նաև կհստակեցներ դասի և դասամիջոցի ժամերը: Դպրոցի տնօրինությունը և ուսուցչական աշխատակազմին շատ է դուր եկել աշակերտների նորարարությունը:

Եվ երբ աշակերտները լսել են UPSHIFT-ի մասին, որոշել են դիմել՝ օգնելու համար այլ դպրոցներին: Արդեն առկա զանգը անվանել են «Smart G», որտեղ G-ն խորհրդանշում է Գավառը: Խումբը ունի 5 անդամ՝ 3 տղա, 2 աղջիկ: Տղաները զբաղվել են սարքի պատրաստմամբ և դիզայնով, իսկ աղջիկները՝ մարքեթինգով: Ծրագրի շրջանակներում նրանք նախագծել և տեղադրել են զանգեր Գավառ համայնքի 6 դպրոցներում:

16-ամյա Նարեկ Խաչատրյանը հիշում է, որ ծրագրին դիմելիս մի քանի գաղափար ունեին, սակայն մտածել են, որ իրենց ստեղծած սարքը տարածելով ավելի օգտակար կլինեն համայնքին. «Մենք աշակերտ ենք: Դասերին միշտ զգացել ենք, որ զանգերի խնդիրը կա: Մենք մեր դպրոցի ներսում այդ խնդիրը լուծեցինք: Եվ հասկացանք, որ այդ նույն խնդիրը կա մնացած դպրոցներում»:

Արդեն հասցրել են տեղադրել զանգերը բոլոր 6 դպրոցներում: Նախատեսում են հանդիպել այդ դպրոցների աշակերտների հետ և ցույց տալ, որ իրենք ևս կարող են դպրոցում խնդիրը նկատել և փորձել լուծել այն:

Նարեկի խոսքով՝ զանգը բավականին պարզ է օգտագործման համար: Իրենք այցելել են դպրոցներ, անձնակազմին ներկայացրել են սարքը և բացատրել են՝ ինչպես կարող են օգտվել զանգից: Դեռահասները նույնիսկ ձեռնարկ են պատրաստել՝ սարքի աշխատանքը բացատրելու համար: Զանգը տեղադրելիս նրանք պահպանել են դպրոցում գործող մեխանիկական զանգը, որ հարկ եղած դեպքում կարողանան երկու զանգերից էլ օգտվել:

«Ծրագրի շնորհիվ մենք կարողացանք մեր արդեն ստեղծած սարքը ներկայացնել»,- ասում է Նարեկը՝ նշելով, որ զանգը իրենց կարիերայի սկիզբն է և հետագայում կարող է օգնել իրենց ուսման և աշխատանքի հարցում: «Փոքր գործ է, բայց մեծ արդյունք»:

Դեռահասների առաջին բիզնես գաղափարը

15-ամյա Աննա Մուքոյանն էլ պատասխանատու է զանգի մարքեթինգի համար: Հիշում է սկզբում թերահավատորեն է վերաբերվել ծրագրին. «Մտածել ենք՝ լավ առիթ է դպրոցի դասերին չմասնակցելու համար, և գնացել ենք՝ տեսնելու, թե ի՞նչ է: Բայց երբ որ արդեն աշխատանքները կատարեցինք, շատ հետաքրքիր թվաց»:

Աննան իր թիմակից Ալվարդի հետ միասին կապ է հաստատել դպրոցների հետ, ներկայացրել է իրենց ծրագիրը: Հիշում է, որ սկզբում որոշ դպրոցներ թերահավատորեն էին մոտենում իրենց սարքին, սակայն զանգը տեղադրելուց հետո միայն գովեստի խոսքեր են լսել. «Օրինակ՝ ուսուցիչ կար, որ երկու ժամ դաս չուներ, ու ուզում էր այդ երկու ժամը դրսում անցկացներ, բայց չէր կարող, որովհետև պետք է սպասեր, որ զանգը տա: Մենք մեր սարքով այդ խնդիրը լուծել ենք, և հիմա այդ 6 դպրոցները զանգի հերթապահ չունեն»:

Եվ քանի որ Աննան հետաքրքրված է մարքեթինգով և ցանկանում է մարքեթոլոգ դառնալ, կարծում է, որ սա կարող է իր կարիերայի սկիզբը դնել: Իսկ թե ի՞նչ կլինի «Smart G»-ի ապագան, արդյոք այն կդառնա դեռահասների առաջին բիզնեսը՝ թիմը դեռ քննարկում է:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 50 դպրոցներում, կրթական կազմակերպություններում և ֆոնդերում 1800 պատանիների մասնակցությամբ կազմակերպվել են տեղեկատվական միջոցառումներ: UPSHIFT-ի 4 շրջանների ընթացքում դեռահասները մշակել և առաջարկել են մոտ 200 համայնքային գաղափար, որոնցից 30-ը իրականացվել և իրականացվում է երիտասարդների կողմից:

UPSHIFT դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը 2022 թվականին Գեղարքունիքի մարզում առավել մեծ հաջողություն է գրանցել: Ծրագրին հաջողվել է գրավել դեռահասների ուշադրությունը՝ դրդելով նրանց իրականացնել իրենց հետաքրքրող ծրագրերը, ստանում են ավելի խորը և մասնագիտացված գիտելիքներ: Դեռահասները նաև ոգեշնչում են համայնքի մյուս անդամներին և ավելի երիտասարդ աշակերտներին՝ ստեղծել նորը կամ շարունակել իրենց ստեղծածը: Եվ ամենակարևորը՝ առաջին հայացքից փոքր թվացող այս նախաձեռնությունները փոխում են կյանքը և համայնքում ստեղծում նորարար մշակույթ:

UPSHIFT-ին մասնակցում են 12-18 տարեկան երիտասարդները, որոնք կազմում են 5 հոգուց բաղկացած խումբ և ներկայացնում համայնքային ծրագրի գաղափար: Յուրաքանչյուր թիմ ունենում է իր մենթորը, որը դեռահասներին օգնում է մշակել գաղափարը, կազմել և իրականացնել ծրագիրը:

Հեղինակ՝ Ամի Չիչակյան

Հոդվածը տպագրվել է հայերենռուսերեն և անգլերեն Aravot.am կայքում



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,