ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ` ներառյալ ռուսական նավթի արգելքը և «Սբերբանկ»-ի SWIFT համակարգից անջատումը
1 Հունիսի, 2022

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ` ներառյալ ռուսական նավթի արգելքը և «Սբերբանկ»-ի SWIFT համակարգից անջատումը


Մայիսի 30-ին Եվրոպական խորհուրդը Բրյուսելում կայացած երկօրյա նիստի ժամանակ համաձայնեցրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։

Այն վերաբերում է Ռուսաստանից ԵՄ անդամ երկրներ մատակարարվող հում նավթին, ինչպես նաև նավթամթերքին: Պատժամիջոցներն անմիջապես կազդեն ռուսական նավթի ներկրման 75%-ի վրա, իսկ մինչև տարեվերջ կարգելվի Եվրոպա ներկրվող ռուսական նավթի 90%-ը։

«Սա անմիջապես վերաբերում է Ռուսաստանից ներկրվող նավթի ավելի քան 2/3-ին՝ կրճատելով նրա ռազմական մեքենայի ֆինանսավորման հսկայական աղբյուրը»,- Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հավելելով. «Առավելագույն ճնշում Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար»։

Խորհուրդը համաձայնել է, որ ժամանակավոր բացառություն կարվի խողովակաշարով մատակարարվող հում նավթի համար։ Մատակարարման հանկարծակի ընդհատումների դեպքում կձեռնարկվեն արտակարգ միջոցառումներ մատակարարման անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ Շառլ Միշելի, այս պատժամիջոցների փաթեթը ներառում է այլ կոշտ միջոցներ՝ ռուսաստանյան խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի դե-սվիֆթինգ, ՌԴ ևս երեք պետական հեռարձակողների արգելափակում, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառում։

Եվրոպական միությունը նաև հայտարարել է, որ կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ վերջինիս հումանիտար, իրացվելիության և վերակառուցման կարիքները բավարարելու նպատակով: Խորհուրդը համաձայնել է «աշխատել Ուկրաինային մինչև 9 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ տրամադրելու մեխանիզմի վրա»,- հավելել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Եվրոպական խորհուրդը նաև ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ուղղվող ռազմական աջակցությունն ավելացնելու և Եվրոպական միություն ուկրաինական բոլոր արտահանումների համար մեկ տարով ներմուծման մաքսատուրքերը դադարեցնելու վերջին որոշումները:

Եվրոպական խորհուրդը նաև ընդգծել է Մոլդովային ցանկացած համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ արձագանքելու էներգետիկ և տնտեսական ճգնաժամերին, ինչպես նաև պատերազմի հետևանքով առաջացած միգրացիոն ճնշումներին: Խորհուրդը նաև կրկնել է Բելառուսում բռնաճնշումները դադարեցնելու իր կոչը և հիշեցրել Բելառուսի ժողովրդի նոր, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ժողովրդավարական իրավունքի մասին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Նախագահ Շառլ Միշելի խոսքը Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի առաջին օրվանից հետո

Շառլ Միշելի թվիթերյան գրառումը ռուսական նավթի արգելիք մասին՝

Շառլ Միշելի թվիթերյան գրառումը «Սբերբանկ»-ի դե-սվիֆթինգի մասին՝



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,