Եվրոպական միությունը 8.55 մլն եվրո է հատկացրել Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումներին
8 Մայիսի, 2026

Եվրոպական միությունը 8.55 մլն եվրո է հատկացրել Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումներին


Եվրոպական հանձնաժողովը 8.55 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին՝ «ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում մինչ օրս ձեռք բերված արդյունքների գնահատումից հետո։ Այս մասին ապրիլի 30-ին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

Երեւանում կայացած միջոցառման ընթացքում արդյունքները համատեղ ներկայացրեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Եվրոպական միության պատվիրակությունը։

Գնահատման համաձայն՝ Սյունիքի մարզի Կապան եւ Գորիս համայնքների ընտրված 13 դպրոցում արդեն իրականացվել են շինարարական եւ հիմնանորոգման աշխատանքներ՝ ապահովելով 2025 թվականի համար սահմանված թիրախների ավելի քան կեսի իրականացումը։

Դպրոցների կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ եւս գրանցվել է զգալի առաջընթաց։ Պետական հանրակրթական դպրոցների շուրջ 50 տոկոսն անցել են կառավարման նոր համակարգի, իսկ 346 տնօրեն նշանակվել է մասնագիտական հանձնաժողովների առաջարկությամբ՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու մասնագիտական բարձր չափանիշները։

Բազմահամակազմ դասարանների արդյունավետ կազմակերպման նպատակով ներդրվել է ֆինանսավորման նոր մեխանիզմ, որի շնորհիվ այս ուղղությամբ սահմանված թիրախային արդյունքն ամբողջությամբ ապահովվել է։

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ, STEM) կրթության զարգացման նպատակով Արարատի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 231 դպրոց համալրվել է ժամանակակից լաբորատորիաներով՝ ապահովելով ծրագրի թիրախային ցուցանիշների կատարումը։

Միեւնույն ժամանակ, շուրջ 9000 ուսուցիչներ վերապատրաստվել են նոր կրթական չափորոշիչներին համապատասխան՝ այս ուղղությամբ եւս ապահովելով թիրախային նպատակի լիարժեք իրականացումը։

Մասնագիտական կողմնորոշման ծրագրերը ներդրվել են ՀՀ բոլոր դպրոցներում՝ ընդգրկելով 8-11-րդ դասարանները՝ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը եւ հետագա կրթության գիտակցված ընտրությանը։

Կրթության բովանդակության արդիականացման շրջանակում դպրոցական նախագծերի շուրջ 27 տոկոսը նվիրված է կանաչ տնտեսության եւ կլիմայական փոփոխությունների թեմաներին։

Բացի այդ, ՀՀ դպրոցներում ներդրվել է գնահատման նոր համակարգը։

Ներկայացնելով գնահատման արդյունքները՝ ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատեց իր հանձնառությունը՝ շարունակելու կրթական բարեփոխումները՝ ապահովելով որակյալ, ներառական եւ ժամանակակից կրթություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,