Արևելյան գործընկերության ստարտափները  ClimateLaunchpad միջոցառման շրջանակներում ցուցադրել են մաքուր տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորամուծությունները
24 Ապրիլի, 2020

Արևելյան գործընկերության ստարտափները ClimateLaunchpad միջոցառման շրջանակներում ցուցադրել են մաքուր տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորամուծությունները


Նոյեմբերի 14-ին և 15-ին Ամստերդամում (Նիդերլանդներ) անցկացվեց «կանաչ» բիզնես գաղափարների աշխարհի խոշորագույն մրցույթի 2019 թվականի համաշխարհային եզրափակիչը: ClimateLaunchpad անվամբ հայտնի մրցույթը, որն անցկացվում է ԵՄ աջակցությամբ, ճանաչման է արժանացնում այն ընկերություններին, որոնք ունեն ամենամեծ ներուժը` իրենց էներգաարդյունավետ լուծումներով կլիմայի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարի համար:

Տակդիրները՝ որպես վառելիք

Այս տարի ներկայացված էին ռեկորդային թվով ձեռնարկատերեր. 53 երկրներում անցկացված ազգային մրցույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ, ընդունվել էր 2601 դիմում: Ստարտափների թվաքանակն այնուհետև կրճատվել էր մինչև 131-ի, որոնցից յուրաքանչյուրն Ամստերդամում ներկայացված էր առնվազն երկու ներկայացուցիչով:

Մաքուր վառելիքի ստացման ուղղությամբ աշխատող քենիական Leafy Ke ստարտափը հայտարարվեց այս տարվա մրցույթի բացարձակ հաղթող: Նշված ստարտափի նորամուծությամբ օգտագործված տակդիրները վերածվում են տնային օգտագործման վառելիքի:

Բացի այդ, աչքի են ընկել նաև Արևելյան գործընկերության մի շարք երկրների ներկայացուցիչներ. մասնավորապես ուկրաինական մի ստարտափ ընդգրկվել է եզրափակիչ փուլ անցած 16 մասնակիցների թվում, ինչի շնորհիվ այն դարձել է մաքուր տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի լավագույն ստարտափներից մեկը:

Ածխաթթու գազը՝ հանուն բույսերի արագ աճի

Այս տարվա մարտին Կիևում հիմնադրված Carbominer ստարտափն առաջարկում է ածխաթթու գազի որսման լուծում, որն ուղղված է բավարարելու ջերմոցային տնտեսությունների օպերատորների՝ էժան և էկոլոգիապես մաքուր ածխաթթու գազի (CO2) կարիքը:

«Որպես հինգ երեխաների հայր՝ ես անհանգստացած էի, թե ինչպես կարող է ածխաթթու գազի մակարդակի բարձրացումն ալերգիա առաջացնել մերօրյա բնակչության շրջանում: Լինելով ճարտարագետ՝ ես կնոջս պատմեցի մեր երեխաների ննջասենյակում ածխածնի որսման փոքր սարք ստեղծելու մասին՝ նրանց օրգանիզմ ներթափանցող ածխածնի երկօքսիդի քանակը նվազեցնելու համար: Առաջին նախատիպն ապացուցեց հայեցակարգը, և մենք շուտով սկսեցինք մտածել այն մասին, թե ինչպես կարելի է մեր որսման տեխնոլոգիան օգտագործել այլ եղանակներով», – ասում է Carbominer-ի գործադիր տնօրեն Նիկ Օսեյկոն:

  • ClimateLaunchpad, Amsterdam
  • Kenyan startup “Leafy Ke”
  • ClimateLaunchpad, Amsterdam

Հաջորդիվ առաջացավ բույսերի աճեցման գործընթացում ածխաթթու գազի որսման համար նմանատիպ սարքի մշակման գաղափարը, և շուտով ծնվեց Carbominer-ը:

Նիկը, նրա դուստրը՝ Վիկան, ինչպես նաև նրա բիզնես գործընկեր Մայքլն արդեն իսկ մշակել են  մի նախատիպ, որն ավելի փոքր է, առավել կոմպակտ է և, ինչը խիստ կարևոր է, շատ ավելի էժան է, քան իրենց մրցակիցների համանման լուծումները: Ուկրաինայում գործող բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ արդեն իսկ ցանկություն են հայտնել ածխաթթու գազի որսման սարք ձեռք բերել Carbominer-ից, քանի որ այն կարող է բարձրացնել բույսերի աճը մինչև 30-40%-ով՝ նշանակալիորեն մեծացնելով իրենց եկամուտները:

Գործընկերները նախատեսում են մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը մշակել արդյունաբերական մասշտաբի նախատիպ: Հետևեք թարմացումներին:

Արևելյան գործընկերության նոր այլ ուշագրավ ձեռնարկներ

Ամստերդամում ներկայացված մեկ այլ ստարտափ էլ Մոլդովան ներկայացնող Nida-ն էր: Այս թիմը ներկայացել էր կոպտոնից (խաղողի մնացուկ) միանգամյա օգտագործման բաժակների և ափսեների պատրաստման նորարարական գաղափարով:

  • Ukrainian startup “Carbominer”

«Մոլդովան առաջատար գինեգործական երկրներից մեկն է աշխարհում, բայց խաղողի թափոնների զգալի մասը մնում է դաշտերում: Մեր գաղափարի նպատակը նշված տեսակի թափոնից բաժակներ և ափսեներ պատրաստելն ու այնուհետև դրանք սրճարաններին վաճառելն է», – ասում է Nida-ի բիզնեսի զարգացման գծով պատասխանատու Դանիելա Լուկան:

Nida-ի նորամուծությունը տպավորիչ է, քանի որ այն ունի կարևոր գլոբալ հիմնախնդրի լուծման ներուժ, այն է՝ պլաստիկից մեր կախվածությունը և դրա չափից շատ օգտագործումը:

Քամու որսում

Ադրբեջանական Airflec ստարտափը, միաժամանակ, մշակում է խելացի սարք, որը նախատեսված է մեքենայի բեռնախցիկի վրա տեղադրման համար: Այն որսում է քամու ուժը՝ լրացուցիչ էլեկտրաէներգիա արտադրելով մեքենայի ընթացքի ժամանակ: Այս լրացուցիչ էներգիան մինչև 10%-ով մեծացնում է շարժման երկարությունն ու նվազեցնում լիցքավորման ժամանակը:

  • Startup from Moldova, Nida
  • Aydan Gadirzade, Azerbaijani startup “Airflec”

«Սարքը չի խոչընդոտում մեքենայի աերոդինամիկային, և երբ վարորդը գործի է դնում արագացուցիչը, այն, ըստ էության, ստիպում է, որպեսզի մեքենան իջեցնի իր արագությունը: Նույնիսկ երբ մեքենան կայանված է, սարքն արձագանքում է քամու ցանկացած տեսակի առկայությանն՝ այն վերածելով էլեկտրաէներգիայի», – ասում է Airflec-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Այդան Գադիրզադեն:

Առևտրայնացման համար վերջնական արտադրանքը պատրաստ կլինի հաջորդ տարվա ընթացքում՝ աերոդինամիկ խողովակի փորձարկումների ավարտվելուն պես:

Խելացի և մաքուր համակարգ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արևային վահանակների պատշաճ գործառնության համար անհրաժեշտ է դրանք պարբերաբար մաքրել, վրացական Irnero ընկերությունը մշակել է արևային վահանակների խելացի ինքնամաքրման ոչ թանկ համակարգ՝ առանց մարդկային ներգրավվածության անհրաժեշտության: Համակարգը կարող է տեղադրվել ամենուր, որտեղ գտնվում են արևային վահանակները, և կարող է գործարկվել բջջային հավելվածի միջոցով:

«Մեր նորարարությունը կատարյալ լուծում է դժվար հասանելի վայրերում օգտագործման համար, որոնք մաքրելը հեշտ չէ: Դրա խելացի էլեկտրոնային համակարգը հայտնաբերում է, թե երբ է վահանակը կեղտոտ, և ինքնաբերաբար մաքրում է այն: Այն զերծ է պահում վահանակները մաքրելու համար թանկարժեք աշխատուժի հետ կապվելու անհրաժեշտությունից», – բացատրում է Irnero-ի հիմնադիր Լուկա Պաճկորիան:

Irnero-ն արդեն իսկ համագործակցության համաձայնագիր ունի տարածաշրջանում արևային վահանակների խոշորագույն արտադրողի հետ և շուտով կանցնի զանգվածային արտադրության:

Կենսաջրածնի ստացում՝ թափոններից

Վերջապես, հայկական մի ընկերություն գինու, սուրճի և գարեջրի մնացորդներից կենսաջրածնի ստացման մեթոդ է մշակել: Վերջնական արտադրանքը չի աղտոտում շրջակա միջավայրը և հանդիսանում է էներգիայի վերականգնվող աղբյուր: Կենսաջրածնի արտադրության այլ գործընթացների համեմատությամբ, օգտագործվող տեխնոլոգիան 100%-ով հիմնված է թափոնների վրա, իսկ արտադրության ընթացքում բարձր ջերմաստիճանի անհրաժեշտություն չկա:

Հնարավո՞ր է արդյոք, որ հաջորդ տարի դուք հայտնվեք նրանց տեղում

ClimateLaunchpad ծրագիրը բաղկացած է չորս փուլից. ուսումնական ճամբար, ինտենսիվ դասընթաց, ազգային եզրափակիչներ և համաշխարհային գրանդ եզրափակիչ: Ձեռնարկատերերը կամ ստարտափները կարող են հայտ ներկայացնել իրենց երկրներում, իսկ այդ երկրներից յուրաքանչյուրից կընտրվեն առնվազն յոթ նորարարություններ: Այնուհետև դրանք կմասնակցեն երկօրյա ուսումնական ճամբարի, որին կհաջորդեն վեց ինտենսիվ դասընթացներ` իրենց ներկայացման ու բիզնեսի մոդելի կատարելագործման համար: Աշխարհի շուրջ 70 վայրերում անցկացվող այս դասընթացներին մասնակցում են տվյալ համայնքների ներկայացուցիչ – դասընթացավարներ՝ ԵՄ-ի աջակցությամբ գործող EIT Climate-KIC կազմակերպության կողմից: ClimateLaunchpad-ի հետևում կանգնած է հենց նշված կազմակերպությունը:

  • Luka Patchkoria, Georgian startup “Irnero”

Հաջորդիվ թիմերը պատրաստ կլինեն ներկայանալ ազգային եզրափակչի ժյուրիի առջև: Ի վերջո, ազգային եզրափակիչների բոլոր հաղթողները հնարավորություն կստանան մրցելու համաշխարհային գրանդ եզրափակչի շրջանակներում, որի անցկացման վայրն ամեն տարի փոխվում է:

Խնդիրների լուծում

ClimateLaunchpad-ի դասընթացավարներից մեկը պրն. Ռոն Բլումերսն է, ով մաքուր տեխնոլոգիաների, վերականգնվող աղբյուրների և ստարտափների ոլորտներում աշխատանքի 25 տարվա փորձ ունի:

«ClimateLaunchpad-ի ընթացքում մենք սովորաբար հանդիպում ենք երկու համահիմնադիրների՝ իրենց գաղափարով: Մենք նրանց համար հիմք ենք ապահովում՝ իրենց գաղափարները ստարտափի վերածելու համար, և ծանոթացնում ենք ձեռներեցության հիմունքների հետ», – ասում է նա:

Բլումերսը որոշ խորհուրդներ ունի նաև մաքուր տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ձեռնարկատերերի համար: «Առաջին երկու տարիների ընթացքում դուք անընդհատ բախվելու եք նորանոր խնդիրների. դա ինքնին այդպես է: Հաջողությունը կախված է նրանից, թե դուք որքան արագ կարող եք լուծել այդ խնդիրները»:

Գլոբալ եզրափակչի հաղթողները ստացան դրամական մրցանակներ, իսկ եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Carbominer-ը, հաջորդիվ կներգրավվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատերերի համար նախատեսված արագացուցիչ ծրագրում, որն իրականացվում է EIT Climate-KIC-ի կողմից:

Քայլ առ քայլ

ClimateLaunchpad-ը 2014 թ.-ին ստեղծել է մաքուր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարակատեր Ֆրանս Նաուտան: Նրա մանտրան շատ պարզ էր. եթե ցանկանում եք բարդ խնդիր լուծել, ապա այն հանձնարարեք ձեռնարկատերերին և լուծեք այն քայլ առ քայլ: Սա հանգեցրեց նրան, որ ClimateLaunchpad-ի նշանաբանը դարձավ հետևյալ արտահայտությունը. «մեկ ստարտափի միջոցով կլիմայի փոփոխության խնդրի միանգամից լուծում»:

  • ClimateLaunchpad, Amsterdam
  • ClimateLaunchpad, Amsterdam
  • ClimateLaunchpad, Amsterdam

Եզրափակիչ անցած բոլոր մասնակիցների մասին հավելյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մտածու՞մ եք դիմել: Ազգային կոնտակտային տվյալների ցանկին ծանոթացեք այստեղ:

Հեղինակ ՝ Թոմ Օ’Քոնել



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,