ԵՄ-ը եւ Հայաստանը դիտարկում են երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման հեռանկարները
1 Դեկտեմբերի, 2023

ԵՄ-ը եւ Հայաստանը դիտարկում են երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման հեռանկարները


Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստան է այցելել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման եւ ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Այցին միացել էին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (EIB) եւ «Frontex»-ի (Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության) ներկայացուցիչները։

Մասնակիցները քննարկել են համագործակցության հետագա ամրապնդման եւ բարեփոխումների իրականացման ուղիները, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների, հետազոտությունների եւ նորարարության ոլորտներում, այդ թվում՝ ներդրումների միջոցով։

Մտքեր են փոխանակվել առ այն, թե ինչպես լավագույնս օգտագործել ներդրումները՝ տեղահանված Ղարաբաղի հայերի հրատապ կարիքները հասցեագրելու եւ նրանց ինտեգրումը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաեւ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական եւ տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

Եվրոպական միությունը եւ Հայաստանը հետաքրքրված են շարունակել համագործակցությունն արդարադատության եւ ոստիկանության ոլորտների բարեփոխումների ուղղությամբ եւ ամրապնդել համագործակցությունը միգրացիայի եւ շարժունակության ուղղությամբ, ինչպես նաեւ ուսումնասիրել Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության հնարավոր մեկնարկի հեռանկարները:

Կողմերը նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել «Frontex»-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ամրապնդման հնարավոր ուղղությունները ուսումնասիրելու վերաբերյալ։ ԵՄ պատվիրակությունը նշել է, որ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով ՀՀ զինված ուժերին ոչ մահաբեր ձեւաչափի աջակցությունը։  

Այցի կապակցությամբ ազդարարվել է Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։ Հարթակը կմիավորի ԵՄ-ին, Հայաստանի կառավարությանը եւ միջազգային ֆինանսական հաստատություններին եւ կօգնի էլ ավելի մեծացնել ԵՄ ներդրումները Հայաստանում՝ Տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում, որի միջոցով Հայաստանում արդեն իսկ մոբիլիզացվել են մինչեւ 500 միլիոն եվրո ծավալի ներդրումներ։ Հարթակի առաջին հանդիպման ընթացքում ստորագրվել են երկու նոր ծրագրեր՝ ուղղված Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ համագործակցությամբ մանկապարտեզների էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ աջակցությանը հայկական ՓՄՁ-ներին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,