Համաշխարհային լավագույն համալսարաններ ընդունվող հայ բացառիկ ուսանողները ցանկանում են վերադառնալ և կյանքը ավելի լավ դարձնել Հայաստանում

Համաշխարհային լավագույն համալսարաններ ընդունվող հայ բացառիկ ուսանողները ցանկանում են վերադառնալ և կյանքը ավելի լավ դարձնել Հայաստանում

15 Սեպտեմբերի, 2021

Որակյալ կրթությունը դարձել է աշակերտների և նրանց ծնողների առաջնահերթություններից մեկը։ Սակայն, երբեմն հայկական դպրոցները իրենց տված գիտելիքներով չեն բավարարում համաշխարհային համալսարաններ ընդունվելու պահանջներին։

2018 թվականից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) եվրոպական դպրոցը։ Այստեղ սովորելու համար կրթաթոշակներ կարող են ստանալ ԱլԳ երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Մոլդովա) 16-17 տարեկան աշակերտները։ Կրթաթոշակը ոչ միայն բավականացնում է ուսման վարձը վճարելու համար, այլ նաև ծածկում է գիշերակացը, դպրոցում սնունդը և տարեկան չորս անգամ տուն գնալու ճանապարհածախսը։ Դպրոց յուրաքանյուր տարի կարող են ընդունվել ԱլԳ երկրներից մոտավորապես 35-40 աշակերտներ: Նրանք ընդունվում են դպրոց՝ քննությունների և հարցազրույցների արդյունքների հիման վրա, և միայն բացառիկ աշակերտներն են հնարավորություն ստանում սովորելու միջազգային դպրոցում: Իսկ ավարտելիս նրանց տրամադրվում է միջազգային բակալավրիատի (ՄԲ) դիպլոմ։

Լիլիթը և Նանեն դպրոցի շրջանավարտներից են, դպրոցը ավարտել են 2021 թվականին։ Իսկ սեպտեմբերին երկու աղջիկներն էլ պատրաստվում են ուղևորվել արտերկիր՝ սկսելու իրենց բակալավրիատի ծրագիրը աշխարհի լավագույն համալսարաններում։

«Պարզապես բախտս էի փորձում»

«10 տարի հետո լինելու եմ Հայաստանում, ավելի բարեկարգ, ավելի գեղեցիկ։ Կանգնած եմ լինելու գործարանի շինհրապարակում, որտեղ հավաքելու են ինչ-որ ինքնաթիռ»,- 18 տարեկան Լիլիթ Գասպարյանը այսպես է պատկերացնում իր ապագան։ Նա ԱլԳ եվրոպական դպրոցի շրջանավարտներից է, որն այս տարի պատրաստվում է ուսումը շարունակել միջազգային լավագույն համալսարաններից մեկում։

Լիլիթը եվրոպական դպրոցի մասին տեղեկացել է համացանցից և առանց որևէ մեկի հետ խորհդրակցելու լրացրել է հայտը՝ պարզապես բախտը փորձելու համար։ Միայն ընդունելության նախավերջին փուլում, երբ անհրաժեշտ էր գնալ մայրաքաղաք Երևան, տեղեկացրել է ընտանիքի անդամներին։ «Մտածում էի՝ մայրս անհանգստությունից ելնելով՝ թույլ չի տա, դրա համար չէի ասել։ Կարծում էի, երբ արդեն ընդունված լինեմ, ավելի հեշտ կհամակերպվի։ Սկզբից մի փոքր դժվար էր, ոչ թե որակյալ կրթություն ստանալու առումով, այլ այն պատճառով, որ մենակ պետք է ապրեմ, ընտանիքիցս հեռու պետք է լինեմ»,- պատմում է Լիլիթը:

Լիլիթը բնակվում է Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իր մոր՝ Նվարդի հետ, իսկ նրա հայրը մահացել է տարիներ առաջ: Լիլիթի մայրը՝ Նվարդը, հիշում է, որ չի առարկել, քանի որ չի հավատացել, որ աղջիկը կարող է ընդունվել այդ դպրոցը, և առանց առարկությունների նրան ուղեկցել է քննություններին։  «Ես ինձ համոզում էի, որ չի լինի։ Մի քանի ամիս այդպես անցավ։ Եկավ իր ծննդյան օրը, և զանգեցին, ասացին, որ ընդունվել է։ Մինչև վերջին պահն ասում էի, որ չի գնա»,- ասում է տիկին Նվարդը, սակայն այստեղ Լիլիթին օգնության են հասել նրա ավագ քույրերը։ «Աղջիկս ասաց, մա՛մ, պետք է գնա, այսպիսի հնարավորություն կյանքում մի անգամ է տրվում։ Քույրիկները նախապես ամեն ինչ իմացել են, հետաքրքրվել էին, որ այնտեղ ամեն ինչ խիստ է, ամեն րոպե չեն կարող դուրս գալ, կողմնակի մարդը չի կարող մտնել, եթե ինչ-որ տեղ գնում էին, իրենց մենթորները իրենց հետ գնում էին։ Այդ պատճառով մենք ավելի հանգիստ էինք»։      

Մինչ Թբիլիսի հասնելը Լիլիթի մոտ կային վախեր, թե արդյոք ինքը կարո՞ղ է հարմարվել նոր միջազգային միջավայրին. «Բայց ցանկությունը փորձելու և նաև կրթություն ստանալու շատ մեծ էր»։ Բացի այդ դպրոցը հնարավորություն տվեց Լիլիթին ավելին ինքնուրույն և ավելի պատասխանատու լինել։ «Սկզբնական շրջանում մի փոքր բարդ էր հարմարվելը, թեկուզ նրան, որ նոր սենյակում ես ապրելու։ Նամանավանդ, որ օտար մարդու հետ եմ սենյակ կիսելու, սկզբից դժվար էր, բայց ի զարմանս ինձ բավականին շուտ հարմարվեցի»,- հիշում է Լիլիթը՝ ասելով, որ իր հետ մի քանի իրեր էր տարել Թբիլիսի, որ իր հանրակացարանի սենյակը տունը հիշեցնի. «Տարել եմ հորս նկարներից, իմ անունով մեդալիոն, մի քանի փափուկ խաղալիք»։        

Ինչ վերաբերում է ուսումնական ծրագրին, Լիլիթը ասում է, որ այն շատ տարբերվում էր Հայաստանի իր փորձից։ Աշակերտներին հնարավորություն էր տրվում իրենց գիտելիքները ներկայացնել թեստերի և գրավոր աշխատանքների միջոցով: Լիլիթը վաղուց էր որոշել, որ ֆիզմաթ ուղղությամբ է շարունակելու իր ուսումը, և եվրոպական դպրոցում 3-ի փոխարեն 4 առարկա էր ընտրել, որոնք պետք է ուսումնասիրեր բարձր մակարդակով, ինչը ավելի էր ծանրաբեռնում իր աշխատանքը, սակայն այդ մարտահրավերը իրեն ավելի մոտիվացրեց։ Եվ ըստ առարկաների համադրությամբ էլ ընտրեց իր հետագա մասնագիտությունը՝ օդատիեզերական ճարտարագիտությունը։

2021 թվականին նրանց կուրսը ավարտեց եվրոպական դպրոցը, սակայն կորոնավիրուսի պատճառով ավարտական միջոցառումը առցանց է տեղի ունեցել։ Ինչից հետո ուսանողներին սպասվում է ակադեմիական նոր ուղի՝ բոլոր ուսանողներն էլ բարձր միավորներով ընդունվել են միջազգային լավագույն համալսարաններ։ Լիլիթը իր հերթին սեպտեմբերին պատրատվում է գնալ Ֆրանսիա։

«Առաջարկներ եմ ստացել ավելի քան 20 երկրների առաջատար համալսարաններից, բայց ընտրել եմ որակի և գնի ամենաշահավետ համադրությունը, և ուսումս շարունակելու եմ «INSA Lyon» համալսարանի մեխանիկայի, մատերիալների և օդատեզերիական ճարտարագիտություն բաժնում»,- ասում է Լիլիթը՝ հավելելով, որ համալսարանից ստացել է 50 տոկոս զեղչ։ Նա նշում, է, որ անձամբ ոչ բոլոր համալսարաններին է դիմել, ոմանք պարզապես կապվել են դպրոցի հետ և վերցրել իր տվյալները, որից հետո առաջարկել են Լիլիթին ուսումը շարունակել իրենց համապատասխան բաժիններում։

Չնայած ստացած կրթաթոշակի՝ Լիլիթի ընտանիքի համար դժվար է վճարել ուսման վարձը: Եվ աղջիկը դրամահավաք է կազմակերպել: Լիլիթ մայրը այս անգամ դեմ չէ, որ աղջիկը ուսումը շարունակի Ֆրանսիայում, ավելին՝ աղջկա որակյալ ուսումը դարձել է մոր նպատակը. «Ես հիմա ընդհանրապես չեմ անհանգստանում։ Նույնիսկ ասում եմ՝ ինչքան հնարավոր է ֆինանսապես կօգնեմ, մինչև որ ինքը ոտքի կանգնի»։ 

Բակալավրիատը ավարտելուց հետո Լիլիթը պատրաստվում է շարունակել իր ուսումը նաև մագիստրատուրայում, արդեն ունի նախընտրելի համալսարանը և ծրագիրը։ Ուսումը ավարտելուց հետո Լիլիթը պատրաստվում է վերադառնալ Հայաստան. «Իմ նպատակը երկրում օդատիեզերական ճարտարագիտությունը զարգացնելն է։ Մասնագետներին վերապատրաստելու համար պետք է ուսումնական ծրագրում համապատասխան առարկաները մտցնել։ Ինչից հետո՝ նախատեսում եմ հավաքել մասնագետների խումբ և ստեղծել լաբորատորիաներ և սկսել մեծածավալ արտադրություն սկսել»։

Եվրոպական դպրոցից՝ աշխարհի 46-րդ լավագույն համալսարան

Եվրոպական դպրոցի հանրակացարանի իր սենյակը Լիլիթը կիսում էր Նանե Վարդանյանի հետ։ Նանեի քույրը և մայրը, տեղեկանալով դպրոցի մասին, ուղարկել են նրան հղումը և առաջարկել են դիմել։ 

«Ի սկզբանե երևում էր, որ ծրագիրը շատ հետաքրքիր է, ոչ միայն կրթության առումով, այլ նաև՝ մշակութային։ Ու ինքս գիտեի, եթե մնամ Հայաստանում և ՄԲ դպրոցում սովորեմ նույն փորձը չեմ ունենա, որովհետև այդ միջազգային շփումը այլ մշակույթների, ազգությունների հետ չի լինելու։ Եվ գիտեի, որ եթե չգնամ ամբողջ կյանքում մտածելու եմ, թե ինչքան հետաքրքիր կարող էր լինել»,- հիշում է Նանեն։ Իսկ ծնողներին համոզելու խնդիր ընդհանրապես չի եղել, նախ՝ Նանեի ավագ քույրը արդեն սովորում է արտասահմանում, հետո էլ իր ծնողները կողմ են, որ իրենց երեխաները որակյալ կրթություն ստանան՝ թեկուզ ֆիզիկապես իրենցից հեռու։

Նանեի ծնողները՝ Վարդանը և Ռուզանը, կատակում են, թե չգիտեն նույնիսկ ինչպես է այդ գործընթացը կատարվել. Նանեն ամբողջ գործընթացը ինքնուրույն է արել: «Վստահ էինք, որ կընդունվի»,- հիշում է Նանեի հայրը՝ Վարդանը։ «Մենք կարծում էինք, որ սա դպրոց է, որի ստացած գիտելիքները հետագայում նրան շատ կօգնեն»։ Նա նշում է, որ աղջիկը միշտ ընտրությունների առաջ է կանգնած, այդ անգամ ընտրությունը ԱլԳ եվրոպական դպրոցի և մեկ այլ նորվեգական միջազգային դպրոցի միջև էր։ Իսկ մայրը՝ Ռուզանը, ասում է, որ դպրոցի հետ կապված վախեր չունեին. «Սա մեծ հնարավորություն է կյանքում, և եթե դու ասես՝ չէ՛, Նանե՛, մի՛ գնա, ինքը անընդհատ հետ է նայելու և մտածելու է՝ բա որ գնայի ի՞նչ կլիներ։ Ես ինձ վրա չեմ կարող այդ պատասխանատվությունը վերցնել և իրեն ինչ-որ հնարավորություններից զրկել»։     

Սա Նանեի՝ միջազգային միջավայրում հայտնվելու առաջին փորձը չէր. մինչ դպրոցը Նանեն ոչ մեկ անգամ է մասնակցել միջազգային մրցույթների և առաջին տեղեր գրավել։ Սկզբում Նանեն պատկերացնում էր, որ դպրոցում ուսանելու են միայն Արևելյան գործընկերության երկրներից (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Ադրբեջան) աշակերտներ, սակայն դպրոցում արդեն պարզել է, որ սովորելու է աշխարհի տարբեր ծայրերից եկած աշակերտների հետ։

«Այդպես շատ ավելի հետաքրքիր է, և բավականին հեշտ ստացվեց ինտեգրվելը, քանի որ բոլորս էինք նոր, և բոլորս էինք հայտնվել այդ իրավիճակում, և մեկս մյուսի հետ շատ արագ մտերմացանք»,- հիշում է Նանեն՝ նշելով, որ առաջին երկու շաբաթների ընթացքում դպրոցում մշակութային երեկոներ էին կազմակերպվում, որի ընթացքում աշակերտները ներկայացնում էին իրենց երկրի մշակույթը և սովորությունները։ «Մենք՝ հայերս մեր պարերը պարեցինք, ջրոցի խաղացինք։ Եվ արդեն ինչ-որ չափով իրար մշակույթների մասին սովորել էինք, և այդպես մերվելը շատ հեշտ ստացվեց»։

Նանեն կարևորում է այն հանգամանքը, որ դպրոցում դասավանդվում են այնպիսի առարկաներ, որոնք սովորական դպրոցներում չկան, օրինակ՝ առողջապահությունը, քաղաքագիտությունը, և այլն. «Ես ընտրել էի նաև քաղաքագիտությունը, ինչը շատ հետաքրքիր էր։ Այստեղ, գուցե, ամենահետաքրքիր քննարկումներն էին լինում, հենց միայն այն պատճառով, որ այստեղ կային տարբեր երկրներից երեխաներ և տարբեր տեսակետներ ունեին։ Խոսակցությունն էլ գնալով ավելի հետաքրքիր էր դառնում»։ 

Նրա համար կարևոր է այն հանգամանքը, որ դպրոցի ուսուցիչները չեն ստուգում քննությունները. «Թեստերը միանգամից ուղարկվում են Մեծ Բրիտանիա, այնտեղ խառնում են և ուղարկում են տարբեր երկրներ։Այսինքն՝ այն մարդը, որը ստուգում է քո քննությունը քեզ չի ճանաչում, որը օբյեկտիվ գնահատականների երևի ամենալավ տարբերակն է. նախ՝ դու ինքդ իմանում ես, թե ինչ գիտելիքներ ունես, և համալսարանները համոզված են լինում, որ դու իսկապես ունես այդ գիտելիքը»։

Նանեն արդեն 8-9-րդ դասարաններում որոշել էր, որ ֆիզիկայով է շարունակելու իր ուսումը, և եվրոպական դպրոցում ըստ այդ ընտրել էր խորացված գիտելիքները։ Սակայն, այնտեղ հնարավորություն է ստացել կողմնորոշվել, թե ֆիզիկայի ներսում, որ ճյուղով է շարունակելու։ «Բացի թեորիայից, դու կարող էիր հետազոտություններ կատարել։ Ես հնարավորություն ունեի ընտրել այն թեման, որը ուզում էի, և լաբորատորիան տրամադրում էր մեզ անհրաժեշտ սարքավորումները։ Դու ինքդ փորձ ես անում, հետո անալիզ ես անում»,- ասում է Նանեն՝ հավելելով, որ ըստ այդ փորձերի ինքը հասկացել է, որ փորձարարական ֆիզիկայով է ցանկանում շարունակել իր ուսումը։ «Մենք, որ ապրում էինք դպրոցի տարածքում, հնարավորություն ունեինք դպրոցի ժամերից հետո էլ այնտեղ մուտք գործել և կատարել մեր փորձերը։ Իրականում, դու ոչ թե շատ սովորում էիր դասագրքային ֆիզիկա, այլ հնարավորություն էիր ստանում շոշափել, զգալ, և ազդեցությունը ավելի շատ էր լինում»։

Նրա հայրը, որը մասնագիտությամբ ֆիզիկոս է, նշում է, որ չնայած սովետական տարիներին Հայաստանը համարվում էր ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում առաջատար երկրներից մեկը, ինքը նույնիսկ համալսարանում նման հնարավորություններ չի ունեցել. «Ես ավարտել եմ այդ ֆակուլտետը, այդպիսի ավարտական աշխատանք չեմ արել, ոնց որ Նանեն իր դպրոցում։ Կրթությունը մեծ հնարավորություններ է»։  

Միջազգային համալսարաններ աշակերտները սկսում են դիմել 12-րդ դասարանի սկզբից։ Նանեն դիմել է մոտ 20 համալսարաններ, որոնց մեծ մասը ընդունվել է, իսկ դրանցից 6-ում ստացել է ամբողջական զեղչ։ Սակայն, վերջնական որոշումը կանգնել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի վրա, որը աշխարհի լավագույն համալսարաններից 46-րդն է. «Ես ընդհանրապես շուտ եմ քնում, սակայն այդ օրը երեխաներով խաղ էինք խաղում։ Ժամը 1-ն էր, մաման 10 րոպեն մեկ գրում էր՝ դեռ չքնեցի՞ր, չքնեցի՞ր։ Ու ես ստանում եմ համալսարանից նամակ, որ ամբողջական կրթաթոշակ եմ ստացել։ Երեխաներով շատ ուրախացանք, գոռացինք, և ես անմիջապես տեղեկացրեցի ծնողներիս։ Այդ պահին շատ համալսարաններից պատասխաններ ունեի, արդեն մի քանի ամբողջական կրթաթոշակների առաջարկներ ունեի, գիտեի, որ եթե չընդունվեմ Բրիտանական Կոլումբիայի համալսարան, ապա այլ տարբերակներ էլ ունեմ։ Սակայն, իմ նախընտրած համալսարանը Բրիտանական Կոլումբիայի համալսարանն էր։ Գիտեի, որ ընդունվել եմ, զեղչի պատասխանին էի սպասում։ Եվ եթե այնտեղ զեղչ չստանայի, շատ դժվար կլիներ մնացածի մեջ ընտրություն կատարելը»։  

Նա վստահ չէ, որ, եթե այլ դպրոցում սովորեր, արդյոք կկարողանար Բրիտանական Կոլումբիայի համալսարան ընդունվել։ Քանի որ 66 000 դիմումատուներից ընդամենը 53-ն են ստացել ամբողջական կրթաթոշակներ, որոնք կա՛մ մի տարի բաց են թողել, կա՛մ գերազանց գնահատականներ են ունեցել, կա՛մ էլ ավարտել են ՄԲ համակարգով դպրոց։ Նա կարծում է, որ համալսարանը չէր ընդունի պետական դպրոց ավարտած աշակերտին։

Նանեի հայրը՝ Վարդանն ասում է, որ աղջիկը հիմա այնպիսի նպատակներ ունի, որոնք համամարդկային նշանակություն ունեն. «21-րդ դարում որևէ բնագավառում առանց որակյալ կրթության նորմալ, լուրջ արդյունքների հասնել չես կարող։ Եթե Հայաստանում լիներ բուհ, որը գոնե աշխարհի լավագույն 500 համալսարանների ցանկում ընդգրկվեր, միգուցե մտածեինք։ Բայց հետագայում ինքը, իր ընկերները կնպաստեն, որ Հայաստանում այդ որակի բուհեր լինեն»։

Իսկ Ռուզանը նշում է, որ Նանեն հնարավորություն ուներ աշխարհագրորեն ավելի մոտ գտնվող համալսարանում սովորել, ինչը ծնողներին հնարավորություն կտար ավելի հաճախ այցելել նրան, սակայն նրա ընտրությունը կանգնեց կանադական համալսարանի վրա. «Իր հետ խոսում ենք, ասում է, որ բարդ է, քանի որ կոմֆորտի գոտուց շատ է դուրս գալիս, բայց եթե այդտեղից դուրս չգաս, ոչ մի բանի չես կարող հասնել։ Իհարկե, չգիտես՝ կստացվի, թե ոչ, բայց եթե դուրս չգաս, հաստատ չի ստացվի»։ 

Նանեն ոգևորված է նոր ուսումնական հեռանկարներով, սակայն այն միտքը, որ սովորելու է այլ մայրցամաքում՝ ընտանիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, մտահոգում է նրան. «Առաջիկա չորս տարում համալսարանում կսովորեմ, հետո երկու տարի մագիստրատուրայում կանցկացնեմ։ Հետո էլ սկսելու եմ PhD ծրագիր։ Հիմա ինձ մոտ «dream big» իրավիճակն է, ընկերություն հիմնելու միտք ունեմ, մտածում եմ, որ համալսարանում կարելի է ուսանողական փոքր խումբ հավաքել»։      

Սեպտեմբերին երկու աղջիկներն էլ ուղևորվելու են իրենց համար նոր երկրներ, իրենց կրթական ծրագրերն են սկսելու նոր համալսարանում և բնակվելու են նոր միջավայրում: Սակայն ԱլԳ եվրոպական դպրոցում անցկացրած տարիները իրենց օգնելու են ավելի հեշտ հարմարվել նոր միջավայրին և ավելի սահուն սկսել նոր ուսումնական տարին:

Հեղինակ՝ Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Հոդվածը տպագրվել է հայերենռուսերեն և անգլերեն Aravot.am կայքում

The European School for the Eastern Partnership in Georgia



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,