«Այժմ ես ինձ տեսնում եմ որպես ակտիվ քաղաքացի» — Երիտասարդ էկոառաջնորդները փոփոխություններ են բերում Հայաստանի համայնքներում
11 Մարտի, 2026

«Այժմ ես ինձ տեսնում եմ որպես ակտիվ քաղաքացի» — Երիտասարդ էկոառաջնորդները փոփոխություններ են բերում Հայաստանի համայնքներում


Եթե երիտասարդ եք և ցանկանում եք էկոլոգիական փոփոխություններ առաջ բերել ձեր փոքր համայնքում, բայց չգիտեք՝ որտեղից սկսել, հիշեք՝ դուք միայնակ չեք։ Աննան, Լուսինեն և Արագածոտնի մարզի գյուղաբնակ համայնքներից ավելի քան քսան երիտասարդներ մեկ ընդհանուր նպատակ ունեին՝ իրենց համայնքները դարձնել ավելի լավ վայր ապրելու համար․ լինի դա ապօրինի աղբ թափելու դեմ պայքարով, հասակակիցների շրջանում վերամշակման մշակույթի խթանմամբ, թե տեղական մաքրման ակցիաներ կազմակերպելով։ «Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպության առաջնորդությամբ՝  Եվրոպական Միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ, նրանց գաղափարները այժմ վերածվում են իրական գործողությունների։ Կազմակերպությունը գյուղական համայնքների երիտասարդներին տրամադրում է գործնական հմտություններ և մասնակցային գործիքներ՝ հնարավորություն տալով նրանց ձայնը լսելի դարձնել տեղական որոշումների կայացման գործընթացում և իրենց գաղափարները վերածել շոշափելի արդյունքների։

Արագածոտնի մարզի գյուղական համայնքներում, որոնք գտնվում են Հայաստանի արևմտյան հատվածում, երիտասարդները հաճախ առաջինն են բարձրաձայնում առօրյա բնապահպանական խնդիրների մասին՝ վատ կառավարվող թափոններ, գյուղերի ծայրամասերում գտնվող ոչ պաշտոնական աղբավայրեր, աղբի վերամշակման սահմանափակ հնարավորություններ կամ ջրի աղտոտում։ Շատերը նշում են նաև կանաչ հանրային տարածքների պակասը, ինչպես նաև բնապահպանական կանոնակարգերի և դրանց գործնական կիրառման միջև եղած բացը։ Սակայն այս մտահոգությունները հազվադեպ են վերածվում իրական գործողությունների։

«Երիտասարդները հաճախ չեն հասկանում, թե ինչպես են շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումները կայացվում համայնքային մակարդակում կամ ինչպես կարող են ներգրավվել տեղական իշխանությունների աշխատանքում։ Միևնույն ժամանակ, կառույցներում հաճախ բացակայում են երիտասարդակենտրոն մոտեցումները՝ ապահովելու համար, որ նրանց մասնակցությունը լինի համակարգված, ոչ թե պատահական», — բացատրում է «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի փոխնախագահ Էվելինա Առաքելյանը։

Աշխարհագրական մեկուսացվածությունը և երիտասարդ առաջնորդների օրինակների պակասը էլ ավելի են խորացնում խնդիրը։ «Շատ երիտասարդներ ցանկանում են մասնակցել համայնքային կյանքին, սակայն նրանք հաճախ չունեն գործնական հմտություններ, վստահություն և դրա համար անհրաժեշտ հասանելի գործիքներ», — հավելում է նա։

Մտահոգություններից մինչև կարողություններ

«Միավորող կամուրջ» 2014թ.-ից գործելով որպես երիտասարդական նախաձեռնություն և 2019թ.-ից որպես հասարակական կազմակերպություն, ավելի քան մեկ տասնամյակ ստեղծում է քաղաքացիական, կրթական և առաջնորդական հնարավորություններ Հայաստանի մայրաքաղաքից դուրս ապրող երիտասարդների համար։ Աշտարակ խոշորացված համայնքի Օշական համայնքում հիմնված ՀԿ-ն համագործակցում է շրջակա գյուղական բնակավայրերի հետ՝ ներգրավելով տեղի երիտասարդներին, դպրոցներին և համայնքային իշխանություններին։

Նրանց «CreARTive School» նախաձեռնությունը՝ գյուղական երիտասարդության էկոառաջնորդության դպրոցը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից, ուղղված է այս բացը լրացնելուն։ Մեկանգամյա վերապատրաստման փոխարեն այն առաջարկում է համակարգված ուսուցման մոդել, որը համատեղում է քաղաքացիական կրթությունը, շրջակա միջավայրի կառավարումը և ստեղծագործական շահերի պաշտպանությունը։

2026 թվականին շրջակա միջավայրի հարցերով և համայնքային ներգրավվածությամբ հետաքրքրված 20 երիտասարդ միացել են CreARTive դպրոցին՝ ավելին իմանալու շրջակա միջավայրի կառավարման և որոշումների կայացման, քաղաքացիների մասնակցության և էկոակտիվիզմի մասին։

«Մեր դասընթացները համատեղում էին տեսությունը երիտասարդների՝ գյուղական համայնքներում ապրելու սեփական փորձի հետ», — ասում է ՀԿ-ի նախագահ Ռազմիկ Մնացականյանը։ «Մասնակիցների համար ամենահիշարժան պահերից մեկը համայնքի ավագանու խորհրդի նիստի սիմուլյացիան էր, որի ընթացքում նրանք քննարկեցին բյուջետային առաջնահերթությունները և իրենց hամայնքներին առնչվող բնապահպանական միջոցառումները։ Շատերի համար սա առաջին դեպքն էր, երբ տեղական կառավարումը դարձավ իրական և շոշափելի»։

Քաղաքացիական ակտիվիզմի վերաբերյալ քննարկումները հաճախ սկսվում էին թերահավատությամբ․ «Եթե մենք բարձրացնենք որևէ խնդիր, արդյո՞ք իրականում ինչ-որ բան կփոխվի»։

Երբ դասընթացավարները ներկայացրեցին ռազմավարական շահերի պաշտպանության գործիքներ, շահագրգիռ կողմերի քարտեզագրում և համայնքի ներգրավման մեթոդներ, զրույցները թերահավատությունից և անվստահությունից աստիճանաբար ձևափոխվեցին խնդիրների լուծմանը միտված քննարկումների։

Թերևս ամենախորը փոփոխությունը տեղի ունեցավ էկոառաջնորդության և անձնական պատասխանատվության վերաբերյալ դասընթացների ընթացքում։ Ուղղորդված քննարկումների միջոցով մասնակիցները սկսեցին գիտակցել, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը բացառապես կառավարության պատասխանատվությունը չէ, այլ նաև իրենցը, քանի որ նրանք կարող են ազդել մարդկանց վարքագծի վրա, բարձրացնել իրազեկությունը և նախաձեռնել փոքրածավալ փոփոխություններ։

Երբ ուսուցումը համադրվում է պրակտիկայի հետ

Ուսուցումը միայն տեսական չէր։ Նոր ձեռք բերված գիտելիքները շուտով վերածվում էին կոնկրետ շահերի պաշտպանության գործիքների՝ էկո-պատմողական տեսանյութերի և ինտերակտիվ սեղանի խաղի։

Տեսանյութերը պատմում էին Աշտարակ, Թալին և Ապարան խոշորացված համայնքների իրական խնդիրների մասին՝ սկսած թափոնների անպատշաճ կառավարումից մինչև վերամշակում և պատասխանատու սպառում՝ ներկայացնելով գործնական էկո-լուծումներ հասակակիցների համար։

Սեղանի խաղը, որը մշակված է համայնքային կյանքի իրական սցենարների հիման վրա, խաղացողներին մարտահրավեր է նետում կայացնել որոշումներ և առաջարկել համայնքային մակարդակի լուծումներ։

«Ուսուցողական էկո-խաղի նախագծումը հատկապես ոգեշնչող փորձ էր», — պատմում է Օհանավան գյուղից 21-ամյա պրակտիկանտ Աննա Ալեքսանյանը։ «Այն մեր սովորածը վերածեց գործիքի, որը բարձրացնում է իրազեկվածությունը և խթանում քննարկումները շրջակա միջավայրի պաշտպանության մասին»։

Դասընթացից դուրս մասնակիցները դառնում են կանաչ դեսպաններ՝ կազմակերպելով և առաջնորդելով էկո-շահերի պաշտպանության նախաձեռնություններ Արագածոտնի գյուղական բնակավայրերում։ Նրանք հանդիպումներ և քննարկումներ են անցկացնում դպրոցներում, երիտասարդական կենտրոններում և համայնքային տարածքներում՝ ներկայացնելով էկո-պատմողական տեսանյութեր, վարելով սեղանի խաղը և կազմակերպելով քննարկումներ թափոնների կառավարման, աղտոտման և պատասխանատու սպառման թեմաներով։

«Այս նախաձեռնությունները ձևավորում են վստահություն և առաջնորդության հմտություններ՝ վերապատրաստվողներին վերածելով ակտիվ խմբավարների և շահերի պաշտպանության ջատագովների», — ընդգծում է Ռազմիկ Մնացականյանը։

Համադրելով ուսուցումը, հմտությունները և իրական կառավարումը ՝ հինգ ամենաակտիվ մասնակիցներ շարունակեցին իրենց պրակտիկան Աշտարակի համայնքապետարանում։ Այնտեղ նրանք հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես են գործում համայնքային վարչությունները, ինչպես են ընդունվում և իրականացվում որոշումները, և ինչպես են լուծում ստանում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են թափոնների կառավարումը և համայնքային պլանավորումը։

Լուսինե Մանուկյանը՝  21-ամյա մասնակիցը, պատմում է. «Ես սովորեցի վերլուծել համայնքային ռեսուրսները և հասկանալ, թե ինչպես կարելի է դրանք արդյունավետորեն բաշխել և կառավարել։ Այս փորձն ինձ արժեքավոր մասնագիտական փորձառություն տվեց»։

Կայուն ​​​​փոփոխություն

«Թերևս ամենակարևոր ձեռքբերումը մտածելակերպի փոփոխությունն է․ երիտասարդները պասիվ մտահոգությունից անցում են կատարում նախաձեռնողական գործողությունների», — ընդգծում է ՀԿ-ի ղեկավարը։ «Այսօր երիտասարդները բնապահպանական մարտահրավերներին մոտենում են նախաձեռնողականությամբ և պատասխանատվությամբ՝ չսպասելով, որ մեծահասակները կամ հաստատությունները կգործեն»։

Այս փոփոխության վառ օրինակը նաև Լուսինեն է,  ով, ոգեշնչվելով ՀԿ-ի գործունեությունից, Բազմաղբյուր համայնքում սկսել է իր սեփական ծառատունկի նախաձեռնությունը։ Այն արդեն դարձել է ուրախ գարնանային ավանդույթ՝ ներգրավելով ընկերներին, ուսանողներին և տեղի բնակիչներին։

«Ես հիմա ինձ տեսնում եմ որպես ակտիվ քաղաքացի, ով կարող է նպաստել դրական փոփոխություններին», — ասում է նա։

Կայունությունը ներառված է CreARTive դպրոցի մոդելի հիմքում։ Ուսումնական ծրագիրը, կրթական մոդուլները և սեղանի խաղը կարող են կիրառվել նաև այլ գյուղական համայնքներում։ Միևնույն ժամանակ, «Կանաչ դեսպանների» ցանցը ապահովում է, որ երիտասարդների կողմից առաջնորդված էկո-նախաձեռնությունները շարունակական լինեն:

«Միավորող կամուրջը» Հայաստանի տարբեր քաղաքներում գործող հարյուրավոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններից մեկն է, որը նպաստում է երիտասարդ քաղաքացիների հզորացմանը։ Այսպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են EU4YouthYouth in Action, ԵՄ երիտասարդական քաղաքականությունը աջակցում է երիտասարդների ջանքերին՝ ամրապնդելով կազմակերպությունների աշխատանքը, զարգացնելով մասնագիտական հմտությունները մարզերում և խրախուսելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացին՝ համաձայն Հայաստանի երիտասարդության զարգացման վերաբերյալ վերջերս իրականացված իրավական բարեփոխումների։ Եթե դուք պատրաստ եք առաջնորդել նոր նախաձեռնություններ, նրանք կարող են օգնել դա իրականություն դարձնել։

Հեղինակներ՝ Վոլհա Պրոխարավա, Քրիստինե Հովհաննիսյան



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,