Հուլիսի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձեւավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկեցին ՀԸԳՀ կիրարկման գործընթացը եւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընդլայնումը։
Հայաստանը եւ ԵՄ-ն ընդգծեցին ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների հանդեպ հանձնառության վրա։ Ողջունեցին 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կարեւոր հայտարարությունները, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան նոր Գործընկերության օրակարգի վերաբերյալ քաղաքական համաձայնությունը եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկության հաստատումը։
Հայաստանը եւ ԵՄ-ն ողջունեցին նաեւ 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի իրականացման գործընթացը՝ միտված Հայաստանի եւ ԵՄ միջեւ ոլորտային առավել սերտ համագործակցությանը եւ կապակցվածության ու բիզնես ոլորտներում լայնածավալ ներդրումների խթանմանը։
Գործընկերության կոմիտեն դիտարկեց օրենքի գերակայության, արդարադատության ոլորտում բարեփոխումների, իրավապահ համակարգի, մարդու իրավունքների եւ կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ զարգացումները։ ԵՄ-ը գնահատեց Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքներին, ինչպես նաեւ այս ուղղություններով արձանագրված շոշափելի առաջընթացը։ ԵՄ-ն ընդգծեց այս ոլորտներում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունն ու լրացուցիչ քայլերն՝ ուղղված խտրականության բոլոր ձեւերի վերացմանը։ Կողմերն ընդգծեցին որոշումների կայացման եւ հանրային կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության կարեւորությունը։
Հայաստանը եւ ԵՄ-ն քննարկեցին տարածաշրջանային ներառական կապակցվածության խթանման հնարավորությունները, տնտեսության դիվերսիֆիկացիայի ու փոխադարձ առեւտրի ընդլայնման ուղղությունները, թվային եւ կանաչ փոխակերպումների արագացման ճանապարհները, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը, ինչպես նաեւ կլիմայական գործողությունների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։
Արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության համատեքստում կողմերը ողջունեցին ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վերջերս ստորագրված համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններին եւ գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան անվտանգային եւ պաշտպանական առաջին խորհրդակցությունների անցկացումը։ Կողմերը քննարկեցին համագործակցության նոր ուղղություններ՝ կենտրոնանալով հիբրիդային եւ կիբեր սպառնալիքների, արտաքին միջամտությունների եւ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում դիմակայության կարողությունների զարգացման վրա։
Գործընկերության կոմիտեին քննարկվեցին նաեւ տարածաշրջանային զարգացումները եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԵՄ-ն ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ կոչ անելով ստորագրել եւ վավերացնել այն։ ԵՄ-ն ընդգծեց իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա։ ԵՄ-ն իր աջակցությունը հայտնեց նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերին։
Հանդիպումը համանախագահեցին Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենեն եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,