Լեռնային Ղարաբաղ. ԵՄ-ը հայտարարում է, որ քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը կստանա խիստ արձագանք
Reuters
22 Սեպտեմբերի, 2023

Լեռնային Ղարաբաղ. ԵՄ-ը հայտարարում է, որ քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը կստանա խիստ արձագանք


Սեպտեմբերի 21-ին Եվրոպական միությունը դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ եւ ցավ հայտնել այս էսկալացիայի հետեւանքով տեղի ունեցած զոհերի եւ մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ։

ԵՄ-ը նաեւ հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել հրադադարի վերաբերյալ համապատասխան հայտարարությունները եւ ակնկալում է, որ «մարտական գործողություններն անհապաղ եւ ամբողջական կերպով կդադարեցվեն, ինչպես նաեւ  կպահպանվի հրադադարը»։

Եվրոպական միությունը կոչ է արել Ադրբեջանին թույլատրել անհապաղ եւ անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն կարիքի մեջ գտնվող բնակչության համար, այդ թվում՝ ամբողջպես վերաբացելով Լաչինի միջանցքը.

«Մարդասիրական դերակատարները պետք է ազատորեն գործելու հնարավորություն ունենան: Եվրոպական միությունը եւ ԵՄ անդամ պետությունները պատրաստ են ցուցաբերել հրատապ մարդասիրական օգնություն»,- ասվում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) հայտարարության մեջ։

Եվրոպական միությունը նաեւ կոչ է արել Բաքվին եւ Ղարաբաղի հայերին «անհապաղ ներգրավվել համապարփակ եւ թափանցիկ երկխոսության մեջ»։

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու լիարժեք հարգանքը Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների նկատմամբ, ներառյալ՝ իրենց տներում առանց ահաբեկման կամ խտրականության ապրելու իրենց իրավունքը: Ռազմական կամ այլ ուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը կստանա Եվրոպական միության խիստ արձագանքը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Եվրոպական միությունը վերահաստատել է իր աջակցությունը՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ կոչ է արել Ադրբեջանին վերահաստատել իր անվերապահ հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։

Եվրոպական միությունը կոչ է արել վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր առկա հարցերի շուրջ՝ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով եւ նշել, որ շարունակում է իր լիարժեք հանձնառությունն՝ աջակցելու այդ բանակցություններին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,