Օրգանիկ մեղր և «խելացի այգի»․ ինչպես է Հայաստանի մարզերում զարգանում կայուն գյուղատնտեսությունը
7 Հուլիսի, 2021

Օրգանիկ մեղր և «խելացի այգի»․ ինչպես է Հայաստանի մարզերում զարգանում կայուն գյուղատնտեսությունը


Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագիրն օգնում է անցում կատարել գյուղատնտեսության կայուն սկզբունքներին և հաջողության հասնել։

Վարդան Քոչարյանի «քաղցր» ծրագրերը

Վարդան Քոչարյանը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում զարգացնում է օրգանական մեղրի արտադրությունը։ «Ալպիա» բրենդի ներքո օրգանիկ մեղրն արտադրվում է բարձրադիր գոտում։ Հայաստանում այն արդեն մեծ պահանջարկ է վայելում, Վարդանը նախատեսում է առաջիկայում նաև արտահանել արտադրանքը։

Վարդան Քոչարյանն իր արտադրությունը զարգացրել է Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրի շրջանակներում։

«Մենք զարգացնում ենք օրագանական մեղվաբուծությունը Հայաստանում ու մեր տարածաշրջանում՝ տարեկան արտադրելով 2-3 տոննա օրգանական մեղր։ Արտադրանքը սպառում ենք հիմնականում ներքին շուկայում, և օրգանական սերտիֆիկացումը հնարավորություն է տալիս մեկ քայլ առաջ լուծել իրացման խնդիրը»,- ասում է Վարդան Քոչարյանը։

  • Vardan Kocharyan, a beekeeper
  • Vardan develops organic beekeeping and gets 2-3 tons of honey every year
  • Vardan keeps an apiary in a high-mountain zone
  • Vardan Kocharyan
  • Vardan showcases his apiary

Վարդանն իր բիզնեսը սեփական ուժերով է հիմնել՝ փոքր ծավալներով, իսկ ծրագրի շրջանակներում աջակցությունը հնարավորություն է տվել ընդլայնել այն։ Վարդանի հիմնած ընկերությունը նոր սարքավորումներ է ձեռք բերել, որոնք, ըստ նրա, թույլ են տալիս արդեն մուտք գործել պրոֆեսիոնալ շուկա, գեղեցիկ փաթեթավորել ու վաճառքի հանել արտադրանքը։

Ծրագրի շրջանակներում Վարդան Քոչարյանը նաև մասնակցել է ցուցահանդեսների արտերկրում։ Դա լավ հնարավորություն է տվել ներկայացնել արտադրանքը արտերկրում, նոր գործընկերներ ձեռք բերել, փորձի փոխանակում իրականացնել ու արտահանման հնարավորությունները քննարկել արտերկրի գործընկերների հետ։ «Հաջողություններն ակնհայտ են, արաբական երկրներում հայկական մեղրն արդեն սկսել են գնահատել, արտահանման հանրավորություններ ունենք»,- ասում է Վարդանը։

Բացի արաբական երկրներից, նա նպատակ ունի արտադրանքն արտահանել ԱՄՆ ու ԵՄ անդամ երկրներ։ 2020 թվականին համավարակի պատճառով այդ ուղղությամբ աշխատանքները ժամանակավորապես կանգ էին առել։

Ինչպե՞ս ձեռք բերել կայուն ու օրգանական գյուղատնտեսության զարգացման հմտությունները

«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանը Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրում վեց տարի առաջ հիմնել է «կանաչ ուսուցման» կենտրոնը, որտեղ ֆերմերների համար դասընթացներ են անցկացվում, թե ինչպես զարգացնել կայուն ու օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում։

«Կայուն գյուղատնտեսությունը մի ոլորտ է, որը բարելավում է գյուղատնտեսական արտադրությունը սոցիալական, տնտեսական և բնապահպանական տեսանկյունից։ Այսինքն՝ մինչև օրգանական գյուղատնտեսության եղանակների ներդրումը, ֆերմերն ընդամենը մտածում էր տնտեսական շահ ստանալու մասին և այդպես էլ չէր ստանում այն, քանի որ հաշվի չէր նստում բնության հետ։ Կայուն գյուղատնտեսության ոսկե կանոնն է՝ կերակրիր հողին, որ կերակրի քեզ։ Մենք սկսում ենք հողից՝ առողջ հող, առողջ բույս, առողջ մարդ, առողջ հասարակություն։ Մենք ֆերմերներին դա ոչ միայն սովորեցնում ենք, այլ նաև սեփական փորձով ցույց ենք տալիս»,- ասում է նա։

Այս ծրագրի ընդլայնման համար «Կանաչ արահետ» ՀԿն սկզբում աջակցություն էր ստացել Եվրամիության օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում։

  • Nune Sarukhanyan, the head of the non-governmental organisation Green Path
  • The products are nicely packaged
  • The products are certified organic, which helps a lot with sales

«Մենք կարծում ենք, որ նոր տեխնոլոգիաները շատ կարևոր կլինեն հետագա ուսուցման համար, որպեսզի ֆերմերները տեսնեն, թե նորագույն մեթոդներն ինչ արդյունավետություն են ապահովում։ Օրինակ՝ ստեղծեցինք հակակարկտային ցանցը, որը նաև շոգ եղանակին պաշտպանում է բույսերը, նաև վնասատուների դեմ պայքարի հարցում է օգնում։ Աջակցության մի մասն էլ ուղղված էր կաթիլային ոռոգման համակարգի ստեղծմանը։ Այս տարածքում, որտեղ ջուր չկար, դա անհրաժեշտություն էր»,- ասում է Նունե Սարուխանյանը։

Կենտրոնում ու հիմնված այգում ֆերմերներին սովորեցնում են կայուն գյուղատնտեսության սկզբունքները, բույսերի համատեղելիության կանոնները, մշակման գործընթացը կամ ինչպես վարել գյուղատնետսությունը երաշտի պայմաններում։ Կենտրոնի շահառուներն են ինչպես ուսանողները, ովքեր այստեղ պրակտիկա են անցնում, այնպես էլ անհատ ֆորմերները։ Արտերկրից գալիս են նաև կամավորներ, ուսանողներ ու դասախոսներ։

«2020 թվականը համավարակով պայմանավորված՝ ճգնաժամային տարի էր, բայց մեր կենտրոնում ուսուցման համար դիմողների թիվն աճեց։ Ինձ թվում է՝ ճգնաժամը ուժեղացրեց մարդկանց, նրանք սկսեցին մտածել գյուղատնտեսության զարգացման մասին։ Մեզ մոտ ուսուցման են գալիս նաև քաղաքային բնակչությունը, ովքեր այգիներ են հիմնում»,- ասաց Նունե Սարուխանյանը։

Ներկայում կենտրոնը նաև աջակցություն է ստացել «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ֆինանասվորումն ուղղվելու է գյուղական կյանքի ու ավանդույթների ներկայացման նպատակով ամեն տարի կազմակերպվող «Բերքի փառատոնի» տարածքըի բարելավմանը։

Բացի դա, ծրագրի շրջանակներում «խելացի» ու «կանաչ» այգի է հիմնվել նաև Տավուշի մարզում։ «Տեսնելով այս կենտրոնների հաջողությունները, մենք արդեն նպատակ ունենք ՀՀ  մարզերում ստեղծել նման կենտրոններ։ Այս աջակցությունը հնարավորություն էր, որ սկսեինք ընդլայնել ծրագիրը։ Առանց այս աջակցության մեզ համար շատ դժվար կլիներ»,- ասաց Նունե Սարուխանյանը։

  • The Centre runs free courses for farmers and workshops in its gardens
  • Farmers are taught the principles of sustainable agriculture

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի հաղորդակցության գծով պատասխանատու Էմմա Պետրոսյանն ասում է, որ 2015 թվականին Հայաստանում մեկնարկել էր օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրը, որի հաջող իրականացման հիման վրա Եվրամիությունը ֆիանսնավորեց ավելի ընդլայնված ծրագիր՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA)։

Ծրագրի տևողությունը  42 ամիս է, այն մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերին։

Ընդհանուր բյուջեն 11․7 մլն եվրո է, որից Եվրոպական միության ֆինանսական ներդրումը կազմում է 9․7 մլն եվրո, Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորումը՝ 2 մլն եվրո։ Ծրագրի հիմնական իրականացնողը Ավստրիական զարգացման գործակալությունն է, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ևս ներգրավված է փոքր բաղադրիչով։

«Երբ ասում ենք՝ կանաչ գյուղատնտեսություն, նկատի ունենք կայուն գյուղատնտեսական մեթոդներ։ Հիմնական նպատակն է գյուղատնտեսական ներառական աճ ապահովել Հայաստանի հյուսիսային մարզերում և այնտեղ ապահվել կայուն գյուղատնտեսական մեթոդների ներդրում»,- ասում է Էմմա Պետրոսյանը։

Ծրագրի օրգանական գյուղատնտեսությունն բաղադրիչն իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագիրն ունի 4 բաղադրիչ, որոնք են՝ քաղաքականության կարգավորում ու շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացում, այդ թվում՝ օրենսդրական փաստաթղթերի և կարգավորիչ գործիքների մշակում, կանաչ տեխնոլոգիաների ներդրում և ցուցադրական դաշտերի հիմնում, կանաչ գյուղատնտեսության արտադրողների աջակցություն։

  • Vardan Kocharyan
  • Vardan’s honey under the brand name ‘Alpia’
  • Vardan’s apiary

«Մենք ակնկալում ենք, որ 120 կանաչ արտադրողներ կլինեն ծրագրի ավարտին, ընտրված ոլորտներն են՝ միրգ-հատապտուղ, բանջարեղեն, խոտաբույսեր կամ դեղաբույսեր, հատիկընդեղեն և ոչխարաբուժություն»,- ասում է Էմմա Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ծրագիրը մշակվել է պահանջարկի հիման վրա։ Հայաստանը մեծ ներուժ ունի օրգանական և կայուն գյուղատնտեսւթյան զարգացման համար, սակայն գյուղատնտեսության ոլորտում մեծամասամբ կիրառվում են հին մեթոդներ։ Նոր տեխնոլոգիների ներդրման ժամանակն է։

Հեղինակ՝ Ռոզա Հովհաննիսյան

Հոդվածը տպագրվել է հայերենռուսերեն և անգլերեն ՝ Lragir.am կայքում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,