Այսօր Երեւանում տեղի ունեցավ Եվրոպական միություն – Հայաստան առաջին գագաթնաժողովը՝ ամրապնդելով համագործակցությունը կապակցվածության, անվտանգության, պաշտպանության ոլորտներում, ինչպես նաեւ տնտեսական զարգացման եւ մարդկանց միջեւ շփումների ուղղությամբ:
Գագաթնաժողովը հարթակ հանդիսացավ ԵՄ-Հայաստան հարաբերությունների առաջընթացի գնահատման, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ լայնածավալ մարտահրավերների քննարկման համար՝ ներառյալ խաղաղության օրակարգը եւ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը նոր ավելի բարձր մակարդակի է բարձրացնում մեր գործընկերությունը եւ սահմանում է առաջիկա տարիների մեր օրակարգի հստակ ուղղվածությունը: Այս աշխատանքի հիմքում ընկած է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության մեր համատեղ հանձնառությունը։ Առաջիկայում մենք նաեւ կխորացնենք քաղաքական երկխոսությունը, կամրապնդենք տնտեսական կապերը եւ կաշխատենք ավելի անվտանգ, բարեկեցիկ եւ կայուն ապագա կերտելու ուղղությամբ», — նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեցին ԵՄ-Հայաստան կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը։ Լիովին համահունչ լինելով ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգին եւ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ այն կնպաստի առեւտրի խթանմանը, աշխատատեղերի ստեղծմանը, դիմակայունության ամրապնդմանը եւ տարածաշրջանային կայունությանը։ Գործընկերության ինստիտուցիոնալացումը կիրականացվի ՀՀ–ԵՄ կապակցվածության բարձր մակարդակի երկխոսության եւ ՀՀ–ԵՄ բարձր մակարդակի տրանսպորտի երկխոսության միջոցով, որոնք մեկնարկեցին գագաթնաժողովի շրջանակում։
Բացի այդ, տնտեսական աճը խթանելու նպատակով հրապարակվել է Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ հետաքրքրության հայտերի ներկայացման հրավեր, որով ԵՄ-ում, Եվրոպական տնտեսական տարածքում եւ Հայաստանում գրանցված ընկերությունները հրավիրվում են մշակելու երկրում ռազմավարական ներդրումային նախագծեր թվային ենթակառուցվածքների, կիսահաղորդչային հմտությունների զարգացման, նորարարական էկոհամակարգերի եւ մասնավոր ներդրումների մոբիլիզացման ոլորտներում։
Գագաթնաժողովի շրջանակում հանդիսավոր կերպով հայկական կողմին է փոխանցել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը: Զեկույցը հաստատում է արձանագրված դրական առաջընթացը եւ ներկայացնում առաջարկություններ դրա հետագա իրականացման հաջորդ քայլերի վերաբերյալ։
Բացի այդ, առաջնորդները ներկա են գտնվել Եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության (Frontex) եւ Հայաստանի ներքին գործերի նախարարության միջեւ օպերատիվ համագործակցության վերաբերյալ Աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրմանը, որը կխթանի սահմանների եւ միգրացիայի կառավարման ոլորտում համագործակցությունը՝ աջակցելով Հայաստանին մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործում։
Անվտանգության եւ պաշտպանության ոլորտում առաջնորդները ողջունեցին Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության հիմնումը։ Հայաստանի դիմումի հիման վրա ԵՄ-ն կաջակցի երկրի դիմակայունության ամրապնդմանը։ Բացի այդ, Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ զինված ուժերը ստացել են 30 միլիոն եվրոյի հասնող ԵՄ աջակցության առաջին մատակարարումները:
ԵՄ–Հայաստան գործընկերությունը հիմնված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) եւ 2025 թվականի դեկտեմբերին ընդունված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի վրա։ 2024 թվականին հայտարարված՝ Հայաստանի համար 270 միլիոն եվրոյին համարժեք «Դիմակայունություն եւ աճ ծրագիր»-ն աջակցում է երկրում սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը՝ երեք հենասյունային ուղղություններով, մասնավորապես՝ ներդրումներ կատարելով կապակցվածության եւ բիզնեսի զարգացման մեջ, Հայաստանը մոտեցնելով ԵՄ-ին եւ խթանելով դիմակայուն ու ներառական հասարակությանը։
Մայիսի 4-ին եւ 5-ին Երեւանում տեղի ունեցան ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը եւ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումը Հարավային Կովկասում, որին մասնակցեցին գրեթե 40 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ։
Իմացիր ավելին
ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,