Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ ԵՄ-ի եւ Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
26 Մարտի, 2026

Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ ԵՄ-ի եւ Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ


2026թ. մարտի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոն ստորագրեցին 135 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերը՝ ուղղված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ֆինանսավորմանը։

Համաձայնագրերի ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ կառավարության ներկայացուցիչների, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Կլաուդիա Բուշի, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի եւ KfW-ի ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների մասնակցությամբ։

Վարկային համաձայնագրով KfW-ի կողմից տրամադրվում է 120 մլն եվրո արժողությամբ վարկ՝ ԳԴՀ կառավարության կողմից ռիսկերի ապահովագրությամբ, իսկ ԵՄ Հարեւանության ներդրումային հարթակի միջոցով տրամադրվելու է 15 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ։ Այս նոր հանձնառությունները փոխլրացնում են ԳԴՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից նախկինում տրամադրված դրամաշնորհային եւ վարկային միջոցները՝ ընդհանուր աջակցությունը հասցնելով 313.2 մլն եվրոյի: Եվրոպական ներդրումային բանկը եւս համաֆինանսավորում է ծրագիրը՝ 10 մլն եվրոյի չափով:

Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ անկախության ամրապնդմանն ուղղված հատկացված ռեսուրսները կընդլայնեն վերականգնվող էներգիայի արտադրությունը ամբողջ երկրում եւ կամրապնդեն Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի տարածաշրջանային ինտեգրումը «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ի միջոցով: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հարավային Կովկասում ապահովել հուսալի, ճկուն եւ փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում: Ավելին, Հայաստանը կստանա մուտք դեպի եվրոպական էլեկտրացանց:

«Այս ներդրումներով մենք մեր խոսքը գործի ենք վերածում եւ ապացուցում Հայաստանին, որ լուրջ ենք վերաբերվում նրա էներգետիկ կայունության ապահովմանը։ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ը առաջնահերթ ներդրում է, որը խթանում է էլեկտրաէներգետիկ շուկայի տարածաշրջանային ինտեգրումը՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Այս կապերը միայն ենթակառուցվածքներ չեն. դրանք ուղի են դեպի ավելի մեծ վերականգնվող էներգիայի լուծումներ եւ հարեւան երկրների հետ բազմազան գործընկերություններ», — նշել է ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը։

Հայաստան կատարած երկօրյա այցի ընթացքում, Մարթա Կոսը մարտի 19-ին հանդիպում ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,