«Ավագանու նիստերի ընթացքում մենք բարձրաձայնեցինք երիտասարդների զբաղվածության, ընտրական իրավունքների և համայնքում որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու հնարավորությունների հարցերը»,- ասում է Թագուհի Թադևոսյանը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքից։ Մինչ վերջերս նրա նման շատ երիտասարդներ հազվադեպ էին մասնակցում հանրային քննարկումներին, համայնքային նախաձեռնություններին կամ ծրագրերին: Խոչընդոտը թե տարածքային հեռավորությունն էր, թե այն զգացումը, որ իրենց համայնքում փոփոխություն իրականացնելը գրեթե անհնար է։ ԵՄ աջակցության շնորհիվ տեղական «Սոցիալական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) նպատակ դրեց փոխել այս իրականությունը՝ երիտասարդներին հնարավորություն տալով հասկանալ, թե ինչպես է գործում տեղական ինքնակառավարումը, և սեփական գաղափարները վերածել համայնքային նախաձեռնությունների։
Գեղամա լեռների բարձրադիր հատվածում գտնվող Գավառ խոշորացված համայնքն այսօր միավորում է Գեղարքունիքի մարզի 12 բնակավայրեր: Հայաստանում համայնքների խոշորացման բարեփոխումներից առաջ յուրաքանչյուր բնակավայր ուներ իր փոքր վարչակազմը, որը սովորաբար գործում էր սահմանափակ բյուջեով և համեստ միջոցներով։ Թեև բարեփոխման նպատակն էր տեղական կառավարումը դարձնել ավելի արդյունավետ և կենտրոնացված, շրջակա բնակավայրերի շատ երիտասարդների համար այն նաև խորացրեց որոշումների կայացման գործընթացից հեռացված լինելու զգացումը։ Այդ գործընթացն այժմ հիմնականում կենտրոնացած է համայնքի կենտրոնում և հաճախ ընկալվում է որպես առօրյա կյանքից կտրված։
2025 թվականին «Սոցիալական երկխոսություն» ՀԿ-ն ԵՄ-ի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ հավակնոտ ծրագիր նախաձեռնեց՝ նպատակ ունենալով կամուրջ ստեղծել տեղական իշխանությունների և համայնքի երիտասարդ քաղաքացիների միջև։ «Չնայած մեր համայնքապետարանը հաճախ է փորձում երիտասարդների ներգրավել, բայց այդ աշխատանքները հաճախ պայմանավորված են ինստիտուցիոնալ առաջնահերթություններով»,- բացատրում է նախագծի ղեկավար Անի Սարիբեկյանը․ «Մյուս կողմից, ՀԿ-ները երիտասարդների մասնակցությամբ նախաձեռնություններ մշակելիս ավելի ճկուն, ստեղծագործ և համայնքակենտրոն են»։«Սոցիալական երկխոսություն» ՀԿ-ն որդեգրեց գործնական մոտեցում:
Հարակից բնակավայրերից 16-30 տարեկան շուրջ հիսուն երիտասարդներ, որոնց մեծ մասը նախկինում քաղաքացիական գործունեության փորձ չուներ, մասնակցեցին տեղական ինքնակառավարման խորացված դասընթացների, որոնց ընթացքում ուսումնասիրեցին, թե ինչպես են կայացվում որոշումները, ձևավորվում և ծախսվում համայնքային բյուջեները, որն է համայնքի ղեկավարի դերն ու լիազորությունները, վարչական շրջանների ղեկավարների պարտականությունները, ավագանու գործառույթները, ինչպես նաև համայնքի բնակիչների իրավունքներն ու պարտականությունները։ Շարքը եզրափակվեց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի հետ հանդիպմամբ, որի ընթացքում նա պատասխանեց մասնակիցների հարցերին և լսեց երիտասարդների առաջարկները։
21-ամյա նորատուսցի Մարիետա Դավթյանը տնտեսագիտություն է սովորում Գավառի պետական համալսարանում: «Համայնքային բյուջեն հատկապես հետաքրքիր էր ինձ համար»,- ասում է նա: «Ես իմացա, թե ինչպես է այն ձևավորվում, ինչպես են ֆինանսական միջոցները բաշխվում տարբեր ծրագրերի միջև և սահմանվում առաջնահերթությունները: Դա օգնեց ինձ ավելի լավ վերլուծել համայնքի միջոցները և մտածել, թե ինչպես դրանք կարելի է ավելի արդյունավետ բաշխել»:

Այս գիտելիքները հետագայում կիրառվեցին գործնականում։ Առավել մոտիվացված տասներկու մասնակիցներ ներգրավվեցին Գավառի համայնքապետարանի առօրյա աշխատանքներում, որտեղ նրանք կարողացան ներսից տեսնել, թե ինչպես է գործում տեղական ինքնակառավարումը։
Դիտորդներից մինչև ակտիվ մասնակիցներ
Տաս օր շարունակ ծրագրի մասնակիցները համայնքային աշխատակազմի հետ կիսում էին իրենց պարտականությունները, մասնակցում ավագանու նիստերին, բարձրաձայնում հարցեր և ներկայացնում կոնկրետ առաջարկներ։ Դրանցից էին, օրինակ, համայնքի բյուջեի և ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունն ավելի մատչելի ձևով ներկայացնելը՝ դիագրամների և ինֆոգրաֆիկաների միջոցով, ինչպես նաև առաջարկներ՝ համայնքային մշակութային կյանքի, զբոսաշրջության զարգացման, կանաչապատման տարածքների ընտրության և զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհների բարելավման վերաբերյալ։
«Համայնքային պաշտոնյայի դերում լինելն արժեքավոր հնարավորություն էր ինձ համար», — ասում է Թագուհի Թադևոսյանը։ «Մենք կարողացանք լիարժեք դրսևորել մեր կարողությունները և որոշակի դեր ունենալ մեր համայնքում։ Դա նաև մեծապես ազդեց իմ մասնագիտական զարգացման վրա»։
Համայնքապետարանի աշխատակիցները նույնպես ակտիվ դեր են խաղացել գործընթացում՝ երիտասարդներին ներգրավելով փաստաթղթաշրջանառության, կազմակերպչական և վերլուծական աշխատանքներում, ինչպես նաև փոխանցելով իրենց գործնական փորձը։ «Երիտասարդները նոր գաղափարներ և թարմ մոտեցումներ են բերում համայնքային կառավարման գործընթաց, մինչդեռ նրանց մասնակցությունը նպաստում է պատասխանատու քաղաքացիների և ապագա տեղական առաջնորդների նոր սերնդի ձևավորմանը»,- ասում է Գավառ համայնքի ղեկավարի օգնական Հռիփսիմե Զանգիզորյանը։
Նույնիսկ պրակտիկայի ավարտից հետո երիտասարդներից շատերը շարունակում են ներգրավված մնալ համայնքային աշխատանքներում: Ոմանք շարունակում են մասնակցել համայնքային միջոցառումներին, մինչդեռ մյուսները միացել են Գավառի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում գործող մշտադիտարկման խմբին՝ նպաստելով համայնքայինբյուջետավորման գործընթացների թափանցիկությանը և հաշվետվողականությանը: Թագուհու համար փորձը շարունակվեց համայնքապետարանի գնումների բաժնում կամավորական աշխատանքի միջոցով: Այնուհետև հաջորդեց ավելի համարձակ քայլ. Թագուհին բացեց իր սեփական տեղական զարգացման ուսումնական կենտրոնը՝ դառնալով իրական օրինակ այն բանի, թե ինչպես ՀԿ-ի աշխատանքը կարող է օգնել երիտասարդներին իրենց համայնքներում պասիվ դիտորդի դերից անցնել ակտիվ մասնակցության։
Երիտասարդներ, որոնք վերափոխում են համայնքը
Աշխատանքը չսահմանափակվեց համայնքապետարանի ներսում, այլ շարունակվեց և տարածվեց համայնքի տարբեր հատվածներում։ «Սոցիալական երկխոսություն» ՀԿ-ն կազմակերպեց հանրային մրցույթ, որտեղ 50 երիտասարդներ ներկայացրին համայնքի զարգացման վերաբերյալ գաղափարներ։ Նախաձեռնությունները գնահատեց համայնքապետարանի աշխատակիցներից և ՀԿ ներկայացուցիչներից կազմված ժյուրին, մինչդեռ համայնքի բնակիչներն իրենց կարծիքը հայտնեցին սոցիալական ցանցերում անցկացված առցանց քվեարկության միջոցով։ Երեք հաղթողները ֆինանսական աջակցություն ստացան իրենց նախաձեռնություններն իրականացնելու համար։
Դրանցից մեկը Մարիետա Դավթյանի «Ընթերցողների անկյուն» նախաձեռնությունն էր, որն իրականացվեց Նորատուսի գրադարանում։ Երբեմնի դատարկ տարածքը վերածվեց հյուրընկալ մշակութային անկյունի՝ գրապահարաններով, բազմոցներով, սեղաններով, աթոռներով և նոր գրքերով, ինչն ամբողջությամբ նախագծվել և իրականացվել էր երիտասարդների կողմից։ «Նախաձեռնությունը ոչ միայն վերափոխեց գրադարանի տարածքը, այլև ցույց տվեց, որ երիտասարդները կարող են իրական փոփոխություններ բերել իրենց համայնք»,- ասում է Մարիետան։
Փոփոխությունը հնարավոր է
ՀԿ-ի գործունեության ազդեցությունը նկատելի դարձավ նաև կարևոր այլ ուղղություններով։Երիտասարդները նկարահանեցին տեղեկատվական տեսանյութեր տեղական ինքնակառավարման, մասնակցային բյուջետավորման և քաղաքացիական իրավունքների մասին, որոնք տարածվեցին սոցիալական ցանցերում և հեռարձակվեցին տեղական հեռուստատեսությամբ։ Իրենց փորձը հասակակիցների հետ կիսելով՝ մասնակցությունն աստիճանաբար ընդլայնվեց՝ գերազանցելով սկզբնական 50 երիտասարդների շրջանակը և ներգրավելով նորանոր մասնակիցների:
«Այս փորձի հիման վրա մենք շարունակեցինք «Ակտիվ քաղաքացիական կրթության ակումբները» գործընկեր չորս դպրոցներում»,- ասում է ծրագրի համակարգող Լենա Գոհարյանը։ «Նպատակն է զարգացնել երիտասարդների հմտությունները, առաջնորդությունը, հաղորդակցությունը, ռեսուրսների մոբիլիզացիան, թիմային աշխատանքը և քննադատական մտածողությունը, ինչպես նաև ամրապնդել տեղական իշխանությունների հետ շարունակական համագործակցությունը»։
Մինչ Հայաստանը մոտենում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, Գավառի երիտասարդների փորձառությունը հիշեցնում է, որ ժողովրդավարությունն ընտրության օրը չի մեկնարկում։ Այն սկսվում է շատ ավելի վաղ, երբ երիտասարդ քաղաքացիներն առաջին անգամ գիտակցում են, որ իրենց ձայնը կարևոր է, որ իրենց մասնակցությունը կարող է փոփոխություն բերել և իրենց համայնքն ավելի ուժեղ է, երբ նրանք որոշում են լինել դրա մի մասը։





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,