Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը
9 Դեկտեմբերի, 2022

Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը


Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Հանձնաժողովն առաջարկում է Եվրամիության պատժամիջոցների ցանկում ավելացնել գրեթե 200 լրացուցիչ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների անուններ: Դրանց թվում են Ռուսաստանի զինված ուժերը, ինչպես նաև առանձին սպաներ և ռազմարդյունաբերական ընկերություններ, Պետդումայի և Դաշնային խորհրդի անդամներ, նախարարներ, նահանգապետեր և կուսակցություններ:

«Այս ցանկը ներառում է Ռուսաստանի դաժան և կանխամտածված հրթիռային հարվածների, ուկրաինացի երեխաների առևանգման և ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների գողության համար պատասխանատու առանցքային դեմքերին»,- ասվում է Հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:

Երկրորդ՝ Հանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ևս երեք ռուսական բանկերի նկատմամբ, այդ թվում՝ արգելելով բոլոր տեսակի գործարքները Տարածաշրջանների զարգացման համառուսաստանյան բանկի համար՝ «Պուտինի դրամարկղային մեքենան էլ ավելի կաթվածահար անելու համար»։

Երրորդ՝ Հանձնաժողովն առաջարկում է մտցնել արտահանման նոր հսկողություն և սահմանափակումներ, մասնավորապես՝ երկակի նշանակության ապրանքների համար։ Սա ներառում է ռուսական ռազմական մեքենայի կողմից հնարավոր օգտագործման ենթակա հիմնական քիմիական նյութերը, նյարդապարալիտիկ նյութերը, էլեկտրոնային և ՏՏ բաղադրիչները։

Չորրորդ՝ պատժամիջոցները կկտրեն Ռուսաստանի հասանելիությունը բոլոր տեսակի դրոնների և անօդաչու թռչող սարքերի նկատմամբ: Հանձնաժողովն առաջարկում է արգելել ԱԹՍ շարժիչների ուղղակի արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև ցանկացած երրորդ երկիր, որը կարող է անօդաչու սարքեր մատակարարել Ռուսաստանին, օրինակ՝ Իրան։

Ռուսաստանի էներգետիկ և հանքարդյունաբերական հատվածների դեմ առաջարկվող տնտեսական միջոցառումները ներառում են Ռուսաստանում նոր հանքարդյունաբերական ներդրումների արգելքը:

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ Հանձնաժողովը նպատակ ունի թիրախավորել ռուսական քարոզչամեքենան՝ եթերազրկելով ևս չորս ալիքներ և տարածման բոլոր մյուս հարթակները։

Նա հավելել է, որ այս փաթեթը լրացնում է ծովով ՌԴ նավթի ԵՄ ներմուծման ամբողջական արգելքը, որն ուժի մեջ է մտել այս շաբաթ, ինչպես նաև «Մեծ յոթնյակ»-ի կողմից համաձայնեցված՝ նավթի համաշխարհային գնի սահմանաչափի մասին որոշումը:

«Ռուսաստանը շարունակում է մահ ու ավերածություններ բերել Ուկրաինա։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և կստիպենք Ռուսաստանին վճարել իր դաժանության համար»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,