Հայաստան․ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը կնպաստի կայունությանը սահմանամերձ գոտիներում 
24 Հունվարի, 2023

Հայաստան․ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը կնպաստի կայունությանը սահմանամերձ գոտիներում 


Եվրոպական միության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (ՀԵՄԱ) հիմնելու որոշմանը, որը կնպաստի Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար նպաստավոր միջավայրի ապահովմանը։

«Հայաստանում ԵՄ առաքելության հիմնմամբ մեկնարկ է տրվում Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլին։ ԵՄ-ը կշարունակի իր ներգրավվածությունը՝ աջակցելու լարվածության թուլացման ջանքերին և հանձնառու է երկու կողմերի հետ սերտ համագործակցությանը՝ հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնանպատակին»,- նշել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Ի պատասխան Հայաստանի դիմումին՝ Առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի տեղում իրավիճակի մասին, ինչը ԵՄ-ին հնարավորություն կտա ամրապնդել տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր ընկալումը: Առաքելությունը կնպաստի նաև գործընթացի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորդությամբ ձեռնարկվող միջնորդական ջանքերին։

Հայաստանում ԵՄ առաքելության նախնական մանդատի տևողությունը երկու տարի է։  Առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարն է ԵԱԳԾ Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների հարցերով ղեկավար-տնօրեն Ստեֆանո Տոմատը: Առաջիկայում կնշանակվի առաքելության ղեկավար, ով տեղում կառաջնորդի առաքելության գործողությունները։

Նախորդ տարվա հոկտեմբերին Արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշեց Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստան տեղակայել ԵՄ դիտորդական խումբ։ Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության լիարժեք գործարկումը մեկնարկեց 2022 թվականի հոկտեմբերի 20-ին: Այն իրականացրեց շուրջ 176 պարեկություն և 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ավարտեց իր գործունեությունը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,