Ինչպես է «Կատապուլտն» աշխուժացնում Հայաստանի ստեղծարար տնտեսությունը
28 Հունիսի, 2023

Ինչպես է «Կատապուլտն» աշխուժացնում Հայաստանի ստեղծարար տնտեսությունը


«Հայաստանն արվեստով լի է, ամեն մի ընտանիքում կա մեկը, որ նկարում է, նվագում, երգում… Երբ հայը խոսում է Հայաստանի մասին՝ երկրորդ-երրորդ բառը լինում է «արվեստը»: Այսինքն՝ ազգային ինքնության մեջ արվեստն էական դեր է խաղում: Միաժամանակ՝ այս ոլորտն ամենաքիչ հետազոտվածներից է, ակնհայտ ու անտեսանելի խնդիրներ կան, որոնք շեղում են արվեստագետներին ստեղծագործելուց, ոլորտի հնարավորություններն էլ՝ ճնշում:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի հաղորդակցման և միջոցառումների համակարգող Շողակաթ Մլքե-Գալստյանը: 2022թ.-ի ապրիլին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և «Ստեղծարար Հայաստան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ սկսվեց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն եռամյա ծրագիրը: Նպատակը՝ հզորացնել արվեստագետներին, խթանել մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի զարգացումը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 3 մլն 750 հազար եվրո է, որից 750 հազարը ՀԲԸՄ-ի ներդրումն է, իսկ հիմնական ֆինանսավորողը Եվրոպական Միությունն է: «Կատապուլտի» մեկնարկից 1 տարի անց «Հետքը» փորձել է պարզել, թե ինչ է արվել ծրագրի առաջին տարում, որքանով է հաջողվում կյանքի կոչել պլանավորածն, ու թե ինչ դժվարություններ կան:

Երբ արվեստագետը հանդիպում է շուկային…

«Կատապուլտ» աքսելերացիոն ծրագրի բաղադրիչներից է արվեստագետին տնտեսապես կայունացնելն ու հզորացնելը: Ինչ է դա նշանակում և ինչու է կարևոր՝ բացատրում է Շողակաթ Մլքե-Գալստյանը.

«Արվեստագետի ինքնությունը վտանգվում է շուկայի հետ հարաբերվելիս, ու սա Հայաստանում լուրջ խնդիր է: Օրինակ՝ նկարիչն ուզում է փող աշխատել, դա հրաշալի է, բայց շատ քիչ տեղ կա, որտեղ նա կարող է հենց նրանով, ինչով զբաղված է, գումար վաստակել: Ավելի հաճախ նա պիտի ձևափոխվի շուկայի համար, իսկ այդ ձևափոխումն ուղիղ համեմատական է բիզնեսի ճաշակին: Բոլորիս է հայտնի, թե ինչպիսին է բիզնեսի ճաշակը, ինչ տեսակ երգեր են պահանջված ռեստորաններում, ինչ արվեստի գործեր են կախված լինում տներում և այլն…Ու այստեղ հասկանում ենք, որ արվեստագետը փխրուն ինքնություն ունի, մի քանի նման պատվերից հետո նա կարծես դավաճանած լինի ինքն իրեն, իր ինքնությանը, դրա համար նա ասում է՝ շուկան վատ բան է, ես պետք է հեռու պահեմ ինձ… Քիչ չեն դեպքերը, երբ արվեստագետը վաճառող է աշխատում,  դաս է տալիս կամ ադմինիստրատիվ տարբեր գործեր է անում, բայց թույլ չի տալիս, որ շուկան իր արվեստին դիպչի»,- պատմում է Շողակաթն ու հավելում. «Կատապուլտ»-ի տեսլականն այն է, որ արվեստագետը ոչ թե ֆինանսական, այլ՝ ստեղծագործական փնտրտուքների մեջ լինի»: Բայց ինչպե՞ս:

Անհատական լուծումներից՝ համակարգային բարեփոփոմներ

Միջազգային և տեղական միտումների դիտարկումներ, կրթական ծրագրերի հետազոտում, ֆոկուս-խմբային քննարկումներ, հեռախոսային և համացանցային հարցումներ, տնտեսական վերլուծություններ: Սրանք այն ուսումնասիրություններն են, որ նախորդել են «Կատապուլտ» աքսելերացիոն ծրագրին ու «փազլի պես հավաքվելով»՝ որոշակիորեն ուրվագծել մշակույթի ոլորտի խնդիրները:

Առաջին խնդիրը, որ մեծապես վնասում է ստեղծագործողներին, մտավոր սեփականության իրավունքի խախտումն է: Շողակաթ Մլքե-Գալստյանը վստահեցնում է՝ մեր երկրում հեղինակային իրավունքները 90 տոկոս դեպքերում ոտնահարվում են, իսկ հեղինակային վճարները չափազանց ցածր են: Այս խնդրի լուծմանն էր ուղղված 2023 թվականի ապրիլի 29-ին տեղի ունեցած Մտավոր սեփականության առաջին գլոբալ ֆորումը։ Այս և նմանատիպ միջոցառումները, աշխատարաններն ու վերապատրաստումները «Կատապուլտի» օրակարգում առանցքային տեղ են զբաղեցնում:

Առցանց գնումների կանոնակարգումը ստեղծարար ոլորտի մյուս մարտահրավերն է: Այն դեպքում, երբ պետության համար տեսանելի չէ, թե որքան գումար է գեներացնում արվեստը, այսինքն՝ ՀՆԱ-ում չի արտացոլվում ստեղծարար արդյունաբերության իսկական ներուժը, չկա նաև բարեփոխումներ անելու անհրաժեշտություն. ինչո՞ւ ուշադրությունը սևեռել մի ոլորտի, որը չնչին շրջանառութուն է ապահովում: Շողակաթի ներկայացմամբ՝  Հայաստանում ներդրված չեն համապատասխան վճարային համակարգեր, օրենսդրական լուծումներ դեռ չեն գտնվել, և առցանց վաճառքները հաճախ են կատարվում անօրինական. «Ենթադրենք, ինստագրամում մի բան եք հավանել, գնել եք, ձեզ ամենայն հավանականությամբ ուղարկել են «իդրամի» հաշիվ, քարտի թվեր ու ասել են՝ փոխանցում արեք: Դուք հավանել եք գնումը, ամեն ինչ շատ սիրուն էր, բայց դա անօրինական գործարք էր, քանի որ ձեզ հդմ չի տրամադրվել: Բայց եթե արվեստագետը որոշի ամբողջովին օրինական անել այդ պրոցեսը, նա պետք է ձեզ օնլայն հաշիվ դուրս գրի, դուք պարտավոր եք անձնագրային տվյալներ տրամադրել… Պատկերացրեք, որ դուք գնում եք մի փոքրիկ՝ 5000 դրամ արժողությամբ խաղալիք ձեր երեխայի համար ու ձեզ ասում են՝ կտա՞ք ձեր անձնագիրը: Կտա՞ք»:

Շողակաթն ասում է՝ որպեսզի արվեստագետների համար համար հեշտ ու հարմար լինի օրինական դաշտ մտնելը, որպեսզի արվեստագետը պաշտպանված լինի, պետք է ռազմավարական մոտեցումներ մշակվեն, քանի որ « (…) աշխարհում ոչ ոք, լինի գերմանացի թե ամերիկացի, չի սիրում հարկեր վճարել: Եթե ես ստեղծագործողին ասեմ, որ դու քո սարքած 5000 տիկնիկը պիտի գրանցես, ինձ կհարցնի՝ ինչի՞ համար գրանցեմ, եթե ես հանգիստ ապրում եմ ու չեմ վճարում հարկեր: Ու սա կարևոր հարց է: Աշխարհում տարբեր մոդելներ կան, որ այս հարցի պատասխանը տալիս են, օրինակ՝ գերմանական մոդելում արվեստագետն ինչքան մասնագիտական ծախս է ներկայացնում, այնքան քիչ է հարկ տալիս,-ասում է Շողակաթ Մլքե-Գալստյանը:

Ստեղծարար ոլորտի երրորդ խոշոր խնդիրը տեղափոխման հետ կապված դժվարությունն է: Բանն այն է, որ նախքան որևէ գործ ստեղծելն ու պատվիրատուին ուղարկելը՝ արվեստագետը դեռ պետք է նյութեր ստանա: Մատակարարման այս շղթայում բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ կան, ոլորտը համակարգված չէ կամ եթե անգամ համակարգված է՝ նույն ոլորտի մարդիկ հաճախ հակասական տեղեկություններ են ունենում նույն հարցի մասին: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի հաղորդակցման և միջոցառումների համակարգող Շողակաթ Մլքե-Գալստյանն ընդգծում է՝ ոչ մի լուծում, որ գտել է արվեստագետը, սխալ չէ: Պարզապես այդ լուծումներն անհատական են, ու սա մեծապես խանգարում է ոլորտին. «Մեր միակ նպատակն է տեսնել, թե անհատական լուծումները ոնց եք գտել, արդյո՞ք հնարավոր է դրանք ադապտացնենք համակարգին, որպեսզի համակարգային լուծումներ ունենանք: Ու չստացի, որ միայն ուժեղները, խիզախներն ու ճարպիկներն են հարցեր լուծում, այլ՝ ընդհանրապես համակարգն աջակցի արվեստագետին»:

Համագործակցություն

«Կատապուլտի»  մեկնարկը նշանավորվեց  ՀԲԸՄ-ի, ԵՄ-ի, Հայաստանի ԿԳՄՍ, էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Հուշագրի հիմքում ընկած է գիտակցությունը, որ համընդհանուր փոփոխությունները պետք է իրատեսական լինեն, ու դրանց հնարավոր է հասնել միայն ջանքերը համատեղելու արդյունքում: Շողակաթ  Մլքե-Գալստյանի խոսքով՝ «Լուրջ բարեփոխումներ ես ուզում անել, բայց դրամատիկ փոփոխություններին ոլորտը պատրաստ չէ, մենք պատրաստ չենք, երկիրը պատրաստ չէ, իսկ փոքր փոփոխությունները շատ հաճախ ավելի իրագործելի են: Օրինակ՝ չգրանցված անհատ ստեղծագործողները շատ են, մշակույթի ոլորտում շատ մեծ շարժիչ ուժ են ինքնազբաղ արվեստագետները, բայց «ինքնազբաղ արվեստագետ» եզրույթ մենք չունենք իրավական դաշտում: Քովիդի ժամանակ հասկացանք, որ իրենք ուղղակի անտեսված են բոլոր ծրագրերից»:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության խորհրդական Վարվառա Հովհաննիսյանն ասում է, որ սիրով է մասնակցում «Կատապուլտ»-ի քննարկումներին: Նա կարևորում է  կատարված աշխատանքները ֆոկուս խմբերի շրջանակներում և ընդգծում, որ ՀԲԸՄ-ի թափանցիկությունը արդյունավետ աշխատանքի համար պարարտ հող է ստեղծում: ՀՀ ԿԳՄՍ Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն էլ նշեց, որ «Կատապուլտի» առաջին տարում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, օրինակ՝ ստեղծվել է ոլորտի ակտիվ գործիչների և կազմակերպությունների տվյալների բազա, որոնց  համար պարբերաբար սեմինարներ ու քննարկումներ են կազմակերպվել, հեղինակային իրավունքին նվիրված ֆորում, համագործակցություն, ցանցային կապեր են հաստատվել կինոարտադրողների ու կինոգործիչների հետ, իսկ ծրագրի ամենահաջողված նախաձեռնությունը «Կատապուլտ» էքսպոն էր:

Կատապուլտ տաղավար

Ապրիլի վերջին «Հետքն» այցելեց Կատապուլտ տաղավար: ՀայԱրտ մշակութային կենտրոնում արդեն շուրջ 1 ամիս ընթացող ստեղծարար արդյունաբերության էքսպոն սակավամարդ էր, ինչը հնարավորություն տվեց դանդաղ ու երկար ուսումնասիրել տաղավար-կապսուլները, զրուցել աշխատակիցների հետ: Վերջիններիս խոսքով՝ էքսպոյի առաջին շաբաթները շատ ավելի բազմամարդ էին, առավել սիրված էր նորաձևության կապսուլը, որը նաև ամենաշատ վաճառքներն է ապահովել:

Շրջելով տարբեր տաղավարներով՝ մենք կանգ առանք տպագրության և գրքերի ենթատաղավարում: Աշխատակցի՝ Ալբերտ Ավագյանի հետ զրույցում պարզեցինք, որ ցուցադրության համար ընտրված որոշ նմուշներ կա՛մ վաճառքում չկա, կա՛մ մի քանի օրինակից են, ինչը տաղավարն ավելի հետաքրքիր է դարձնում: Ալբերտը նաև նշեց, որ «Կատապուլտից» բացի ՀայԱրտի շենքն էլ էր շատ այցելուների համար բացահայտում. «Մաշտոցի վրայի կլոր շենքը շատերին է հայտնի, բայց որոշ այցելուներ ներսից չէին տեսել այն, այլ երկրներից այցելուների համար էլ էր հետաքրքիր շենքը: Մեզ այցելել են դեսպանատան աշխատակիցներ, դելեգացիաներ, Լիոնի քաղաքապետը, ուսանողներ, արվեստագետներ, ուղղակի անցորդներ…«Կատապուլտ» տաղավարը լավ հնարավորություն էր և՛ հեղինակների, և՛ հրատարակիչների համար: Ունենք գրքեր, որոնք իսկապես յուրահատուկ են, ուրիշ տեղ չես գտնի: Օրինակ՝ մետաքսի վրա տպագրության միջոցով Դադիվանքի դրոշմներն ունենք, սրանք արվել են պատերազմից անմիջապես հետո, տեսեք, ամենավերջում կավի վրա արտատպված դրոշմի մի մասնիկն է, հետաքրքիր է, որ յուրաքանչյուր օրինակը տարբեր է, այս գիրքն ունի պատմամշակությաին արժեք,-ասում է Ալբերտն ու հավելում,- միտքն այն է, որ պատի դրոշմները միշտ ձեզ հետ են»:

Մյուս տաղավարը, որն առանձնակի տպավորեց՝ «:DDD Կունստ Հաուսի» կողմից ներկայացված ստեղծարար տեխնոլոգիաների կապսուլն էր: Սա յուրահատուկ ցուցահանդես է, որն ուսումնասիրում է, թե ինչպես են տեխնոլոգիաներն աստիճանաբար ջնջում մարդու ներկայությունը՝ հավելվածների արվեստի ու ինստալացիայի միջոցով։  Այս տաղավարը ներկայացնում է երկու հավելված և մեկ ինստալացիա․ Դամյանսկիի «Ցտեսություն տեսախցիկ» աշխատանքը՝ հետմարդկային դարաշրջանի տեսախցիկ, որը հեռացնում է մարդուն պատկերից, Նարե Պետրոսյանի «Ինչպես լինել արվեստագետ» հավելվածը, որը թույլ է տալիս ցանկացած մեկին արվեստագետ դառնալ և Սասուն Մարգարյանի «Առցանցից դուրս» ինտերակտիվ ինստալացիան ֆիզիկական միջամտությունների կարևորության և փխրունության վերաբերյալ։

Համադրող Թերեզա Դավթյանը պատմեց, որ «Կատապուլտ» ստեղծարար արդյունաբերական էքսպոյին մասնակցելու իր դրդապատճառն այն էր,  որ վերջին շրջանում սկսել էր ակտիվ ուսումնասիրել տեխնոլոգիական արվեստը, կապեր հաստատել այդ ոլորտում մեծ փորձ ունեցող արվեստագետների հետ և նպատակ ուներ քայլեր ձեռնարկել տեղացի և միջազգային արվեստագետների միջև կամուրջ ստեղծել փորձի փոխանակման համար: Թերեզան արվեստագետ Ռաֆայել Ռոզենդաալի խոսքն է մեջբերում՝ «Տարօրինակ է վաճառել սեփական աշխատանքը, բայց դա անկախ լինելու միակ միջոցն է… «Կատապուլտ» ստեղծարար արդյունաբերական ցուցահանդեսը, որի նպատակներից մեկը հենց արվեստի գործեր վաճառելու հնարավորություններ ստեղծելն է, կարևոր մասնագիտական փորձառություն էր իմ և  այն արվեստագետների համար, ում ընտրել էի ցուցադրել»: Թերեզան ասում է՝ ժամանակակից արվեստի ու առհասարակ արվեստի ոլորտում դժվարությունները շատ են, բայց ինքը փորձում է այդ դժվարությունների մեջ չկորցնել “pure joy” (մաքուր ուրախություն) կոչվածը և միշտ փնտրել ու գտել է իր պատկերացրած ազատ ու առողջ համագործակցության ճանապարհը:

Հեղինակ՝ Արմինե Հովհաննիսյան

Հոդվածը տպագրվել է հայերեն Hetq.am կայքում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,