Մեղադրանքից` լուծումներ. լրագրողներն ու փոփոխություն բերողները զարգացնում են դրական մտածելակերպ
7 Ապրիլի, 2023

Մեղադրանքից` լուծումներ. լրագրողներն ու փոփոխություն բերողները զարգացնում են դրական մտածելակերպ


Լրագրության հսկողական դերը ժամանակի ընթացքում պատճառ է դարձել, որ լրահոսում գերակշռեն բացասական լուրերը: Վերջիններիս «պահանջարկը» ստիպել է լրագրողներին զարգացնել այնպիսի մտածողություն, որով նրանք առաջնահերթ տեսնում են խնդիրներ: Սա էլ իր հերթին բացասական է անդրադառնում լուրեր սպառողների եւ նրանց աշխարհընկալման վրա:

Խնդիրների մատնանշումը շարունակում է մնալ մեդիայի առանցքային դերերից մեկը, սակայն լրագրության ոլորտի նոր միտումներն անցնում են մեղադրանքներից այնկողմ եւ փորձում նաեւ լուծումներ գտնել: Կառուցողական լրագրությունը նպատակ ունի ընդգծելու ոչ միայն խնդիրները, այլեւ ցույց տալու ճանապարհներ դրանց հաղթահարման համար՝ փորձելով ներկայացնել իրականությունն ինչպես որ կա՝ թե´ բացասական, թե´ դրական կողմերով:

Լրագրության այս ուղղության զարգացման նպատակով Երեւանում կազմակերպվել էր «EU Media Facility Lab» մեդիայի իրազեկման եւ կարողությունների զարգացման նախաձեռնությունը, որը տեղի ունեցավ մարտի 16-19-ը: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU NEIGHBOURS EAST» տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ «Դոյչե Վելլե» ակադեմիայի կողմից իրականացվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի հետ համագործակցությամբ։

Նախաձեռնությանը մասնակցել են հայաստանյան տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ, որոնք ծանոթացել են կառուցողական լրագրության (անգլ.՝ Constructive journalism) հիմունքներին եւ Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող փոփոխություններ բերող ծրագրերին՝ կառուցողական լրագրության հրապարակումների համար լուծումների վրա հիմնված պատմություններ գտնելու նպատակով:

Ի՞նչ է կառուցողական լրագրությունը

Նախաձեռնության շրջանակում անցկացված «Մեղադրանքից այն կողմ» թեմայով դասընթացը վարել է «Դոյչե Վելլե» ակադեմիայի փորձագետ Ֆահմիմ Ֆերդուսը: Նա լրագրության այս ուղղությանն է ծանոթացրել ոչ միայն լրագրողներին, այլ նաեւ ոչ լրագրողներին՝ ԵՄ ծրագրերի ներկայացուցիչներին:

«Կառուցողական լրագրությունը կենտրոնանում է ոչ միայն խնդիրների, այլ նաեւ դրանց լուծումների վրա: Ունենալով վերահսկողի դեր՝ լրագրողները երկար տարիներ ավելի շատ կենտրոնացել են բացասականի վրա, որի հետեւանքով էլ այսօր մարդիկ սկսել են խուսափել լուրերից: Բացի այդ, տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ մարդիկ աշխարհի մասին շատ ավելի վատ պատկերացումներ ունեն, քան այն իրականում կա»,- պարզաբանում է Ֆահմիմ Ֆերդուսը:

Ըստ փորձագետի՝ կառուցողական լրագրությունը պետք է պարունակի տարբեր կարծիքներ, ներկայացնի մարտահրավերներն ու փորձի ցույց տալ նաեւ հնարավոր լուծումները, անդրադառնա այդ լուծումների սահմանափակումներին եւ փորձի այդ ամբողջ տեղեկատվությամբ ստանալ իրականության պատկերը՝ ներառելով ինչպես բացասականը, այնպես էլ դրականը:

Դասընթացի շրջանակում ԵՄ ծրագրերի ներկայացուցիչները լրագրողներին են պատմել են իրենց գործունեության եւ գրանցած առաջընթացի մասին՝ հնարավորություն տալով մասնակիցներին գտնելու կառուցողական լրագրության պատմություններ: Այդ ծրագրերն ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, տարածքային եւ տնտեսական զարգացմանը, ներառականությանը եւ երիտասարդության հզորացմանը եւ այլն:

«Արնահոսող» սենսացիա vs. լուծումների լրագրություն

Լրատվական ոլորտի ներկայացուցիչները լավ գիտեն, որ լսարանին առավել գրավում են բացասական շեշտադրությամբ վերնագրերը: Սենսացիոն լուրերը բնորոշող հայտնի արտահայտությունը՝ «Եթե արնահոսում է, ապա առաջատար է» (անգլ.՝ “If it bleeds, it leads) շարունակում է ակտուալ մնալ, սակայն միեւնույն ժամանակ կան գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է լսարանի ուշադրությունը սեւեռել դեպի դրական էմոցիաներ հաղորդող պատմություններ: Դասընթացի ընթացքում լրագրողները ծանոթացան նաեւ այդ գործիքներին ու հմտություններին:

«Ampop Media»-ի լրագրող Գարիկ Հարությունյանը նախքան դասընթացը լսել էր կառուցողական լրագրության մասին, սակայն վստահ չէր՝ ինչու՞ է այն անհրաժեշտ:

«Մենք՝ լրագրողներս, սովոր ենք, որ եթե խնդիր կա, պետք է «ցավեցնել», որպեսզի խնդրի պատասխանատուն լուծի այն, ինչու՞ մենք պետք է փնտրենք ու առաջարկենք լուծումներ: Այս իմաստով դասընթացի շրջանակում տեղի ունեցած քննարկումները հետաքրքիր մտքեր տվեցին: Միայն խնդիրների մասին գրելն անգամ լրագրողներին ձեռնտու չէ, քանի որ լսարանը, միայն բացասական լուրեր տեսնելով, սկսում է հեռանալ մեդիայից: Լուծումների լրագրությունը մարդկանց ցույց է տալիս, որ թեպետ կա խնդիր, սակայն դրա լուծումն առկա է, եւ այդպիսով թույլ է տալիս խուսափել միանշանակ բացասական երանգից»,- պարզաբանել է լրագրողը:

Մեղադրանքներից դուրս հայացք

Լրագրողների հետ հանդիպման առաջին օրը նրանց ողջունելու էր եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա ընդգծել է, որ քաղաքացիական հասարակության խմբերն ու մեդիան, որոնց ԵՄ-ն շարունակաբար աջակցում է, այն օղակներն են, որոնք կարող են օգնել փոփոխություն բերել Հայաստան:

«Այս միջոցառումը կարող է հիմք ստեղծել քաղաքացիական հասարակության, փորձագիտական խմբերի եւ մեդիայի միջեւ համագործակցության: Միասին աշխատելով հնարավոր է ուժեղացնել Հայաստանը եւ ստեղծել ավելի լավ ապագա բոլորի համար»,-ասել է նա:

Դիմելով լրագրողներին՝ դեսպանը նաեւ կարեւորել է լրատվական դաշտի փոխակերպումը՝ մեղադրանքների մոտեցումից հրաժարվելու ճանապարհով:

«Այլոց մեղադրելը բոլոր կոնֆլիկտների սկիզբն է: Դրա փոխարեն մենք պետք է ձգտենք սահմանել շահերը, այդ դեպքում մենք սկսում ենք նայել դեպի ապագա: Սա գնահատելի է թե´ անձնական, թե´ հասարակական, եւ թե´ կառավարության մակարդակներում: Հանրությունը իրավունք ունի տեղեկանալու եւ կարծիք ունենալու, եւ դուք նրանք են, ովքեր օգնում են հանրությանը ձեւավորել այդ կարծիքը, բայց նորից՝ ոչ դավադրության տեսություններ: Մենք մշտապես լրագրողների կողքին ենք, եւ առաջինն ենք արձագանքում այն ժամանակ, երբ լրագրողները թիրախավորվում են: Միեւնույն ժամանակ կան կարմիր գծեր, եւ այն պահին, երբ լրագրողը վիրավորում է մարդուն, այդտեղ նա հատում է կարմիր գիծը»,- նշել է Անդրեա Վիկտորինը:

Սովորել «հրապուրել» լրագրողներին

Դասընթացն օգտակար էր նաեւ ԵՄ ծրագրերի ներկայացուցիչների համար: Այն թույլ տվեց պատկերացում կազմել, թե ինչպիսի տեղեկատվություն ու պատմություններ են փնտրում լրագրողները՝ բարձրորակ հրապարակումների համար:

«Սա իրոք օգտավետ թրեյնինգ էր: Ինքս ինձ համար կառուցողական լրագրության վերաբերյալ շատ բացահայտումներ արեցի: Դասընթացավարի փոխանցած հմտությունները եւ գործիքները կիրառելով՝ հույս ունեմ ավելի գրավել լրագրողների հետաքրքրությունը՝ բարձրացնելով մեր ծրագրի մասին իրազեկվածության մակարդակը»,- Մեդիամաքսի հետ զրույցում ընդգծում է EU4Sevan ծրագիրը ներկայացնող Անի Լաթոյանը:

Դասընթացավար Ֆահմիմ Ֆերդուսը մասնակիցներին ներկայացրել է, թե ինչն է առավելապես հետաքրքիր լրագրողներին եւ թե ինչպես կարելի է հակիրճ ներկայացնել ծրագիրն ու տպավորել միայն մեկ նախադասությամբ:

«Զարգացման ծրագրերի ներկայացուցիչները լրագրողների հետ շփման ժամանակ պետք է կարողանան շեշտադրել մարդկանց, համայնքը, պատմությունները, քանի որ մարդիկ առավելապես հետաքրքրված են այլ մարդկանց պատմություններով: Հիմնականում զարգացման ծրագրեր իրականացնող մարդկանց մտածողությունը փոքր-ինչ տարբերվում է է, նրանք կենտրոնացած են թե քանի միջոցառում են հասցրել իրականացնել, ինչ ցուցանիշներ են գրանցել, ռազմավարությունն ինչպես են իրականացրել: Լրագրողները դրանով հետաքրքրված չեն, նրանց հետաքրքրում է այն, թե ինչպես են այդ ծրագրերն իրականում փոխել մարդկանց կյանքերը»,- ասել է Ֆահմիմ Ֆերդուսը:

Ֆերմերները ներկայացրին իրենց լուծումները

Կառուցողական լրագրության համար լավ «հումք» են նաեւ հաջողության պատմությունները, որոնց պակասը ներկայացված ծրագրերը չունեն: Թրեյնինգի ընթացքում ծրագրերի ներկայացուցիչներին են միացնել նաեւ նրանց անմիջական շահառուները, որոնք լրագրողների հետ կիսվել են իրենց համայնքներ բերած փոփոխությունների պատմություններով:

Կոտայքի մարզի Կամարիս գյուղում գործող «Ոսկե հավիկ» ընտանեկան ֆերմայի համահիմնադիր Արմինե Մարտիրոսյանը «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շահառու է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:

«Զբաղվում ենք թռչնապահությամբ եւ հավկիթի արտադրությամբ: Որոշել ենք անցում կատարել օրգանիկի: Հավկիթի արտադրության ոլորտում օրգանական մթերքի հավաստագիր ստանալու համար, բացի հավերի պահման պայմանների հատուկ չափանիշներից, կերը եւս պետք է օրգանիկ լինի: Քանի որ Հայաստանում նման կերեր չկան, իսկ դրսից բերելը բավականին թանկ էր արժենում, որոշեցինք ինքներս սկսել կերի արտադրություն: Այժմ կերի սերտիֆիկացման փուլում ենք, որից հետո կանցնենք նաեւ հավերի պահման պայմանների սերտիֆիկացմանն ու կունենանք օրգանիկ հավկիթներ»,- պատմում է նա:

Կանաչ գյուղատնտեսության ծրագրի շրջանակում ընտանեկան ֆերման ստացել է տեխնիկական աջակցություն՝ սարքավորումներ եւ արեւային վահանակներ՝ կերապատրաստման ծախսերի նվազեցման նպատակով: Արմինե Մարտիրոսյանը հատկապես կարեւում է այն, որ իրենց բիզնեսի դրական ազդեցությունը շատ ավելի լայն է եւ չի սահմանափակվում միայն իրենց ընտանիքով:

«Ֆերմայի ընդլայնումը թույլ է տվել ստեղծել աշխատատեղեր: Բացի այդ, ցանկացած զարգացում բերում է նաեւ գյուղի ճանաչելիության բարձրացում: Երեւանին մոտ գտնվող համայնքներում մարդիկ հիմնականում գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, գերադասում են գնալ Երեւան՝ աշխատելու: Մեր օրինակով ցույց ենք տալիս, որ հնարավոր է գյուղում բարիք ստեղծել ու ընտանիքի համար եկամուտ ապահովել: Դա ոգեւորում է հարեւան տնտեսություններին»,- հավելել է նա:

Լրագրողների հետ հաղորդակցման Արմինեի փորձը թույլ է տալիս ասել, որ մեդիան պատրաստակամ է լուսաբանելու նման հաջողության պատմություններ, պարզապես կարեւոր է, որ դրանք եսակենտրոն չլինեն եւ ունենան համայնքային զարգացման ենթատեքստ:

Վարակիչ է եղել ծրագրի մեկ այլ շահառուի՝ Էսթերի ընտանիքի օրինակը Շիրակի մարզի Սարատակ գյուղում: Ընտանիքի փոքրիկ այգին, որը հիմնել են 10 խնձորի ծառով, այսօր արդեն 500-ից ավելի տնկիներ ունի: 2020 թվականին երբ դիմել են ԵՄ-ի ծրագրին, դեռեւս չէին հավատում, որ իրենց փոքր տնտեսությունը նման ուշադրության կարժանանա, իսկ հետո՝ այդքան կընդլայնվի:

«Ծրագրի շնորհիվ ձեռք բերեցինք սառնարանային սարքավորում եւ արեւային վահանակ: Դա մեզ հնարավորություն է տալու ճիշտ պայմաններում պահպանել բերքը: Ծրագրի աջակցությամբ իրականացվեց նաեւ մեր այգու բրենդինգը եւ այն այժմ կոչվում է «Արեւ այգի»: Այս տարի նախատեսում ենք վաճառել բերքը հատուկ փաթեթավորված տուփերով, որի վրա կլինի նաեւ խնձորների տեսակների եւ դրանց պահման պայմանների մասին տեղեկատվություն: Այս առաջընթացի վրա կանգնել չենք պատրաստվում, առաջիկա նպատակներից է այգին դարձնել ագրոտուրիզմի վայր»,- մանրամասնել է Էսթերը:

Նրա խոսքով՝ երբ նոր էին սկսում, գյուղում շատերն ասում էին, թե իրենց ծառերը 2 տարուց կչորանան: Սարատակում մարդիկ հիմնականում այգեգործությամբ չեն զբաղվում, կարտոֆիլ եւ հացահատիկային մշակաբույսեր են աճեցնում: Հիմա գյուղում այդ կարծրատիպն էլ է կոտրվել ու գյուղացիները սկսել են հետաքրքրվել կանաչ տեխնոլոգիաներով, հիմնում են կեռասի, սալորի եւ այլ պտղատու այգիներ:

EU-LEAD4Shirak ծրագրի թիմի անդամ Անի Մաղաքյանը, որն անմիջականորեն աշխատում է շահառուների հետ, խուսափում է նրանց դիմել «շահառու» բառով: Նրա խոսքով՝ ծրագիրն օգնում է, որպեսզի տեղացիները լինեն համայնքային ծրագրերի իրականացնողները:

«ՀՀ-ում շատ են իրականացվում գյուղական զարգացման ծրագրեր, սակայն մեր ծրագիրը փորձում է ապահովել տեղացիների ակտիվ ներգրավվածությունը, որպեսզի համայնքի զարգացումը լինի հենց իրենց պատկերացումներով ու երազանքներով»,- հավելել է նա:

Լուծումների լրագրության հնարավորությունները ՀՀ մեդիայում

Այդուհանդերձ, կառուցողական լրագրությունն էլ իր ծուղակներն ունի: Ըստ «Ամփոփ» մեդիայի լրագրող Գարիկ Հարությունյանի՝ կա ռիսկ, որ լրագրողները կարող են անտեսել խնդիրներն ու կտրվել իրականությունից: Սա կարող է իրական մարտահրավեր դառնալ նրանց համար:

«Հայաստանում ունենք օբյեկտիվ խնդիրներ, եւ ինչքան էլ ինքերս ցանկանանք, որ մեր երկիրը ավելի հեշտ լուծելի խնդիրներ ունենա, օբյեկտիվ իրականությունն այլ է: Կարծում եմ, որ կան որոշ հարցեր, որոնց կառուցողական լրագրությամբ չենք կարող մոտենալ: Օրինակ՝ ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է պատերազմի հարցին կառուցողական մոտենալ, հատկապես այն թեպքում երբ այսօր պաշտպանության նախարարությունը լրագրողների համար փակ է դարձել: Մենք չենք կարող լուծումներ առաջարկել, անգամ քննարկել չենք կարող, եթե չունենք տեղեկատվություն»,- ասել է նա:

Չնայած այս դժվարություններին՝ կառուցողական լրագրությունը հայկական մեդիադաշտում կարող է տարածվել մի շարք այլ ոլորտների լուսաբանման միջոցով: Հենց դասընթացի մասնակից ծրագրերից շատերը կարող են տարածել լրագրության այս ուղղությունը՝ դրանով զարգացնելով դրական մտածողություն ու ելքեր փնտրող աշխարհայացք ինչպես լրահոսն ապահովողների, այնպես էլ այն սպառողների շրջանում:

«Մասնակից ծրագրերի շարքում կան այնպիսիք, որոնց հանրայնացումը կարող է լավ օրինակ ծառայել մյուսների համար, ոգեւորել նրանց նմանատիպ լուծումներ սեփական համայնքներում ներդնելու հարցում»,- հավելել է Գարիկ Հարությունյանը:

Ֆահմիմ Ֆերդուսն էլ կարեւորել է լուծումների վրա հիմնված պատմությունների տարածումը հատկապես հակամարտության մեջ գտնվող երկրում:

«Երկարատեւ լարվածության պատճառով լրատվական դաշտում գերակշռող են դարձել բացասական լուրերը: Մեդիայում դրական փոփոխություններ բերող մարդկանց մասին պատմությունները մարդկանց հույս կներշնչեն, ուժ կտան: Լիահույս եմ, որ այս դասընթացի շարունակություն հանդիսացող կառուցողական լրագրության պատմությունները իսկապես կընդգծեն հայերի հաջողությունը, տոկունությունն ու ոգին եւ կնպաստեն լրատվություն սպառողների բարոյական արժեքների վերելքին»,- ամփոփել է Ֆահմիմ Ֆերդուսը:

Թեեւ ծրագրի ակտիվ փուլն ընդամենը 4 օր է տեւել, ձեւավորված կապերը կապահովեն դրա շարունակականությունն ու արդյունավետությունը: Մասնակից լրագրողները նաեւ հնարավորություն ունեն դիմելու EU NEIGHBOURS EAST-ի մեդիա պրոդուկտի ստեղծմանն աջակցող դրամաշնորհային ծրագրին, որը լրագրողներին հնարավորություն է տալիս ստեղծելու կառուցողական լրագրության պատմություններ ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնությունների մասին:

Հեղինակ: Գայանե Ենոքյան

Հոդվածը տպագրվել է հայերեն և անգլերեն ՝ Mediamax.am կայքում



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,