COVID-19. Ինչպե՞ս է Եվրոպական միությունն օգնում Հայաստանին համավարակի ժամանակ
10 Մայիսի, 2021

COVID-19. Ինչպե՞ս է Եվրոպական միությունն օգնում Հայաստանին համավարակի ժամանակ


Եվրոպայով մեկ բազմաթիվ երկրներ, վարչատարածքային միավորներ, քաղաքներ և համայնքներ օգնության ձեռք են մեկնում հարևաններին՝ օժանդակություն ցուցաբերելով առավել կարիքավորներին: Սա եվրոպական համերաշխությունն է՝ գործողության մեջ: Եվրոպական միությունը (ԵՄ) համոզված է, որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորն ապահով չեն:

Համավարակի սկսվելուց ի վեր, ԵՄ-ն և նրա «Team Europe» փաթեթը, որը միավորում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների ու միջազգային ֆինանսական հաստատությունների ռեսուրսները, լայնածավալ օգնություն են տրամադրել Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրներին:

Մինչ օրս ավելի քան 3 միլիարդ եվրոյի հրատապ աջակցություն է հատկացվել` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անհապաղ կարիքները հոգալու կամ վերջիններիս ազգային առողջապահական համակարգերին և սոցիալ – տնտեսական վերականգնմանն օժանդակելու համար:
 

Ո՞ւմ է ձեռնտու այս աջակցությունը և ինչպե՞ս

➔ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

ԵՄ-ն ԱլԳ 6 երկրներում առողջապահության հատվածին աջակցելու համար համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ բժշկական սարքավորումներ և անհատական պաշտպանության միջոցներ մատակարարելով «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության միջոցով: Մինչ օրս այս ծրագրի շրջանակներում տրամադրվել են ավելի քան 11 միլիոն միավոր անհատական պաշտպանիչ միջոցներ, 12 000 լաբորատոր հավաքածուներ, ավելի քան 1500 ԹԱՕ սարքեր, թթվածնի խտանյութեր ու զարկերակային օքսիմետրեր և ավելի քան 20 000 ՊՇՌ թեստեր:

➔ ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ

ԵՄ-ն ավելի քան 11 միլիոն եվրոյի ներդրումով աջակցում է ԱլԳ երկրներում հասարակության առավել խոցելի խմբերին: Արևելյան գործընկերության համերաշխության ծրագրի միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հատկացվում են 60 հազար եվրոյի չափով դրամաշնորհներ՝ աջակցելով դրանց անհապաղ կարիքներին, ինչպիսիք են՝ հեռավար ուսուցման կազմակերպման գործում տեղական դպրոցներին աջակցությունը, անկախ լրագրության և դիտորդական նախաձեռնությունների խթանումը:

➔ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍ

ԵՄ-ն սերտորեն համագործակցում է իր անդամ պետությունների և համաշխարհային ֆինանսական հաստատությունների հետ՝ փոքր բիզնեսին և ինքնազբաղվածներին աջակցելու նպատակով: «EU4Business» նախաձեռնության միջոցով ցուցաբերվող աջակցությունը նրանց թույլ է տալիս հեշտությամբ օգտվել տեղական արժույթով վարկերից և դիմել դրամաշնորհների՝ ճգնաժամի ընթացքում և դրանից հետո իրենց բիզնեսը զարգացնելու համար: Այս ամենը մաս է կազմում այն համակարգված աշխատանքի, որն իրականացվում է Եվրամիության, նրա անդամ պետությունների և ֆինանսական հաստատությունների, մասնավորապես՝ Եվրոպական ներդրումային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ռեսուրսները միավորող «Team Europe» նախաձեռնության ներքո:

➔ ԿԱՆԱՅՔ

COVID-19 գլոբալ համավարակի հետևանքով առավել ակնհայտ են դառնում գենդերային անհավասարության դրսևորումները՝ հատկապես տանն աշխատող կանանց նկատմամբ, երբ խոսքը գնում է կենցաղային աշխատանքի և երեխաների, հիվանդների կամ ծերերի խնամքի մասին: ԵՄ-ն օգնություն և հնարավորություններ է տրամադրում ԱլԳ երկրներում ապրող կանանց, ինչի շնորհիվ նրանք կարողանում են կոտրել կարծրատիպերը և օգնել իրենց համայնքներին հաղթահարել բարդ իրավիճակը: Աջակցությունը ներառում է կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին դրամաշնորհների և վարկերի տրամադրում, որակյալ կրթության և ավելի արդար հասարակության խթանման հնարավորություններ:

➔ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻՆՔ

  • ԵՄ-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակումը, արտադրությունը և արդարացի հասանելիությունը արագացնելու համար նախատեսված հեղափոխական համաշխարհային նախաձեռնության՝ COVAX-ի խոշորագույն աջակիցներից մեկն է: Եվրամիության «Team Europe» նախաձեռնությունը «COVAX» մեխանիզմին տրամադրել է ավելի քան 2,47 միլիարդ եվրոյի աջակցություն, որից 1 միլիարդը՝ ԵՄ բյուջեից: Տեղաբաշխման հարցերով COVAX-ի գործընկեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերը հասել են Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա:
  • ԵՄ-ն և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը 2021թ. փետրվարից համատեղ աշխատում են 6 երկրներում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տեղաբաշխման ու պատվաստումներին աջակցելու ուղղությամբ: Երեք տարվա համար 40 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով այս ծրագիրը եվրոպական տարածաշրջանում ԵՄ-ի և ԱՀԿ-ի խոշորագույն համատեղ գործողությունն է, որն ուղղված է պատվաստումներին երկրների պատրաստվածության ամրապնդմանը: Ծրագիրն ուսուցման, խորհրդատվական և նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում ինչպես COVAX-ից, այնպես էլ՝ ԵՄ անդամ պետությունների հետ պատվաստանյութերով կիսվելու մեխանիզմների միջոցով ստացված պատվաստանյութերի լայնածավալ ներդրմանը:
  • COVID-19-ը բուժելու կամ կանխելու համար ԵՄ-ում թույլատրված բոլոր դեղամիջոցներն ու պատվաստանյութերը գիտական գնահատման են ենթարկվում Դեղերի եվրոպական գործակալության (EMA) կողմից և անվտանգության ապահովման խիստ վերահսկողություն են անցնում: ԱՀԿ-ն ԵՄ-ի և ամբողջ աշխարհում մյուս գործընկերների հետ աշխատանք է տանում՝ երաշխավորելու թույլատրված պատվաստանյութերի համար անվտանգության ամենաբարձր չափանիշների պահպանումը: Քննության կամ գնահատման փուլում գտնվող և ԵՄ-ում օգտագործման համար արդեն իսկ թույլատրված COVID-19-ի դեմ պատվաստանյութերին կարող եք ծանոթանալ EMA-ի կայքում, իսկ ԱՀԿ-ից կարող եք իմանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգության մասին վերջին տեղեկությունները:

 

➔ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻՆՔ

COVID-19-ով պայմանավորված առողջապահական ճգնաժամը շարունակում է լայն հնարավորություններ ստեղծել կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվության տարածման համար: Կեղծ տեղեկատվությունը և դավադրության տեսությունները շահագործում են մարդկանց վախերն ու նպաստում պատվաստման առնչությամբ գոյություն ունեցող երկմտությանը՝ ապակողմնորոշող տեղեկություններ տարածելով դրանց կողմնակի ազդեցությունների և ենթադրաբար առնչվող մահվան դեպքերի վերաբերյալ: Արևելյան գործընկերության տարածաշրջանում հիմնական ապատեղեկատվական օրակարգերից մեկը պտտվում է այն պնդման շուրջ, թե Եվրոպայում մշակված պատվաստանյութերը վտանգավոր են: Ապատեղեկատվության դեմ պայքարի ԵՄ առաջատար նախաձեռնությունը՝ EUvsDisinfo արշավը, շարունակաբար մշտադիտարկում և վերլուծում է ԱլԳ երկրներում ապատեղեկատվության տարածումն ու ազդեցությունը: Կարող եք ծանոթանալ COVID-19-ի հետ կապված ապատեղեկատվության բացահայտված դեպքերի ամեն շաբաթ թարմացվող շտեմարանին կամ կարդալ վերլուծական նյութը: EUvsDisinfo-ն նաև վեց կետից բաղկացած ուղեցույց է կազմել հակապատվաստումային դավադրությունների տեսություններին հավատացող անձանց հետ զրույցների համար:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,