Ելակը լեռներում․ Գյուղոլորտում նոր տեխնոլոգիաների դերի ընկալումները
7 Հունիսի, 2023

Ելակը լեռներում․ Գյուղոլորտում նոր տեխնոլոգիաների դերի ընկալումները


Գյուղատնտես Գարեգին Մուրադյանն արդեն 5-6 տարի Շիրակի մարզի Թավշուտ գյուղում զբաղվում է ելակի մշակմամբ մի դաշտում, որը ծածկված է միայն ցանցով՝ առանց տաքացման հնարավորության, առանց հավելյալ «ճոխությունների»։ Ասում է՝ լավ էլ ստացվում է։

«Սկզբից դե ես էլ չէի հավատա արդյունքին, բայց հետո սիրահարվեցի, ինչխ-որ քաշեց անընդհատ, մտա-հելա, սկսեցի սիրել էս գործը», – նշում է Գարեգինը, որ մինչև 2017 թվականը երբեք չի զբաղվել գյուղատնտեսությամբ։

Նա նշում է, որ նախորդ սեզոնին մեկ հեկտար տարածքից ստացել է մոտ 1,6 տոննա ելակ, որը վաճառել կամ բաժանել է։ Կատակում է՝ «էն կերածները չհաշված»։

Հայաստանի գյուղոլորտում, սակայն, Մուրադյանի նման հաջողակները ավելի հաճախ բացառություն են, քան օրինաչափություն։ Գյուղատնտեսության մեջ զբաղվածներին այսպիսի օրինակներն անհասանելի են թվում՝ ֆինանսական ներդրումների, ենթակառուցվածքների ու եղանակային առանձնահատկությունների պատճառով։

Արմավիրի մարզի Խորոնք գյուղում ջերմոց ունեցող Վարդան Խաչատրյանը նշում է, որ իրենց մոտ այս տարբերակը չի աշխատի։ Եվ խնդիրը ջրի հասանելիությունն է։

Խաչատրյանի դեպքում ջերմոցը եկամուտի աղբյուր է։ Իսկ Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղից Մարտուն Վարդանյանն իրենց հողերն օգտագործում է ընտանիքի համար բերք ստանալու նպատակով։ Նա էլ որպես իրենց գյուղին հատուկ խնդիր ավելացնում է ցուրտ եղանակը։ Լեռնակերտը Արագածի փեշերին է՝ լեռնային տարածքում։

Վարդանյանը բացատրում է, որ ջերմոցների կառուցման դեպքում գազի ծախսը ավելի շատ կլինի, քան օրինակ Արարատյան դաշտում, և իրենց ապրանքը մրցունակ չի լինի։

Այս խնդիրները, սակայն, ծանոթ են նաև Գարեգին Մուրադյանին։ Փաստն այն է, որ Գարեգին Մուրադյանը ելակի մշակությամբ զբաղվում է ոչ թե բամբակի մեջ գտնվող որևէ բնակավայրում, այլ Հայաստանի ամենաբարձրադիր ու ամենացուրտ տեղերից մեկում․ Թավշուտ գյուղը, որտեղ նա բերք է ստանում, Աշոցքի տարածաշրջանում է։

ՏԿԵՆ տվյալներով՝ Աշոցքի տարածքի ամենացածր կետը 1968 մետր է, առավելագույնը՝ 3196 մետր։ Տարվա 46%-ն Աշոցքում սառնամանիքներ են լինում, տարվա 43%-ը համայնքը ձյունածածկ ունի։

Երբ հետադարձ կապով Վարդանյանին և Խաչատրյանին տեղեկացնում ենք Մուրադյանի հաջողված օրինակի մասին, հետաքրքրվում են։ Բայց նաև մատնանշում են, որ կարող են լինել սահմանափակումներ։ Ելակի նորմալ բերք ստացող Մուրադյանը հաստատում է՝ ամեն մարդու մոտ չէ, որ ստացվել է։

«Իսկականից Հայաստանով մեկ զարմացել են, որ մենք 2100 մետր բարձրության վրա ենք, ու շատ ընտիր, որակով ելակ ենք ստանում», – բացատրում է Մուրադյանը։

Ցրտի մասով նա նշում է, որ ձմռանը ձյունը ծածկում է բույսերը, դրանք, ընդհակառակը, չեն մրսում։ Ավելի վատ է լինում, երբ ձյունածածկույթ չի լինում, ինչպես այս տարի։ Նրա խոսքով՝ բույսերը դրսից են մրսել, բարեբախտաբար՝ արմատները չեն վնասվել, և հետո աճը շարունակվել է, և բիզնեսի ապագային չի սպառնում։

Վիճակագրությունը, սակայն, ցույց է տալիս, որ Հայաստանում գյուղատնտեսությունը լիարժեք որպես բիզնես դեռ չի ընկալվում։ Մասնավորապես Երևանի հարևանությամբ գտնվող մարզերում ստացված բերքի կամ կենդանական ապրանքների մեծ մասը վաճառում են, իսկ մյուս մարզերում այդ ցուցանիշը շատ ցածր է։ Այսինքն Երևանից հեռու մարզերում հենց գյուղերում են սպառում իրենց բերքը։ Ու քանի որ քիչ են վաճառում, քիչ էլ արտադրում են։

«Հայաստանի աշխարհագրական տեղադիրքը, գոտիականությունը և այլ գործոններ այնքան մեծ բազմազանության հնարավորություն է ստեղծում, որ եթե ճիշտ կիրառեն տեխնոլոգիաները, կարող են ավելի լավ արդյունք ստանալ», – Ampop Media-ի հետ զրույցում նշում է կանաչ գյուղատնտեսության փորձագետ Վարդան Թոռչյանը։

Մասնագետը բացատրում է, որ նոր տեխնոլոգիաների ներդրման ծախսերի մեծությունը կախված է նաև մշակաբույսերից, ջրի որակից և այլն։

«Միջինում մեկ հեկտարի հաշվով կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելու ծախսերը մոտավորապես արժենում են 5-6 հազար դոլարի սահմաններում, հակակարկտային ցանցերը՝ մոտ 14-15 հազար դոլարի սահմաններում», – նշում է նա՝ ավելացնելով, որ գյուղացիների մեծ մասը դրանից էլ ավելի մեծ վարկեր է սպասարկում, և դա անում է գյուղատնտեսական արտադրանքի հաշվին։ Եվ խնդիրը այնքան էլ գումարի բացակայության մեջ չէ։

Նրա խոսքով, եթե նույնիսկ շատ գյուղացիների անվճար այդպիսի համակարգեր առաջարկեն, նրանց մեծ մասը կհրաժարվի, և դա իրենք գիտեն նաև փորձով։

«Գումարի առկայությունը անհրաժեշտ բացարձակ կամ միակ պայմանը չէ նոր տեխնոլոգիա ներդնելու համար։ Ավելի մեծ պայման է մարդու գիտակցումը, թե իրեն դա ինչու է պետք, իրեն դա ինչ կտա։ Ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ իրենք իրենց չեն հավատում, ուր մնաց իրենց հարևանին հավատան։ Իրենց պետք է ժամանակ, որ իրենք ինչ-որ բան անեն և հենց իրենց փորձի վրա համոզվեն, որ դա կաշխատի», – բացատրում է փորձագետը։

Այդ փորձ-փորձարկումը, ըստ Թոռչյանի, կարող է տևել 7-10 տարի, բայց փաստ չէ, որ դրանից հետո էլ փորձարկողի համար պարզ կլինի, թե ինչու ստացվեց կամ ինչու չստացվեց։ Այս դեպքում կարևոր է, որ մարդիկ ուղղակի հավատան, միանգամից ներդնեն նոր տեխնոլոգիաները։

Թոռչյանը նաև հիշեցնում է, որ կառավարությունը հիմա աջակցում է այդպիսի նոր տեխնոլոգիաների ներդրմանը, բայց դրանից հաճախ օգտվում են ոչ թե գյուղացիներ, այլ գյուղի հետ երբևէ կապ չունեցած մարդիկ, որոնք ուղղակի կարդացել, ուսումնասիրել ու որոշել են ներդրում անել։ Նրանցից շատերը քաղաքներում ապրող մարդիկ են։

Նույն կերպ և ելակ արտադրող Գարեգին Մուրադյանը նախկինում չի ունեցել գյուղատնտեսության մեջ աշխատելու փորձ։ Ծախսերի մասով Մուրադյանը հաստատում է, որ բոլոր այդ ենթակառուցվածքները նախնական ներդրում՝ փող են պահաջում։ Սրա լուծումը Մուրադյանը գտել է միջազգային դոնորների զարգացման ծրագրերում։ Մասնավորապես ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ։

«Էդպես հակակարկտային ցանցով, կաթիլային ոռոգմամբ իրանք շինեցին։ Մենք մենակ հողը տրամադրեցինք և ցանկապատեցինք, մնացածը իրենք տվեցին։ Ու էդպես ես սկսեցի զբաղվել», – պատմում է նա։

Սկզբում 1000 մետր այգու կեսը եղել է ելակ, կեսը՝ ազնվամորի։ Հետո «Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU GAIA) ծրագրով գյուղատնտեսը նոր աջակցություն է ստացել։ Նրա ելակի արտադրությունը վերածվել է ցուցադրական-ուսուցողական կենտրոններից մեկի, որոնցով ԵՄ-ն փորձում է Հայաստանում տարածել կայուն գյուղատնտեսության ծրագրերը։

«Այնքան ուրախ եմ, որ մեր շահառուները հիմա օրինակ են ծառայում հենց մեր ծրագրին դիմելու համար, որ կա այդպիսի հնարավորություն։ Օրինակ, մենք ունենք նաև խորը գյուղում շահառու, որը գտել է մեզ, ու մենք նրան հիմա արևային կայան ենք տալիս կամ կաթիլային ոռոգման համակարգ և այլն։ Այսինքն մարդիկ, ուրիշների ստացվածը տեսնելով, հավատում են, որ կարող են իրենք էլ դիմել։ Եվ լավ է, որ մեր ֆերմերները սիրում են իրար նայել, ասել՝ դե որ ինքն անում է, ես էլ անեմ», – նշում է ծրագրի հաղորդակցության ղեկավար Էմմա Պետրոսյանը։

Մասնագետը նաև բացատրում է, որ լավ օրինակը տարածելը հենց իրենց նպատակներից է, և դա անում են փորձացուցադրական կամ ուսումնափորձարարական ֆերմաների միջոցով։ Մոտ 15 այդպիսի ֆերմաներում ցուցադրում են և՛ նոր տեսակի տեխնիկայի աշխատանքը, և՛ նոր մշակաբույսերի աճեցման տեխնոլոգիան և այլն։

Նա բացատրում է, որ ծրագրի թիրախներից մեկը հյուսիսային մարզերի ագրոբիզնեսի զարգացումն է։ Մյուս թիրախներից է օրգանական գյուղատնտեսության զարգացումը, և դա վերաբերում է արդեն բոլոր մարզերին։

«Ծրագրում ներառված են թե՛ ֆերմերները և առաջնային արտադրողները, թե՛ վերամշակողները, քանի որ պետք է ամբողջ արժեշղթան փակել։ Մենք սկսում ենք առաջնային արտադրությունից և մինչև պատառաքաղ, ինչպես ասում են։ Մենք նաև հետբերքահավաքային ընկերությունների համար ունենք աջակցություն, որ այդ շղթան պահեն և տանեն շուկա», – նշում է Պետրոսյանը։

Սահմանափակումն այն է, որ ծրագիրը կարող է ապահովել սարքավորումներով՝ և՛ հակակարկտային ցանցերով ու կաթիլային ոռոգման համակարգերով, և՛ սառնարաններով ու վերամշակման տեխնոլոգիաներով, բայց ծրագրին դիմողն էլ իր ներդրումը պետք է ունենա, օրինակ՝ տրամադրի հող կամ իրականացնի շինարարություն։

Այս պահի դրությամբ ծրագիրն ավելի քան 160 շահառու ունի Հայաստանի բոլոր մարզերում։ Շահառուները զբաղվում են և՛ այգեգործությամբ, և՛ դաշտային աշխատանքով, և՛ անասնապահությամբ, և՛ թռչնաբուծությամբ։

Թռչնաբուծական այդպիսի ֆերմայի հիմնադիր է նաև Արմինե Մարտիրոսյանը։ Նրա թռչնաբուծարանն արդեն ունի 1200 թռչուն և ընդլայնման հնարավորություն։

«Գյուղատնտեսական ընտանիքից չեմ, ծնվել, մեծացել եմ Քանաքեռում, ուղղակի տատիկս միշտ հավ պահել է, աչքի առաջ ունեցել ենք։ Մեզ թվում էր, թե գիտենք՝ ինչ բիզնես է դա, ու ես և եղբայրս որոշեցինք սկսել նման բիզնես», – պատմում է Արմինե Մարտիրոսյանը։

2016 թ․-ին գնել են հողը, 2018թ․-ին՝ կառուցել թռչնագոմը, 2019 թ․-ին սկսել են թռչնապահությունը։

Դրանից հետո եղել են բարդությունները և, ըստ Մարտիրոսյանի՝ սովորել են իրենց սխալների ու ձախողումների վրա։ Կորուստներ են ունեցել պատվաստումների մասին գիտելիքի պակասից, կորուստներ են ունեցել նոր արտադրողների հայտնվելու և արհեստական ցածր գների հետևանքով, շուկայի անկայունությունից և այլն։

Երկու անգամ օգտվել են օրգանական գյուղատնտեսության և կին ձեռներեցներին աջակցման ծրագրերից։ Հիմա արդեն ունեցածն ավելացնում են․ 600 ճուտ են բերել ու տարեկան մտադիր են ավելացնել 300-400 թռչուն։ Սկզբում վաճառքն արել են դռնից դուռ անհատական պատվերներ հասցնելով, իսկ այս ամիս արդեն արտադրանքը ներկայացված կլինի սուպերմարկետներից մեկի ցանցում։

«Արդեն աջակցության ծրագրերից կախվածություն չունենք, կայուն բիզնես է», – նշում է Մարտիրոսյանը։

EU-GAIA ծրագրի հաղորդակցության ղեկավար Էմմա Պետրոսյանն էլ է նշում այն մասին, որ թեև իրենց աջակցությունը ժամանակավոր է, բայց շատերի մոտ մնում է գիտելիքը և փոխվում է մոտեցումը։ Ավելին, կոնկրետ օրգանական գյուղատնտեսության դեպքում կարելի է նաև տեսնել, թե մասնակիցներից քանիսն են մնում այդ ոլորտում։ Ըստ Պետրոսյանի՝ իրենց շահառուներից 50-60 տոկոսը մնացել է այդ ոլորտում նաև աջակցության ավարտից հետո։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Հոդվածը տպագրվել է հայերեն Ampop.am կայքում



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,