Շառլ Միշել. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հստակ առաջընթաց է գրանցվել հարաբերությունների կարգավորման ճանապարհին
16 Մայիսի, 2023

Շառլ Միշել. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հստակ առաջընթաց է գրանցվել հարաբերությունների կարգավորման ճանապարհին


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մայիսի 14-ին Բրյուսելում հինգերորդ եռակողմ հանդիպումն է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի հետ։

Ղեկավարները կենտրոնացել են առաջընթացի վրա՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Նրանք կիսում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։

Սահմանային հարցերում կողմերը վերանայել են առաջընթացը եւ սահմանի սահմանազատման հետ կապված հաջորդ քայլերը։ Նրանք պայմանավորվել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման վերաբերյալ։ Ղեկավարները վերահատատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին եւ Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) ու Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։

Ըստ Շառլ Միշելի՝ կողմերը «հստակ առաջընթաց» են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ «Այս թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումներն արդեն միմյանց մոտ են, մասնավորապես՝ Նախիջեւանի հետ եւ այդ հատվածով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում»,- հանդիպումից հետո իր հայտարարության մեջ նշել է նախագահ Միշելը՝ հավելելով. «Նրանց համապատասխան խմբերին հանձնարարվել է վերջնական տեսքի բերել համաձայնագիր երկաթուղային հաղորդակցության վերականգնման պայմանների եւ համատեղ շինարարական աշխատանքների մասին՝ կոնկրետ գրաֆիկով»։

Անդրադառնալով հումանիտար հարցերին՝ Միշելն ընդգծել է, որ եղել է հասկացվածություն, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն մնացած պահվող անձինք։ «Ես նաեւ ընդգծել եմ փոխհասկացվածության պահպանման անհրաժեշտությունն առ այն, որ զինծառայողները, որոնք պարզապես մոլորվել եւ հակառակ կողմ են անցել, արագացված կարգով կշարունակեն ազատ արձակվել»,- ասել է Միշելը։

Միշելը նաեւ Ադրբեջանին կոչ է արել միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մշակել պոզիտիվ օրակարգ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։

Ղեկավարները կրկին կհանդիպեն հունիսի սկզբին՝ Քիշնեւում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում, եւ հուլիսին՝ Բրյուսելում։ Միշելը երկու երկրների ղեկավարներին հրավիրել է նմանատիպ եւս մեկ հանդիպում անցկացնել Եվրոպական քաղաքական հանրության երրորդ գագաթնաժողովի շրջանակում, որը կկայանա հոկտեմբերին Գրանադայում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,