Աուդիովիզուալ հիշողությունը մեր կենսագրությունն է
26 Հոկտեմբերի, 2022

Աուդիովիզուալ հիշողությունը մեր կենսագրությունն է


Հոկտեմբերի 27-ի՝ «Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օրվան» ընդառաջ, մենք այցելել ենք Հայաստանի ամենահին հեռուստաալիքներից երկուսին, զրուցել աուդիովիզուալ հիշողության պահպանման և դրանք հետագա սերունդներին փոխանցելու կարևորության մասին։

Ամբողջ աշխարհում աուդիովիզուալ արխիվները անհետացման վտանգի առջև են կանգնած` քայքայման և տեխնիկական բավարար պայմանների բացակայության պատճառով: Հայկական հեռուստաալիքները բացառություն չեն։ Հայկական ազգային և մարզային ալիքները իրենց գործունեությունը սկսել են 1980 թվականից և այս ողջ ընթացքում կարողացել են կուտակել հսկայական տեսալսողական հիշողություն իրենց արխիվներում։

«Ցայգ» հեռուստաընկերություն

«Ցայգ» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին՝ մի խումբ էնտուզիաստների կողմից, Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում՝ Գյումիրում։ «Եվրոպական մեդիա հարթակ Հայաստանում» ծրագրի շրջանակներում Դոյչե Վելլե Ակադեմիան, Բիբիսի Մեդիա Էքշնի, Հայաստանում Բաց հասարակությունների հիմնադրամի, «Հետք»-ի և «Ֆակտոր թիվի»-ի հետ համատեղ ստեղծել է մարզային մեդիաների եզակի ցանց: «Ցայգը» այդ ցանցի անդամներից մեկն է։

«Ցայգ» բառացի նշանակում է գիշերվա և առավոտվա միջակայքում ընկած կարճ ժամակահատվածը, երբ արևը նոր-նոր սկսում է ծագել։ Գյումրեցիները հիշում են «Ցայգի» երեկոյան ազդարարները («պոզիվնոյները»), որոնք «հուշում» էին Հայաստանի տնտեսական արևածագը։ Բանն այն է, որ 90-ականների վերջին, երբ Հայաստանը գտնվում էր սոցիալ-տնտեսական ճգնաժամում, էլեկտրականությունը տներում հասանելի էր լինում միայն մեկ ժամով՝ հիմնականում գիշերը: Հեռուստաալիքները իրենց եթերային ժամերը ստիպված էին լինում տեղավորել այդ մեկ ժամվա միջակայքում և դա այն միակ ժամանակահատվածն էր, երբ մարդիկ կարող էին հեռուստացույց դիտել։

Ալիքի հիմնական բովանդակությունը պատրաստում էին այն նույն էնտուզիաստները, ովքեր նաև ապահովում էին տեխնիկական սպասարկումը։ «Ցայգ»-ում այդ ժամանակ աշխատում էին մինչև յոթանասուն աշխատակից, ովքեր անցնում էին նույն ճգնաժամի միջով, ինչ սովորական քաղաքացիները, բայց մեծ ցանկություն ունեին ժամանցի միջոց ստեղծելու՝ հեռուստահաղորդումների, բանավեճերի և պատմությունների միջոցով։

«Ցուրտ ու մութ տարիներին, նորանկախ Հայաստանի քաղաքացին հեռուստատեսությամբ ուզում էր տեսնել, որ նա միայնակ չէր, իր խնդիրները բոլորինն էին։ Լինում էր աշխատում էինք հոսանքազրկման ժամերին։ Տաղավարը տանում էինք դուրս, բակում տեղադրում էինք տեխնիկան և սկսում ձայնագրել եթերը։ Իհարկե, կողքից աղմուկ էր լինում, կադրերը հաճախ պրոֆեսիոնալ բեմադրված չէին, բայց մեր հեռուստադիտողը ըմբռնումով էր մոտենում»,- նշում է «Ցայց» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը։

Շատերին գուցե հետաքրքի՝ ինչո՞ւ պետք է պահպանել աուդիովիզուալ հիշողությունը, ի՞նչ կտա մեզ դրանց թվայնացումը։

«Մենք հաճախ չենք նկատում պահի կարևորությունը, բայց մեր կյանքի ամենանշանակալի պահերը վավերագրելը և դրանք ֆոտոների, վիդեոների միջոցով սերունդներին փոխանցելը, շատ արժեքավոր քայլ է։ Մեզ հաճախ գրում-հարցնում են՝ հիշո՞ւմ եք Գյումրիի երկրաշարժից հետո դուք մեզ մոտ նկարահանումներ եք արել։ Այդ տեսանյութերից մեկի մեջ հայրիկս էր խոսում, կարո՞ղ է ունենաք այդ արխիվները։

Մեր արխիվներում այն վերափոխումներն են, որոնց միջով անցել է երկիրը։ Դրանց միջոցով մարդը կարողանում է վերաարժևորել, վերաիմաստավորել կոնկրետ երևույթները. դա մեր ոչ նյութական մշակութային արժեքն է». ավելացնում է Մարգարիտա Մինասյանը։

Թվայնացումը բարդ և բազմափուլ տրանսֆորմացիոն գործընթաց է, որը իրենից ենթադրում է մի շարք մասնագետների, գունային, ձայնային շտկումների, տեխնիկական  գորիքների ներգրավվածություն։

Միևնույն ժամանակ, պետք է գիտակցել, որ չթվայնացնելու դեպքում, աուդիովիզուալ ժառանգությունը անհետանալու վտանգի առաջ է կանգնած՝ նույնիսկ, եթե պահպանվի անալոգային կրիչներով։

«Ալտ» հեռուստաընկերություն

Մինչև 1999 թվականը Հայաստանում կար ընդամենը հինգ հեռուստաընկերություն, սակայն գովազդային մրցակցության ի հայտ գալով աուդիովիզուալ շուկան սկսեց ընդարձակվել։

Ալտ-ը այդ հինգ պիոներ հեռուստաալիքներից մեկն էր։ Ինչպես Ցայց հեռուստաընկերությունը, Ալտ-ը նույնպես Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում՝ կարողությունների զարգացմանը համընթաց, ստեղծում է մարզային խնդիրները բարձրացայնող մուլտիմեդիա նյութեր և պատմություններ։

Ալտ հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին Կոմունիստական կուսակցությանը կից «Տաթև» ասոցիացիայի կազմում։ Այն ժամանակ հեռուստատեսության լիցենզիան օրենքով չէր կարգավորվում, և աուդիովիուզալ պատմություններ ստեղծելու ցանկություն ունեցող անհատների խմբերը գնում էին այն։ Ալտ-ի ստեղծագործական կազմը այդ խմբերից էր։ 

«Ցուրտ ու մութ տարիներին հոսանքը ժամով էին տալիս։ Ճիշտ է, հեռուստատեսությունը այլընտրանքային լույսի գեներատոր «դվիժոկ» ուներ ուներ, բայց և այնպես, մենք ստիպված հարմարեցնում էինք ծրագիրը էլեկտրականության ժամերի հետ՝ երեկոյան 6-9 կամ 9-12 , կամ առավոտյան՝ 9-10 միայն»,- հիշում է Ալտ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Անժելա Ստեփանյանը։  

Ամենասկզբում ալիքի ստեղծագործական կազմում ներգրավված են եղել մինչև 27 մասնագետներ։ Ավելի ուշ, հաղորդաշարերի թիվը մեծացավ, տեխնիկական աջակցության կարիքը նույնպես և աշխատակիցների թիվը սկսեց ընդլայնվել։  

Բացի ժամանցի աղբյուր լինելուց, նորանկախ Հայաստանի քաղաքացիները դիտարկում էին հեռուստատեսությունը, որպես մի հարթակի, որտեղ կարող էին խոսել իրենց հուզող խնդիրների մասին, բարձրաձայնել մարզային կարիքները, բացերը։ Այդ մասին են վկայում Ալտ հեռուստաընկերության արխիվներում պահված ռեպորտաժները՝ ջրի, գյուղատնտեսության, էկոլոգիական խնդիրների մասին։  

«Առաջ շատ ինքնագործ ակտիվիստական խմբեր կային, իրենց մասին շատ պատմություններ էինք նկարում։ Օրերս մեկը եկավ, ասաց՝ հիշո՞ւմ ես, որ Ռայկոմը գրավեցինք։ Լուսամուտին նստած փոքր տղան ես էի՝ դրոշակը ձեռքիս։ Կարո՞ղ ես այդ նյութերը թվայնացնել»,- պատմում է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Խաչիկ Դանիելյանը։  

Ցավոք, Ալտ-ը որպես հեռուստատեսություն գոյատևեց մինչև 2021 թվականի հունվարը, ինչից հետո պետական մրցույթից դուրս մնալով, ալիքը տեղափոխվեց առցանց հարթակ։ Չնայած դրան, Ալտ-ը դեռևս պահպանում է քաղաքացու ձայնի իր դիրքորոշումը և շարունակում է բարձրաձայնել մարզային, գյուղատնտեսական, սոլցիալ-տնտեսական և բնապահպանական խնդիրների մասին։  

Խոսելով աուդիովիուալ հիշողության կարևորության մասին Խաչիկ Դանիելյանը ասում է. «Աուդիովիզուալ հիշողությունը մեր կենսագրությունն է, վավերագրությունը բոլոր այն դժվարությունների, որոնց միջով անցել ենք մենք, մեր երկիրը։ Նույնիսկ, եթե դեպքեր կան, որոնք չենք ցանկանում հիշել՝ ի՞նչ անել դրանց հետ, դեն նետե՞լ՝ չենք կարող»։ 

Արխիվները կարևոր նշանակություն ունեն հեռուստաընկերությունների համար: Եթե դրանք չթվայնացվեն, ապագա սերունդները ականատես չեն լինի այն քաղաքացիական վերափոխումներին, որոնց միջով անցել է երկիրը։ Դա նշանակում է, որ մենք կանգնած ենք Հետսովետական ճգնաժամի, այդ թվում Հայաստանի անկախության և ժողովրդավարության համար մղված պայքարի ապացույցները կորցնելու վտանգի առջև։

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրն իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Հետք / Հետաքննող լրագրողնել ՀԿ-ի, ԲիԲիՍի Մեդիա Էքշնի, Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան-ի և Ֆակտոր ԹիՎի-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության ֆինանսավորմամբ։

«Եվրոպական մեդիա հարթակ Հայաստանում» ծրագիրը ձևավորել է մարզային գործընկերների եզակի ցանց: Դոյչե Վելլե Ակադեմիայի և գործընկերների մշակած մեդիա աջակցության ծրագրի միջոցով՝ հենց այս մեդիա հարթակները, հնարավորություն ունեցեն զարգացնելու իրենց կարողությունները և արտադրելու որակյալ բովանդակություն՝ օգտագործելով ժամանակակից մուլտիմեդիա գործիքները։

Հեղինակ՝ Դիանա Շահբազյան, Դոյչե Վելլե Ակադեմիա 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,