Երիտասարդության եվրոպական տարի 2022. ԵՄ-ն ընդունում է առաջին երիտասարդական գործողությունների ծրագիրը՝ ամրապնդելու երիտասարդների հետ փոխգործակցությունն ամբողջ աշխարհում
6 Հոկտեմբերի, 2022

Երիտասարդության եվրոպական տարի 2022. ԵՄ-ն ընդունում է առաջին երիտասարդական գործողությունների ծրագիրը՝ ամրապնդելու երիտասարդների հետ փոխգործակցությունն ամբողջ աշխարհում


Հոկտեմբերի 4-ին Եվրոպական հանձնաժողովն ընդունեց Եվրոպական միության 2022-2027 թթ. արտաքին գործողությունների շրջանակում երիտասարդական գործողությունների ծրագիրը: Սա ամբողջ աշխարհում երիտասարդների հետ ռազմավարական գործընկերությանն ուղղված առաջին քաղաքականության շրջանակն է՝ հանուն ավելի դիմակայուն, ներառական և կայուն ապագայի կառուցման:

«Աշխարհը պատմության մեջ երիտասարդների ամենաբազմաքանակ սերնդի տունն է: Ցավոք սրտի, 600 միլիոն երիտասարդ ապրում է կոնֆլիկտային կամ փխրուն իրավիճակներում, և մոտ 264 միլիոն երեխա ու երիտասարդ դպրոց չի հաճախում», – գործողությունների ծրագրի մասին հայտարարելիս ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հավելելով. «Մենք պատասխանատվություն ենք կրում՝ ապահովելու, որպեսզի երիտասարդներն ունենան առօրյա կյանքում լիարժեք զարգանալու և մասնակցության համար անհրաժեշտ գործիքներն ու հնարավորությունները։ Նրանք վաղվա մեծահասակներն են, ուստի մենք պետք է ներդրումներ կատարենք նրանց ներկայի ու ապագայի ուղղությամբ»։

Երիտասարդության վերաբերյալ ԵՄ արտաքին գործողությունների ծրագիրը կամրապնդի ընթացիկ նախաձեռնությունները և կմեկնարկի ամբողջ աշխարհի երիտասարդներին ուղղված նոր առանցքային նախաձեռնություններ՝ ներառյալ «Երիտասարդները և կանայք ժողովրդավարության մեջ» նախաձեռնությունը և Երիտասարդների հզորացման հիմնադրամը:

40 միլիոն եվրո բյուջեով «Երիտասարդները և կանայք ժողովրդավարության մեջ» նախաձեռնությունն ուղղված կլինի ամբողջ աշխարհում երիտասարդների, երիտասարդ ակտիվիստների և երիտասարդական կազմակերպությունների ձայնի բարձրացմանն ու նրանց առաջնորդական հմտությունների զարգացմանը՝ ամրապնդելով նրանց իրավունքները և նպաստելով նրանց հզորացմանն ու մասնակցությանը հասարակական և քաղաքական կյանքում: Նախաձեռնությունը կաջակցի ինստիտուցիոնալ վերահսկողության, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրական գործընթացների քաղաքացիական դիտարկման, ժողովրդավարական բարեփոխումների ջատագովության, քաղաքացիական կրթության, ընտրական իրավունքի խթանման, միավորումների և հավաքների ազատության և մարդու իրավունքների ոլորտներում գործող հասարակական կազմակերպություններին և երիտասարդ ակտիվիստներին:

Երիտասարդների հզորացման հիմնադրամը 10 միլիոն եվրո բյուջեով նոր պիլոտային նախաձեռնություն է, որն ուղղակի ֆինանսական աջակցություն կտրամադրի գործընկեր երկրներում երիտասարդների կողմից ղեկավարվող նախաձեռնություններին, որոնք ուղղված են տեղական մակարդակում Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներում, ինչպես նաև խոցելի խմբերին և մարգինալացված երիտասարդների ներգրավմանը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,