Կրոնական առաջնորդները նպաստում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը Հայաստանում 
20 Դեկտեմբերի, 2022

Կրոնական առաջնորդները նպաստում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը Հայաստանում 


Հայաստանի համայնքներում ընտանեկան բռնությանն անդրադառնալու և դրա դեմ պայքարելու, նախածննդյան ու հետծննդյան խնամքի հարցերում տղամարդկանց ներգրավելու և պատասխանատու հայրությունը խթանելու համար կազմակերպված դասընթացները նպատակ են ունեցել կրթել և հզորացնել Հայ Առաքելական Եկեղեցու քահանաներին և սոցիալական աշխատողներին:

«Հաճախ տղամարդիկ դառնում են ավելի ագրեսիվ և բռնության են դիմում սոցիալական խնդիրների պատճառով։ Դասընթացի արդյունքում ստացած գիտելիքների շնորհիվ՝ մենք կարող ենք ավելի նուրբ կերպով անդրադառնալ այս խնդիրներին և ընտանիքներին խորհրդատվություն տրամադրելիս պատշաճ մոտեցում ցուցաբերել՝ կենտրոնանալով ընտանիքում տղամարդկանց ներգրավվածության և երեխաների խնամքի վրա», – ասում է Լոռու մարզից քահանա Տեր Մամբրե Ոսկանյանը։

Նա մեկն է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 27 քահանաներից և 10 սոցիալական աշխատողներից, ովքեր կատարելագործել են իրենց գիտելիքներն ու հմտությունները կանանց և տղամարդկանց իրավահավասարության, պատասխանատու հայրության և գենդերային բռնության կանխարգելման հարցերում՝ «Եկեղեցին պայքարում է ընտանեկան բռնության դեմ և խթանում տղամարդկանց ներգրավվածությունը» թեմայով դասընթացի շնորհիվ։ Եռօրյա դասընթացը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։

«Մենք սերտորեն աշխատում ենք ընտանիքների հետ՝ խթանելու կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը և տղամարդկանց ներգրավվածությունը ընտանիքի խնամքի գործում: Մեր սոցիալ-մշակութային կենտրոնում արվեստի միջոցով փորձում ենք անդրադառնալ այս թեմաներին՝ երեխաների մոտ մանկուց ճիշտ ընկալում ձևավորելու համար: Այդպես մենք կարող ենք հիմքեր ստեղծել բռնությունը կանխելու համար և օգնել ընտանիքներին հաղթահարել խնդիրները վաղ փուլերում»,- ասում է Տավուշի մարզի սոցիալական աշխատող Մերի Առաքելյանը, ով աշխատում է քահանաների հետ միասին։ 

Սոցիալական աշխատողներն առաջինն են, որոնց դիմում են խնդիրներ ունեցող ընտանիքները։ Եթե խնդիրները չեն կարող լուծվել սոցիալական աշխատողների օգնությամբ, նրանք ընտանիքներին ուղղորդում են դեպի եկեղեցու քահանաները: Բռնության հետ կապված ճգնաժամային իրավիճակում սոցիալական աշխատողները կարող են նաև ընտանիքներին ուղղորդել պետական կառույցներ և աջակցության կենտրոններ:

«Ունեցել ենք հաջողություններ։ Ընտանիքներից մեկում տղամարդը ալկոհոլի չարաշահման խանգարում ուներ։ Մենք նրան համոզեցինք, որ բուժում անցնի։ Դրանից հետո նա վերադարձել է իր ընտանիք, և նրանց կյանքը կտրուկ փոխվել է։ Այժմ ընտանիքում բոլորը խաղաղ են ապրում։ Նման դեպքերում մենք շարունակում ենք կապ պահպանել ընտանիքի հետ՝ հնարավոր վտանգների չեզոքացումն ապահովելու համար»,- հավելում է Մերի Առաքելյանը։

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրով կազմակերպված դասընթացների մասնակից և՛ քահանաները, և՛ սոցիալական աշխատողներն ընտանեկան բռնության կանխարգելման գործում կարևորում են պարտականությունների հավասար բաշխումը և տղամարդկանց ներգրավվածությունը։

«Մենք շարունակում ենք անդրադառնալ տղամարդկանց ներգրավվածությանը և ընտանիքի խնամքի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցերին մեր ամենօրյա ծառայության ընթացքում», – ասում է Տավուշի մարզից Տեր Աբել քահանա Քարտաշյանը։

«Հայ Առաքելական Եկեղեցու քահանաների և սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացները մեր ջանքերի մի մասն են, որոնք ուղղված են գենդերային հավասարությունը խթանելու և գենդերային բռնության դեմ պայքարի գործում տղամարդկանց ներգրավմանը՝ խրախուսելով տղամարդկանց ավելի շատ մասնակցել երեխաների խնամքին և հավասարապես կիսել տնային գործերը: Այս գործընկերությունը թույլ է տալիս Հայաստանում կրոնական գործունեության տարբեր ոլորտներում ներառել բռնության կանխարգելումը և նպաստել կանանց և տղամարդկանց իրավահավասարության ամրապնդմանը», – բացատրում է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դիլարա Բույուքթաշը։

Դասընթացն իրականացվել է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,