Հուլիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ աճող գործընկերությունը վերահաստատելու եւ առաջ մղելու նպատակով:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Անտոնիու Կոշտան ողջունեցին Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը եւ իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին:
Առաջնորդները ողջունեցին ԵՄ-ՀՀ Գործընկերության նոր օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ Հայաստանի` վերջերս ընդունված «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:
ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը եւ երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական եւ տեխնիկական օգնության միջոցով:
««Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը եւ միակցվածությունը։ 2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն եւ աճ» ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Ներդրումները խթանելուն միտված 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ եւ 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը եւ էներգետիկայի, տրանսպորտի եւ մասնավոր հատվածներում ներդրումներին», — ասվում է Եվրոպական հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ։
Այս համատեքստում, ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային միակցվածությանը եւ հաշտեցմանը: Նախագահ ֆոն դեր Լայենը եւ նախագահ Կոշտան նաեւ նշեցին Հայաստանի շարունակական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում կայունության խթանմանը, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով:
Առաջնորդները նաեւ ընդգծեցին Հայաստանը ԵՄ տարածաշրջանային եւ տնտեսական նախաձեռնություններում, մասնավորապես, Սեւ ծովի ռազմավարության շրջանակներում, ներգրավելու հնարավորության կարեւորությունը։
Նախագահ ֆոն դեր Լայենը եւ նախագահ Կոշտան շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության եւ պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար: Վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնեցին շարունակել համատեղ ջանքերն այդ ուղղությամբ։
Առաջնորդները նաեւ ողջունեցին ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ անվտանգության եւ պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը։
Անդրադառնալով արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին եւ միջամտությանը, ապատեղեկատվությանը եւ կիբեռսպառնալիքներին՝ ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները եւ կիրառելու ԵՄ առկա գործիքները: Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին։
ԵՄ առաջնորդները ողջունեցին այն փաստը, որ Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։
Վերջում առաջնորդները եզրակացրին, որ տվյալ հանդիպումը «կարեւոր քայլ է» ԵՄ-Հայաստան հարաբերություններում եւ կոչ արեցին շարունակել առաջընթացն այս աշնանը կայանալիք ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստին։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,