Եվրոպական հանձնաժողովի «Սառեցում և բռնագրավում» աշխատանքային խումբը, որը ստեղծվել է ցուցակված ռուս և բելառուս օլիգարխների դեմ պատժամիջոցների կիրառման համակարգումը ԵՄ մակարդակով ապահովելու համար, սկսել է համագործակցել «Մեծ Յոթնյակ»-ի համանմանությամբ կառույցի հետ:
Այն կաշխատի նորաստեղծ «Ռուսական էլիտաներ, վստահված անձինք և օլիգարխներ (REPO)» աշխատանքային խմբի հետ, որի շրջանակում ԵՄ-ն աշխատում է «Մեծ Յոթնյակ»-ի երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների, ինչպես նաև Ավստրալիայի հետ:
Այս համագործակցությունը կերաշխավորի Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում ընդունված պատժամիջոցների արդյունավետությունը։
«Նման նախաձեռնությունները կենսական նշանակություն ունեն պատժամիջոցների թիրախում գտնվող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող ակտիվների արագ սառեցմանը և բռնագրավմանը հասնելու տեսանկյունից: Ուստի մենք պետք է շարունակենք բարելավել մեր աշխատանքը՝ բացահայտելու օլիգարխներին, ովքեր օգնում են ֆինանսավորել կամ կազմակերպել գործողություններ Ուկրաինայում, կամ ովքեր անօրինական գործունեություն են իրականացնում Միության տարածքում», — հայտարարել է արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:
«Մեր համակցված միջոցառումները զգալի ազդեցություն են ունենում. Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է ազատ անկման մեջ», — նշել է ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալի շուկաների հարցերով հանձնակատար Մեյրիդ ՄաքԳինեսը՝ շարունակելով. «Մենք պետք է այնպես անենք, որ պատժամիջոցներից խուսափումը դյուրացնելու համար օլիգարխներին ֆինանսական, իրավաբանական և այլ ծառայություններ մատուցողները լիովին գիտակցեն այն ռիսկերը, որոնց հետ իրենք գործ ունեն: Մենք կհետաքննենք մեր պատժամիջոցների մասին օրենսդրությունը խախտելու ցանկացած և բոլոր ջանքերը, իսկ այդ խախտումներն անհետևանք չեն մնա: Մեր աշխատանքի նպատակը դեպի ռուսական ռազմական մեքենա փողերի հոսքի դադարեցումն է։ Ռուսական ռազմական մեքենային աջակցող հարուստ օլիգարխները պետք է իմանան, որ իրենք ոչ մի ապահով ապաստան չեն գտնի ԵՄ-ում կամ այլուր»:
«Սառեցում և բռնագրավում» աշխատանքային խմբի կազմում ներգրավված են Եվրոպական հանձնաժողովի, յուրաքանչյուր անդամ պետության ազգային կոնտակտային կետերի, Եվրայուստի և Եվրապոլի, ինչպես նաև ԵՄ այլ գործակալությունների և մարմինների ներկայացուցիչներ:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,