Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են նախագահ Միշելին և պայմանավորվել աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են նախագահ Միշելին և պայմանավորվել աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ

8 Ապրիլի, 2022

Ապրիլի 6-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Ադրբեջանի  Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շարունակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումները։

Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, սերտ աշխատելու լարվածության հաղթահարման ուղղությամբ և խթանելու անվտանգ, կայուն, խաղաղ և բարեկեցիկ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։  

Առաջնորդներն ամփոփել են իրենց՝ Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին և տեսակապի ձևաչափով 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո զարգացումները։ Նրանք վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը։

Նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է լիարժեք և արագ լուծել բոլոր մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ մնացած գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, և հավաստիացրել է, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել այդ, ինչպես նաև փոխադարձ վստահության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով տրամադրել փորձագիտական խորհրդատվություն, ավելացնելով ֆինանսական աջակցությունը և աջակցել հակամարտության ազդակիր բնակչություններին, վերականգնմանը և վերակառուցմանը։

Նախագահ Միշելը նշել է, որ թե՛ նախագահ Ալիևը, թե՛ վարչապետ Փաշինյանը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այդ նպատակով համաձայնություն է ձեռք բերվել հանձնարարել արտգործնախարարներին սկսել երկու երկրների միջև ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները, ինչը կանդրադառնա բոլոր անհրաժեշտ հարցերին։

Կարևոր կլինի երկրների միջև երկկողմ սահմանի սահմանագծումը և սահմանազատումը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողով, որն օժտված կլինի հետևյալ հանձնագրով՝

1.      Սահմանագծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները,

2.      Ապահովել կայուն անվտանգ իրավիճակ սահմանի ողջ երկայնքով։

Առաջնորդները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների և կապի ենթակառուցվածքների վերականգնումը։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթգծերի վերականգնմանն ուղղված քայլերը, միաժամանակ կոչ արել Երևանին ու Բաքվին առավել արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել փոխադարձ կապերի զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային պլանին համահունչ՝ օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը՝ բացահայտելու ընդհանուր նախագծեր:

Առաջնորդները պայմանավորվել են հետամուտ լինել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել ներգրավվածությունը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,