Գրանցվեք հիմա՝ մասնակցելու 2022 թվականի Հետազոտությունների և նորարարությունների եվրոպական օրերին
27 Հուլիսի, 2022

Գրանցվեք հիմա՝ մասնակցելու 2022 թվականի Հետազոտությունների և նորարարությունների եվրոպական օրերին


Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների հարցերով գլխավոր տնօրինությունը մեկնարկել է չորրորդ անգամ անցկացվող Հետազոտությունների և նորարարությունների եվրոպական օրերի համար գրանցումը, որը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 28-ին և 29-ին վիրտուալ ձևաչափով:

Այս տարվա միջոցառումը մասնակիցներին հնարավորություն կտա քննարկել և ձևակերպել նոր լուծումներ՝ ամրապնդելու Եվրոպայի դիմակայունությունը և նրա ռազմավարական ինքնավարությունը: Ծրագիրը ներառում է աշխատաշրջաններ նոր Եվրոպական նորարարական օրակարգի, Երիտասարդության եվրոպական տարվա, եվրոպական մշակութային ստեղծագործության հարստության, ԵՄ առաքելությունների և շատ այլ թեմաների շուրջ:

Նորարարությունների, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելն ասել է. «Բաց մի թողեք Եվրոպայի խոշորագույն հետազոտական և նորարարական իրադարձությունը: Հետազոտությունների և նորարարությունների եվրոպական օրերն այս տարի ունեն հարուստ ծրագիր, որն ընդգրկում է Եվրոպական նոր նորարարական օրակարգին, ԵՄ առաքելություններին, Երիտասարդության եվրոպական տարվան և այլնին առնչվող վերջին նորությունները: Սա ձեր հնարավորությունն է՝ նպաստելու Եվրոպան խորը տեխնոլոգիական նորարարությունների և ստարտափների նոր ալիքի գլոբալ հզոր կենտրոն դարձնելու գործին: Գրանցվե՛ք հիմա և միացե՛ք քննարկմանը»։

Երկօրյա միջոցառումը մեկ տեղում կհավաքի քաղաքականություն մշակողներին, հետազոտողներին, ձեռներեցներին և քաղաքացիներին՝ քննարկելու և ձևակերպելու հետազոտությունների և նորարարությունների ապագան Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, միջոցառման մաս կազմող քաղաքականության համաժողովը գրավում է հազարավոր մասնակիցների ամբողջ աշխարհից:

Բացի այդ, 2022 թվականի Հետազոտությունների և նորարարությունների եվրոպական օրերի ավանը (2022 EU R&I Days Village) տարածք կապահովի ծանոթությունների և գործնական կապերի հաստատման համար: Այս տարի ավանը կներառի մի քանի թվային «Տներ», որոնք կառնչվեն հետազոտական և նորարարական քաղաքականությանն ու նորարարական ֆայլերին, «Հորիզոն Եվրոպա» ծրագրին և կլիմայի հարմարմանը, քաղցկեղային հիվանդություններին, օվկիանոսային ռեսուրսներին, քաղաքներին ու հողային ռեսուրսներին վերաբերող ԵՄ հինգ առաքելություններից յուրաքանչյուրին: Նոր ինտերակտիվ ցուցահանդեսը քաղաքացիներին անմիջականորեն կհաղորդակցի ԵՄ առաքելությունների հետ, ինչը մեր ամենամեծ մարտահրավերներից մի քանիսին կոնկրետ լուծումներ տալու նոր միջոց է:

Ընդհուպ մինչև սեպտեմբերյան միջոցառումը դրան առնչվող լուրերն ու թարմացումները կանոնավոր կերպով կտարածվեն սոցիալական ցանցերում #RiDaysEU հեշթեգով, ինչպես նաև միջոցառման կայքէջով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հետազոտությունների և նորարարությունների եվրոպական օրեր 2022



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,