Եվրոպական միությունն ու Հայաստանը հաստատել են նոր ռազմավարական օրակարգ՝ գործընկերության խորացման նպատակով
5 Դեկտեմբերի, 2025

Եվրոպական միությունն ու Հայաստանը հաստատել են նոր ռազմավարական օրակարգ՝ գործընկերության խորացման նպատակով


Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունը դեկտեմբերի 2-ին ընդունել են ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։

Փաստաթուղթը հավանության է արժանացել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի կողմից՝ փոխարինելով 2017թ. Գործընկերության առաջնահերթություններին եւ ձեւավորելով ավելի հավակնոտ ու համապարփակ շրջանակ համատեղ գործողությունների համար։

ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) հիման վրա մշակված ռազմավարական օրակարգն արձագանքում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ կապերը խորացնելու հայտին։ 

Փաստաթուղթն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ, մասնավորապես՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, արդարադատության բարեփոխումներ, մարդու իրավունքներ, սոցիալ-տնտեսական զարգացում, կապիտալի շուկա, էներգետիկ անվտանգություն, թվային փոխակերպում, առեւտրի դիվերսիֆիկացում, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցություն։

Օրակարգի հենասյունային ուղղություններից է միակցվածությունը, որն ընդգծում է Հայաստանի, տարածաշրջանի եւ ԵՄ-ի միջեւ տրանսպորտային, թվային եւ էներգետիկ կապերի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի կարեւորությունը։ 

«Հարավային Կովկասում կա խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն։ Տարածաշրջանում կայունությունը մեր առեւտուրը դիվերսիֆիկացնելու բանալին է», — ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Փաստաթուղթը շեշտում է «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում իրականացվող ռազմավարական ներդրումները եւ աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, որը միտված է ուժեղացնել տարածաշրջանային կապերը, բարձրացնել տնտեսական դիմակայունությունը եւ բացել նոր հնարավորություններ առեւտրի ու շարժունակության համար։

Ռազմավարական օրակարգը սահմանում է կարճաժամկետ (3-4 տարի) եւ միջնաժամկետ (7 տարի) առաջնահերթություններ, որոնք ուղղված են քաղաքացիների համար իրական եւ շոշափելի օգուտներ ապահովելու, ինչպես նաեւ բարդ տարածաշրջանային միջավայրում Հայաստանի դիմակայունությանը նպաստելու նպատակներին։ 

Այն վերահաստատում է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին՝ այդ թվում՝ Դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցության եւ ֆինանսական օժանդակության միջոցով։

Ռազմավարական օրակարգում շեշտադրված է նաեւ շարժունակության կարեւորությունը՝ հատկապես ընթացիկ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության համատեքստում, ինչպես նաեւ աջակցությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալական եւ տնտեսական ներառմանը։ Այն ամրապնդում է անվտանգության, ճգնաժամերի կառավարման, հիբրիդային սպառնալիքների եւ կիբերդիմակայունության ոլորտների շուրջ համագործակցությունը՝ միաժամանակ վերահաստատելով ԵՄ-ի լիակատար աջակցությունը տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

Օրակարգը հաստատում է ընդհանուր արժեքները առաջ մղելու, կայունությունն ու բարգավաճումը խթանելու եւ երկու կողմերի քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ապահովելու նպատակով Հայաստանի, նրա քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների հետ սերտորեն համագործակցելու ԵՄ պատրաստակամությունը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,