Շրջանաձեւ տնտեսություն. ինչպես կարող են սպառողները, բիզնեսը եւ կառավարությունը համատեղ աշխատել` հանուն ավելի կայուն տնտեսության

15 Հունվարի, 2026

  • Ի՞նչ է շրջանաձեւ տնտեսությունը
  • Ինչու՞ է դա կարեւոր
  • Ինչպե՞ս է ԵՄ-ը խթանում շրջանաձեւ տնտեսությունը
  • CԻնչպե՞ս է ԵՄ-ն աջակցում Արեւելյան գործընկերության երկրներին
  • Կարո՞ղ է արդյոք իմ բիզնեսը իսկապես գումար խնայել շրջանաձեւ տնտեսության միջոցով
  • Ի՞նչ կարող եմ անել ես որպես սպառող
Քարտ %1 / %2

Ի՞նչ է շրջանաձեւ տնտեսությունը

Շրջանաձեւ տնտեսությունն ապրանքներ արտադրելու եւ սպառելու եղանակ է, որի հիմնական գաղափարն ապրանքների մշակման, պատրաստման եւ օգտագործման ձեւերի վերաիմաստավորումն է, որպեսզի դրանք ավելի երկար ծառայեն եւ ավելի քիչ թափոնների աղբյուր դառնան։

Գործնականում դա նշանակում է նվազագույնի հասցնել թափոնները։ Երբ այս կամ այն արտադրանքը մաշվում է կամ հնանում, դրա հիմքում եղած նյութերը հնարավորության դեպքում մնում են տնտեսության մեջ՝ վերօգտագործելու, վերանորոգելու, վերականգնելու եւ վերամշակելու միջոցով: Սա երկարացնում է նյութերի կյանքի ցիկլը՝ թույլ տալով դրանք կրկին ու կրկին օգտագործել:

Շրջանաձեւ տնտեսությունը հակադրվում է ավանդական գծային արտադրության մոդելին, որը գործում է «արդյունահանել-արտադրել-սպառել-դեն նետել» սկզբունքով: Գծային մոդելը կենսունակ է միայն առատ, մատչելի եւ դյուրհասանելի հումքի եւ էներգիայի առկայության պայմաններում:

Սահմանափակ ռեսուրսներով աշխարհում մարդկությունը պետք է վերանայի իր արտադրության եւ սպառման մոտեցումները։ Սա նշանակում է՝

  • աստիճանաբար հրաժարվել թափոններ առաջացնող արտադրանքից, ինչպիսիք են միանգամյա օգտագործման պլաստիկները;
  • մշակել ավելի քիչ նյութերի կամ վերամշակված նյութերի օգտագործում պահանջեղ առավել խելացի արտադրանք, որը նաեւ ավելի հեշտ կլինի վերօգտագործել, վերանորոգել կամ վերամշակել;
  • ավելի մաքուր եւ ռեսուրաարդյունավետ արտադրություն;
  • ապրանքներն ավելի երկար օգտագործել կամ դրանց երկրորդ կյանք տալ՝ դրանք դեն նետելու փոխարեն;
  • Որպես վերջին քայլ՝ թափոններից ստանալ էներգիա, երբ տվյալ ապրանքն այլեւս հնարավոր չէ վերօգտագործել կամ վերամշակել։

Ինչու՞ է դա կարեւոր

Ներկայումս մենք սպառում ենք ռեսուրսները 50%-ով ավելի արագ, քան Երկրագունդը կարող է դրանք վերականգնել։ Գծային տնտեսությունից շրջանաձեւ տնտեսության անցումը կարեւոր է մի քանի մակարդակներում. 

Շրջակա միջավայրի պահպանություն

Արտադրանքը վերաօգտագործելով եւ վերամշակելով՝ մենք ավելի դանդաղ ենք սպառում բնական ռեսուրսները, ավելի քիչ վնաս ենք հասցնում բնությանը եւ շրջակա միջավայրին ու նպաստում ենք կենսաբազմազանության պահպանմանը: Սա նաեւ նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:

Հումքից կախվածության նվազեցում

Աշխարհի բնակչությունն աճում է, իսկ դրա հետ մեկտեղ աճում է նաեւ սահմանափակ հումքային նյութերի պահանջարկը։ Շրջանաձեւ տնտեսությունը նվազեցնում է հումքային նյութերի մատակարարման հետ կապված ռիսկերը, ինչպիսիք են գների անկայունությունը, հասանելիությունը եւ ներմուծումից կախվածությունը։

Աշխատատեղերի ստեղծում եւ գումարի խնայողություն

Ավելի շրջանաձեւ տնտեսության անցումը կարող է բարելավել մրցունակությունը, խթանել նորարարությունը, արագացնել տնտեսական աճը եւ ստեղծել աշխատատեղեր (գնահատականների համաձայն՝ մինչեւ 2030 թվականը միայն ԵՄ-ում կստեղծվի 700,000 նոր աշխատատեղ):

Ձեռնարկությունների համար շրջանաձեւ տնտեսության մոդելի որդեգրումը նշանակում է արդյունավետության բարձրացում եւ ավելացված արժեք՝ նյութերի մի քանի անգամյա վերաօգտագործման միջոցով։ Սա, իր հերթին, նվազեցնում է ծախսերը, մինչդեռ բարելավված նյութերը, ավելի արագ տեխնոլոգիական զարգացումը եւ էներգաարդյունավետությունը բացում են ավելի մեծ շահույթի հնարավորություններ։

Սպառողները կստանան ավելի երկարակյաց եւ նորարարական արտադրանք, ինչը երկարաժամկետ հեռանկարում նրանց կօգնի գումար խնայել։

Ինչպե՞ս է ԵՄ-ը խթանում շրջանաձեւ տնտեսությունը

Եվրոպական միությունը մշակել է շրջանաձեւ տնտեսության աշխարհի ամենաառաջադեմ իրավական շրջանակներից մեկը։ Մասնավորապես՝

  • թափոնների ավելի արդյունավետ կառավարում. ԵՄ թափոնների կառավարման շրջանակային հրահանգը սահմանում է հստակ առաջնահերթություններ՝ նախ թափոնների առաջացման կանխարգելումը, ապա՝ վերաօգտագործումը, վերամշակումը, վերականգնումը եւ հետո նոր միայն հեռացումը՝ որպես վերջին միջոց։ Արտադրողները պատասխանատու են իրենց արտադրանքի օգտագործման ընթացքում առաջացած թափոնների համար։
  • թափոնների վերածումը այլ ոլորտների համար ռեսուրսների. արդյունաբերական թափոնների քարտեզագրման միջոցով, որը հանգեցնում է արդյունաբերական սիմբիոզի, մեկ ընկերության թափոնները կարող են դառնալ հումք մեկ այլ ընկերության համար։
  • երկարակյաց արտադրանքի մշակում. ԵՄ էկոդիզայնի շրջանակային հրահանգն երաշխավորում է, որ արտադրանքն ավելի երկար ծառայի եւ ավելի քիչ ռեսուրսներ սպառի, եւ որ այն հնարավոր լինի վերանորոգել, վերաօգտագործել կամ վերամշակել։
  • Օգնել սպառողներին կատարել խելացի ընտրություն. ԵՄ էկոպիտակների մասին կանոնակարգը տրամադրում է արտադրանքի մասին հստակ տեղեկատվություն (կյանքի տեւողություն, վերանորոգման տարբերակներ, պահեստամասեր)՝ գնորդներին հնարավորություն տալով ընտրել ավելի էկոկայուն արտադրանք։
  • Պետական ​​մարմինները՝ որպես դրական օրինակ. պետական ​​գնումների «կանաչ» ընթացակարգերը կառավարությանը եւ պետական ​​հատվածի կազմակերպություններին խրախուսում են ձեռք բերել էկոլոգիապես կայուն արտադրանք՝ խթանելով շրջանաձեւ տնտեսության արտադրանքի պահանջարկը։

Արդար կանոններ ԵՄ-ի ներսում եւ դրա սահմաններից դուրս. ԵՄ շրջանաձեւ տնտեսության 2020 թվականի գործողությունների ծրագիրը երաշխավորում է, որ ներմուծվող ապրանքները համապատասխանեն շրջանաձեւ տնտեսության  եվրոպական չափանիշներին՝ միաժամանակ նվազեցնելով վնասակար թափոնների արտահանումը ԵՄ-ից այլ երկրներ։

CԻնչպե՞ս է ԵՄ-ն աջակցում Արեւելյան գործընկերության երկրներին

ԵՄ աջակցությամբ՝ Արեւելյան գործընկերության երկրները շարունակաբար համապատասխանեցնում են իրենց քաղաքականությունը շրջանաձեւ տնտեսության ոլորտում ԵՄ շրջանակին։ Օրինակ՝

  • Հայաստանը ԵՄ աջակցությամբ իրականացնում է շրջանաձեւ տնտեսության մոտեցումների պիլոտավորում;
  • Մոլդովան շրջանաձեւ տնտեսությունը ներառել է իր շրջակա միջավայրի 2024-2030 թվականների ռազմավարության մեջ;
  • Ուկրաինան մշակում է շրջանաձեւ տնտեսության ազգային ռազմավարություն մինչեւ 2035 թվականն ընկած ժամանակահատվածի համար։

Փաստացի, տարածաշրջանում բազմաթիվ փոքր բիզնեսներ արդեն իսկ կիրառում են շրջանաձեւ տնտեսության գործելակերպեր, ուղղակի դրանք այդպես չեն անվանում: ԵՄ աջակցությունը նրանց օգնում է ճանաչում ձեռք բերել, ընդլայնել իրենց գործունեությունը եւ մրցակցել նոր շուկաներում:

Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ ԵՄ-ն հետեւողականորեն աջակցություն է ցուցաբերում շրջանաձեւ տնտեսությանը տարածաշրջանում։ Սկզբում դա արվում էր 2013-2017թթ. իրականացված «Կանաչ տնտեսություն. Արեւելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագրի միջոցով, իսկ վերջերս՝ 2019-24թթ. իրականացված «Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» (EU4Environment – Green Economy) ծրագրի միջոցով։ Վերջինս ներառում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են արտադրանքի ողջ կյանքի ցիկլին (մշակում, արտադրություն, թափոնների կառավարում)։ Դրանց թվում են՝

  • ռեսուրսաարդյունավետությունը, ավելի մաքուր արտադրությունը եւ արդյունաբերական թափոնների քարտեզագրումը, ինչն օգնում է պարզել, թե ինչպես կարելի է կրճատել կամ վերաօգտագործել նյութերը տարբեր ոլորտներում;
  • արտադրանքի բնապահպանական հետքի հաշվարկը, որպեսզի ընկերությունները հասկանան եւ նվազեցնեն իրենց արտադրանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
  • սպառողական մակարդակում՝ էկոպիտակավորումը, որը տրամադրում է թափանցիկ տեղեկատվություն կայունության մասին, իսկ կայուն պետական ​​գնումներն օգնում են կառավարություններին ընտրել էկոլոգիապես ավելի մաքուր ապրանքներ եւ ծառայություններ։
  • էկոարդյունաբերական կաջույցները, որտեղ ընկերությունները կատարում են ռեսուրսների եւ էներգիայի փոխանակում՝ արդյունաբերության թափոնի մեկ տեսակի վերածելով մեկ այլ արդյունաբերության հումքը։
  • կարողությունների զարգացումը եւ տեխնոլոգիական կանխատեսումը՝ առաջնահերթ մարտահրավերների եւ արժեքային շղթաների ընդհանուր տեսլական ձեւավորելու համար։

Առաջիկայում կոնկրետ աջակցություն կառաջարկի նոր EU4Green Recovery East ծրագիրը (2025-2028): Թվային գործիքները կօգնեն բիզնեսներին բացահայտել շրջանաձեւ տնտեսության սկզբունքները ներդնելու հնարավորությունները: Ցուցադրական նախագծերի միջոցով կներկայացվեն աշխարհում կիրառվող գործելակերպերը:

Ռեսուրսաարդյունավետության եւ մաքուր արտադրության (RECP) ակումբների ընդլայնված ցանցերը կնպաստեն փոխադարձ ուսուցմանը: Ավելին, տեխնոլոգիական կանխատեսման եւ եվրոպական չափանիշներին համապատասխանության վրա հիմնված շրջանաձեւ տնտեսության ռազմավարության մշակման հարթակները կօգնեն տեղական բիզնեսներին մուտք գործել ԵՄ շուկաներ:

Կարո՞ղ է արդյոք իմ բիզնեսը իսկապես գումար խնայել շրջանաձեւ տնտեսության միջոցով

Անշուշտ, կարող է։ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություններն օգնում են Արեւելյան գործընկերության տարածաշրջանի բիզնեսներին շրջանաձեւ տնտեսության մոդելը ներդնել իրենց արտադրության մեջ, ինչն օգնում է խնայել գումար, նվազեցնել էներգիայի եւ ռեսուրսների սպառումը եւ բարելավել արտադրողականությունը։

 Օրինակ՝ Հայաստանում «Արարատ-Ճանշին» ճանապարհաշինարարական ընկերությունը մասնակցել է EaP GREEN ծրագրի շրջանակներում իրականացվող «Ռեսուրսների արդյունավետության եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ցուցադրական նախագծին: Այն առաջարկել է մի շարք միջոցառումներ՝ արտադրական հզորությունների արդյունավետությունը բարելավելու համար, այդ թվում՝ էլեկտրական ջեռուցումը գազով փոխարինելը, ինչպես նաեւ սարքավորումների վերանորոգումն ու արդիականացումը: Չորս տարի անց ընկերությունը հետ է վերադարձրել իր ներդրումը՝ տարեկան խնայելով գրեթե 200 000 եվրո, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի սպառումը 73%-ով, բնական գազի սպառումը 42%-ով, իսկ ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող ջուրը 16%-ով կրճատելու միջոցով:

Իմանալ ավելին 

Շրջանաձեւ տնտեսությունը եւ աճի նոր հնարավորությունները Հայաստանում

Դեպի կանաչ տնտեսություն. Հայաստանի ազգային պրոֆիլ

Ադրբեջանում «Շամխալ-86» բետոնի գործարանը մասնակցել է EU4Environment ծրագրի շրջանակներում իրականացվող ՌԱՄԱ ցուցադրական նախագծին եւ արդյունքում սահմանել է ռեսուրսներ ու գումար խնայելու երեք պարզ լուծում՝ սիլոսներում ֆիլտրերի եւ ցեմենտի մակարդակի սենսորների տեղադրում (կանխարգելելով աղտոտումը, հումքի կորուստը եւ սարքավորումների հնարավոր վնասը) եւ ավազի ու խճաքարի պահեստավորման կառույցների կառուցում՝ քամուց եւ անձրեւից կորուստները նվազագույնի հասցնելու համար: 5000 եվրոյից մի փոքր ավելի ներդնելով՝ ընկերությունը կարող է տարեկան խնայել ավելի քան 75 000 եվրո:

Իմանալ ավելին 

Շրջանաձեւ տնտեսությունը եւ աճի նոր հնարավորությունները Ադրբեջանում

Դեպի կանաչ տնտեսություն. Ադրբեջանի ազգային պրոֆիլ

Վրաստանում «Chateau Mukuzani» գինու գործարանը EU4Environment-ի հետ համագործակցությամբ դիտարկում է բնական գազը թափոնային կենսազանգվածով որպես էներգիայի աղբյուր փոխարինելու հնարավորությունը, ինչը կօգնի տարեկան խնայել 350 000 եվրո, զգալիորեն կնվազեցնի արտանետումները եւ կլուծի կոշտ թափոնների խնդիրը: Այս ամենը հնարավոր կդառնա 114 000 եվրո նախնական ներդրմամբ:

Իմանալ ավելին 

Շրջանաձեւ տնտեսությունը եւ աճի նոր հնարավորությունները Վրաստանում

Դեպի կանաչ տնտեսություն. Վրաստանի ազգային պրոֆիլ

Մոլդովայում գործող «Bons Offices» տպագրատունն Քիշնեւում իրականացրել է էներգիայի եւ ռեսուրսների արդյունավետության հինգ բարելավում, որոնք առաջարկվել են EaP GREEN ծրագրի շրջանակներում: Յոթ տարի անց ընկերությունը տարեկան խնայել է մոտ 40 000 եվրո՝ սկզբնական 30 000 եվրոյից մի փոքր պակաս ներդրմամբ, եւ գրանցել է արտադրողականության աճ: Դա հնարավոր է դարձել էներգիայի սպառումը 23%-ով եւ նյութերի օգտագործումը 10%-ով կրճատելու հաշվին։

Իմանալ ավելին 

Շրջանաձեւ տնտեսությունը եւ աճի նոր հնարավորությունները Մոլդովայում

Դեպի կանաչ տնտեսություն. Մոլդովայի ազգային պրոֆիլ

«Սադի Կարլիվշչինի» ընկերությունը հյութեր եւ մուրաբաներ է արտադրում Ուկրաինայի Պոլտավայի մարզում: Մասնակցելով EU4Environment ծրագրի շրջանակում իրականացված «ՌԱՄԱ ակումբներ» նախագծին՝ ընկերությունը նախատեսում է տարեկան 474 000 կՎտ/ժ-ով կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը եւ 199 տոննա ածխաթթու գազին համարժեք չափով նվազեցնել արտանետումները՝ տեղադրելով արեւային ֆոտովոլտային էլեկտրակայան: Սա ընկերությանը կդարձնի էներգետիկորեն անկախ եւ թույլ կտա էլեկտրաէներգիայի ավելցուկը վերավաճառել ցանցին: Տարեկան գրեթե 42 000 եվրո խնայողությամբ՝ ընկերությունն իր ներդրումը կվերադարձնի չորս տարուց էլ պակաս ժամանակում:

Իմանալ ավելին 

Շրջանաձեւ տնտեսությունը եւ աճի նոր հնարավորությունները Ուկրաինայում

Դեպի կանաչ տնտեսություն. Ուկրաինայի ազգային պրոֆիլ

Ձեր բիզնեսին աջակցելու առաջիկա հնարավորությունների մասին տեղեկանալու համար հետեւեք EU4Green Recovery East կայքի «Հնարավորություններ» բաժնին։

EU4Environment ծրագիրը նաեւ տրամադրում է ձեր բիզնեսը շրջանաձեւ տնտեսությանը հարմարեցնելու վերաբերյալ կարեւոր ռեսուրսներ.

Ի՞նչ կարող եմ անել ես որպես սպառող

Որպես արտադրանքի կյանքի ցիկլի վերջնական օգտագործողներ՝ սպառողները կարեւոր դեր են խաղում շրջանաձեւ տնտեսության խթանման գործում։ «Կայուն սպառողներ» դառնալու համար կարեւոր է պատասխանել մի շարք հարցերի սպառողական ցիկլի յուրաքանչյուր փուլում.

  • Գնում. արդյո՞ք ես պետք է գնեմ այս ապրանքը (դիտարկելով լիզինգի, վարձակալության կամ համատեղ օգտագործման հնարավորությունը): Եթե այո, կարո՞ղ եմ գնել օգտագործված (վերանորոգված կամ նախկինում գործածված) արտադրանք: Եթե խոսքը գնում է նոր արտադրանքի մասին, ապա ո՞րը պետք է գնեմ (հաշվի առնելով արտադրական գործընթացի կայունությունը, դիմացկունությունը, վերանորոգման եւ վերամշակման հնարավորությունը):
  • Օգտագործում. արտադրանքը հարկ է օգտագործել հնարավորինս երկար. պահպանեք, մաքրեք, թարմացրեք եւ վերանորոգեք այն՝ դրա կյանքի տեւողությունը երկարացնելու համար։
  • Օգտագործման ավարտ. եթե այլեւս չունեք այս կամ այն ապրանքի կարիքը, բայց այն դեռ պիտանի է, նվիրաբերեք կամ վաճառեք այն։ Եթե այն այլեւս պիտանի չէ, նվիրաբերեք կամ վաճառեք մաս-մաս՝ առավելագույնի հասցնելով վերամշակումը եւ վերաօգտագործումը:

Ահա եւս մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել կայուն սպառումը եւ կանխել թափոնների առաջացումը.

  • Սնունդ. չափեք, թե որքան սնունդ եք աղբը նետում մեկ շաբաթվա ընթացքում՝ ձեր վատ սովորությունները բացահայտելու համար։
  • Հագուստ. փնտրեք բարձրորակ նյութեր: Ստուգեք պիտակը՝ գործվածքի պարունակությանը, ծագման երկիրը եւ կարի որակը ճշտելու համար: Այս մանրամասները կարող են շատ բան պատմել արտադրանքի դիմացկունության մասին։
  • Վերանորոգում. սովորեք վերանորոգել իրերը կամ գտեք մեկին, ով դա կանի ձեզ համար: Փոքրիկ անցքը վերանորոգելը կամ կոճակ կարելը կօգնի, որպեսզի տվյալ իրը երկար կծառայի: Իսկ եթե ժամանակ չունեք, գտեք մոտակայքում գտնվող կարի արհեստանոց կամ դերձակ, ով դա կանի ձեր փոխարեն։
  • Էլեկտրոնիկա. մտածեք նախքան գնելը: Դուք իսկապես ունե՞ք այդ նոր սարքի կարիքը: Որքա՞ն հաճախ եք այն օգտագործելու: Իսկ եթե ինչ-որ բան գնում եք, հոգ տարեք դրա մասին։
  • Թափոններ. հեշտացրեք աղբի տեսակավորումը տանը եւ աշխատավայրում: Տեղադրեք ճիշտ աղբամաններ ճիշտ տեղերում՝ զվարճալի հիշեցումներով (օրինակ՝ պիտակներով) երեխաների կամ նույնիսկ ձեր ամուսնու/կնոջ ծնողների համար: Դա կօգնի բոլորին ճիշտ տեսակավորել աղբը:

Անցեք այս հղումով՝ ավելի կայուն սպառող դառնալու մասին հավելյալ խորհուրդներ ստանալու համար։

Զետեղել
The recommended iFrame size is 100% width and 750px height


ყველაზე წაკითხული


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,