Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորում. Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ԵՄ-ի հետ նորմատիվային և իրավական մոտարկման լավ ցուցանիշներ են արձանագրում
1 Ապրիլի, 2022

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորում. Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ԵՄ-ի հետ նորմատիվային և իրավական մոտարկման լավ ցուցանիշներ են արձանագրում


Մարտի 30-ին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը հրապարակեց «Արևելյան գործընկերության համաթիվ 2020-21» զեկույցը, որն օգնում է գնահատել Արևելյան գործընկերության վեց երկրների կատարողականը և կայուն ժողովրդավարական զարգացման ու եվրոպական ինտեգրման ուղղությամբ նրանց առաջընթացը:

Զեկույցը հատուկ ուշադրություն է դարձրել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի վրա, քանզի վերջիններս Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ճնշման ներքո ստիպված էին շտապ կարգով ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել:

Արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր երեք երկրներն արդեն իսկ զգալի նորմատիվ և իրավական մոտարկման են հասել ԵՄ-ի հետ, ինչը հուշում է, որ նրանք գտնվում են Կոպենհագենյան չափանիշների բավարարման ճանապարհին, ինչը պարտադիր պայման է դիմելու և ի վերջո ԵՄ անդամ դառնալու համար:

ԱլԳ համաթիվը 2015 թվականի համեմատ կայուն բարելավում է արձանագրում բոլոր երեք երկրներում Կոպենհագենյան չափանիշներով սահմանված ստանդարտների մասով, այն է՝ գործող շուկայական տնտեսություն, կայուն ժողովրդավարություն, ուժեղ օրենքի գերակայություն և ԵՄ օրենսդրության ամբողջական ընդունում: Տարբեր աստիճանի առաջընթաց է գրանցվել ժողովրդավարական իրավունքների և ընտրությունների, մարդու իրավունքների և խոշտանգումներից պաշտպանության, պետության հաշվետվողականության, խոսքի և հավաքների ազատության, ինչպես նաև պետական կառավարման ոլորտներում:

Արդյունքներից դատելով՝ առաջընթացը միշտ չէ, որ եղել է գծային, իներցիայի ու հետընթացի դրսևորումներ ևս առկա են. «Բոլոր երեք երկրները շարունակում եմ կոռուպցիայի դեմ պայքարը, իսկ Վրաստանն ու Ուկրաինան զգալի թվով միավորներ են կորցրել՝ կապված իրենց դատական համակարգի անկախության հանգամանքով»: ԱլԳ ՔՀՖ-ն արձանագրում է, որ վերջին յոթ տարվա առաջընթացն, այնուամենայնիվ, արտացոլում է երեք երկրների՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերի (ԱԱ) և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի (ԽՀԱԱՀ) լայնածավալ ազդեցությունը, ինչպես նաև այն դերը, որ ԵՄ աջակցությունը շարունակում է ունենալ իր օրենսդրությանը համապատասխան ժողովրդավարական զարգացումների ապահովման հարցում։

ԱլԳ ՔՀՖ-ն նշում է, որ միևնույն ժամանակահատվածում Հայաստանը, որը չորրորդն է ԱլԳ համաթվի վարկանիշային աղյուսակում, նույնպես բարելավել է իր կատարողականը, մասնավորապես ժողովրդավարության և լավ կառավարման հետ կապված ցուցանիշների առումով, «սակայն պակաս տպավորիչ է եղել քաղաքականության մոտարկման առումով»: Երկրի գնահատականն արտացոլում է ինչպես մինչև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից նրա դուրս գալն արձանագրված առաջընթացը, այնպես էլ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իրականացված ժողովրդավարական բարեփոխումները:

Բելառուսն ու Ադրբեջանը շարունակում են մնալ ԱլԳ համաթվի վարկանիշային աղյուսակի ստորին հատվածում։ Երկու երկրներն էլ 2020-21 թվականներին ավելի ցածր միավորներ են հավաքել, քան համաթվի նախորդ հրատարակություններում, ինչը ենթադրել է տալիս, որ երկու վատագույնների և առաջատար քառյակի միջև խզվածքը ավելի ու ավելի նկատելի է դառնում:

Ֆորումն ամփոփում է. «Արևելյան գործընկերության 2020-21 համաթվի արդյունքները կարծես հուշում են, որ եվրոպական ուղու ընտրությունը՝ զուգորդված պատասխանատու եվրոպական հեռանկարի և հատուկ ֆինանսական, վարչական ու տեխնիկական շրջանակի հետ, կարող է արդյունավետ ժողովրդավարական առաջընթաց խթանել և ուղղություն տալ նրան»: ԱլԳ ՔՀՖ-ն նաև հավելում է, որ Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակի շնորհումը կուժեղացնի ԵՄ աջակցությունը և ավելի կնպաստի դեպի գործող շուկայական տնտեսություն, կայուն ժողովրդավարություն և ուժեղ օրենքի գերակայություն նրանց ճանապարհին, որով ԱԱ եռյակն արդեն իսկ առաջ է շարժվում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,