«Հայրիկների դպրոցները» խրախուսում են հավասար եւ դրական ծնողավարությունը Հայաստանում
3 Փետրվարի, 2023

«Հայրիկների դպրոցները» խրախուսում են հավասար եւ դրական ծնողավարությունը Հայաստանում


Մոտ երկու տարվա ընթացքում Հայաստանի երեք մարզերի 200-ից ավելի երիտասարդներ խորացրել են ընտանիքում տղամարդկանց ներգրավվածության, դրական ծնողավարման և գենդերային հավասարության վերաբերյալ իրենց գիտելիքները՝ մասնակցելով Եվրոպական միության ֆինանսավորմամբ անցկացվող «Հայրիկների դպրոցներին»։

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրով Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում անցկացված դասընթացների ժամանակ երիտասարդներն ուսումնասիրել են երեխայի խնամքում հայրերի ներգրավվածության լավագույն ուղիները և բարելավել ընտանիքի խնամքի հավասար բաշխման վերաբերյալ իրենց պատկերացումները։

«Հայրիկների դպրոցի» մասնակից լոռեցի երիտասարդ ամուսիններ Կարենն ու Աննան վերջերս են ծնող դարձել։ Տասն ամսական Արեգը նրանց առաջնեկն է, բայց, քանի որ մինչև նրա ծնունդը մայրիկն ու հայրիկը որպես ծնողներ վարպետանալու հնարավորություն են ունեցել, նրան խնամելիս բավական հմուտ են։ Երեկոյան, երբ Կարենն աշխատանքից վերադառնում է տուն, առաջին կարևոր գործը որդուն լոգանքի տանելն է։

«Դասընթացի ժամանակ մենք սովորեցինք գրագետ կազմակերպել նորածնի խնամքը, այդ թվում՝ լոգանքը, սննդակարգը, զբոսանքը, քունը։ Ձեռք բերած ոչ պակաս կարևոր հմտություն էր, թե ինչպես ամուսինների միջև ճիշտ բաժանել պարտականությունները»,- ասում է 25-ամյա Աննան։

«Հոգատար ամուսին լինելու համար միայն ընտանիքի ֆինանսական կարիքները հոգալը բավարար չէ: Հոգատարությունը, առաջին հերթին, տան գործերի և երեխայի խնամքի պատասխանատվությունը հավասարապես կիսելն է։ Սա ամենակարեւոր համոզմունքն է, որ իմ մեջ ամրապնդվել է դասընթացի արդյունքում»,- շեշտում է 28-ամյա Կարենը։ 

Երիտասարդ հայրիկն ասում է, որ «Հայրիկների դպրոցը» ոչ միայն կատարելագործել և ամրապնդել է հոգատար ամուսին ու հայր լինելու իր պատկերացումները, այլև կտրուկ ազդեցություն ունեցել։

«Դասընթացի ժամանակ մեր քննարկումներն ինձ վստահություն ներշնչեցին և որոշեցի, որ պետք է ներկա լինեմ կնոջս ծննդաբերությանը։ Կինս սկզբում կտրականապես դեմ էր, բայց դասընթացի արդյունքում հասկացավ, որ իմ ներկայությունն անհրաժեշտ է»,- պատմում է Կարենը։

Աննան շարունակում է ամուսնու խոսքը․ «Ճիշտ է՝ սկզբում չէի ցանկանում, որ Կարենը ներկա լինի ծննդաբերությանը, բայց հիմա հասկանում եմ, թե ինձ որքան օգնեց իր ներկայությունը։ Երկրորդ երեխայի դեպքում ես եմ պնդելու, որ նա գա։ Կարենի պատրաստվածության, աջակցության շնորհիվ հետծննդաբերական բարդ շրջանը կարողացանք հնարավորինս թեթեւ անցնել»։

Վախ, զայրույթ և ուրախություն։ Ահա այն զգացմունքները, որ ունեցել է Կարենը՝ մինչ կինը լույս աշխարհ էր բերում իրենց որդուն․ «Չես կարող պատկերացնել, պետք է քո աչքերով տեսնես, որ հասկանաս, թե ինչի միջով է անցնում կինը երեխային ծնունդ տալիս»։

Աննան ծիծաղելով ավելացնում է, որ անգամ երեխային տակդիր հագցնելը Կարենն է իրեն սովորեցրել։ Երեխայի ծնվելուց հետո օրենքով սահմանված 5-օրյա հայրական արձակուրդից բացի՝ Կարենը ևս 10 օր իր հաշվին է արձակուրդ վերցրել, որպեսզի տանն օգնի կնոջը։

«Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մեր երկրում հնարավոր լիներ ավելի երկար ժամանակով հայրական արձակուրդի գնալ և գոնե սկզբնական շրջանում օգնել երեխային խնամելիս»,- ասում է Կարենը։

Աննան այժմ շարունակում է մայրական արձակուրդում գտնվել, բայց զույգը որոշել է, որ երբ երեխային այլևս կրծքով կերակրելու անհրաժեշտություն չլինի, մայրիկը վերադառնալու է աշխատանքի։ Նաև որոշել են, թե այդ ընթացքում ինչպես են կիսելու երեխայի խնամքը․ մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային տատիկն ու պապիկը կխնամեն, իսկ հետո՝ հայրիկն ու մայրիկը։

«Երեխայի խնամքում ներգրավված լինելը շատ կարևոր է, և մեր երիտասարդները պետք է դադարեն մտածել, թե դա տղամարդու գործ չէ»,- ասում է Կարենը։

Աննան նաև նշում է, որ հայկական շատ լավ արժեքներ կան, որոնք ամուր ընտանիքի համար կարևոր են, բայց կան նաև վնասակար կարծրատիպեր, որոնք պետք է փոխել։ Երիտասարդ զույգը կարծում է, որ այդ փոփոխության համար ժամանակ ու ջանքեր են հարկավոր։

«Այս ծրագրի և նման դասընթացների դերը շատ բարձր է այդ փոփոխություններին հասնելու գործում, որովհետեւ ոչ միայն մտածելակերպ է փոխվում, այլև գործնական հմտություններ և գիտելիքներ ենք ձեռք բերում։ Նման դասընթացները պետք է շարունակական լինեն, որպեսզի ներգրավված անձանց քանակն ու շրջանակն ընդլայնվի, մարդկանց գիտակցությունը փոխվի։ Այդ ամենը կապահովի, որպեսզի մեր ընտանիքներն ավելի առողջ լինեն, իսկ երեխաները՝ բարեկեցիկ կյանք ապրեն»,- ասում է Կարենը։

2021-2022թթ․ Հայաստանում «Հայրիկների դպրոցներ» կազմակերպել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք» կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից` Արևելյան գործընկերության վեց երկրներում։

Մարի Մխիթարյան/ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,