Եվրամիությունը նպաստում է Հայաստանի մարզերի երիտասարդների ինքնահաստատմանը
3 Մարտի, 2020

Եվրամիությունը նպաստում է Հայաստանի մարզերի երիտասարդների ինքնահաստատմանը


Հայաստանի մարզերում Եվրամիության աջակցությամբ ստեղծված SKYE ակումբների միջոցով փորձ է արվում մարզերի երիտասարդների շրջանում կարծրատիպեր կոտրել, մարդկանց սովորեցնել ավելի հոգատար լինել սեփական համայնքի նկատմամբ։

Արարատի մարզի բնակիչ Եվա Դեմիրճյանը, ով Արարատի SKYE ակումբի առաջնորդն է, 2018 թվականից զբաղվում է այս աշխատանքով ու ասում, որ կարճ ժամանակահատվածում հաջողվել է փոխել մարզի այն երիտասարդների մտածելակերպը, ովքեր այդ ակումբ են հաճախում։

«Մարդիկ սովորում են հոգատար լինել իրենց համայնքի նկատմամբ, դառնում են ավելի համարձակ, ինքնավստահ, մտածելակերպով ավելի առաջադեմ են, ակտիվ։ Երբ ես հիշում եմ նրանց առաջին հանդիպման ժամանակ և համեմատում եմ այսօրվա հետ, շատ մեծ տարբերություն կա։ Մեր ծրագիրը նաև դաստիարակչական բնույթ ունի»,- մեզ հետ զրույցում ասում է Եվա Դեմիրճյանը։

Եվրամիության EU4Youth SAY YES “Skills for jobs” («Հմտություններ աշխատանքի համար») ծրագրի շրջանակներում Արարատ քաղաքում SKYE ակումբը սկսել է գործել 2018 թվականի փետրվարից։ Ծրագրի իրականացնողը «Վորլդ Վիժն Հայաստանն» է։ Այս ծրագիրը գործելու է մինչև 2021 թվականը Հայաստանի երեք մարզերում՝ Արարատում, Լոռիում և Գեղարքունիքում։ Գաղափարը ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդների սոցիալ-տնտեսական կարողությունների հզորացումն է։

  • Yeva Demirchyan
  • SKYE club in Ararat province
  • SKYE club in Ararat province
  • SKYE club in Ararat province
  • SKYE club in Ararat province
  • Yeva Demirchyan

«Ակումբը հիմնված է SKYE ուսումնական անիվի վրա, որտեղ հենասյուները մեր չորս ձեռնարկներն են՝ ակտիվ քաղաքացիություն, աշխատունակություն, առաջնորդություն, սոցիալական ձեռներեցություն։ Ունենք հինգ հմտություններ, որոնք զարգացնում ենք, և 9 արժեքներ, որոնց թվում են՝ վստահությունը, հարգանքը, պատասխանատվությունը, ազնվությունը։ Եվ, իրոք, այդ ամենն երիտասարդների վրա դրական է ազդում»,- ասում է Եվա Դեմիրճյանը։

Ծրագրի շահառուները քոլեջների ուսանողներն են, կան նաև ավելի մեծ տարիքի անձինք։ SKYE ակումբում հմտություններ ձեռք բերած անձը հետագայում աշխատանք գտնելու հարցում ավելի քիչ դժվարություններ է ունենում, քանի որ տիրապետում է անհրաժեշտ հմտությունների։

Եվա Դեմիրճյանի խոսքով, ակումբի գործունեության արդյունքը մարզում արդեն տեսանելի է՝ բնակիչները սկսել են մտահոգվել համայնքի խնդիրներով։

«Օրինակ, 2019-ի հունիսի 1-ին մեր սաները ներկեցին քոլեջի 40-ից ավելի նստարանները: Նրանք այնքան ոգևորված էին դա անում, որ անցորդները սկսում էին միանալ ու օգնել։ Իսկ սեպտեմբերի 21-ին դուրս էին եկել ու թերթիկներ էին բաժանում բնակիչներին, որ գրադարանին գրքեր նվիրաբերեն»,- նշեց նա՝ հավելելով, որ նպատակը հետևյալն է՝ համայնքի խնդիրը վեր հանել ու այդ խնդիրը լուծել թե ակումբի անդամների, թե գործընկերների աջակցությամբ:

Եվա Դեմիրճյանի խոսքով, երիտասարդներն ասում են, որ ակումբում ուսուցման շնորհիվ այժմ արդեն շատ մեծ հնարավորություն է տրված իրենց՝ կյանքի կոչելու իրենց գաղափարները, բարձրաձայնելու տարբեր խնդիրներ։

Մարզերում SKYE ակումբները նաև գենդերային խնդիրներն են լուծում, քանի որ Հայաստանի մարզերում կանանց իրավունքների խախտումները շարունակում են մեծ խնդիր մնալ։

«Մենք հաճախ անկեղծ զրույցներ ենք ունենում և, եթե քննարկումների ընթացքում տղաները պնդում են, որ իրենց կանայք չպետք է աշխատեն, ապա աղջիկները այնպես են քննարկումը ծավալում, որ տղաները սկսում են համոզվել՝ իրենց կանայք կարող են աշխատել»։

Ծրագրի ասիստենտ Քրիստինե Ասլիկյանն ասում է, որ մարզերում դժվար է բացատրել, թե ինչ է SKYE-ը։

  • Publications available at SKYE club in Ararat province
  • SKYE club in Ararat province
  • SKYE club in Ararat province
  • SKYE club in Ararat province
  • SKYE club in Ararat province

«Մարդկանց մոտ «ակումբ» հասկացությունը միշտ ասոցացվում է վատ երևույթների հետ։ Բայց մարդիկ էլ կամաց-կամաց փոխվում են»,- ասում է Քրիստինեն։

Նրա խոսքով՝ երեք մարզերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի SKYE ակումբի սաների մեծ մասը տղաներ են, իսկ Արարատում ու Լոռիում՝ աղջիկներ։

«Մեզ պատմեցին, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում SKYE ակումբի շնորհիվ երիտասարդներն արդեն ավելի ինքնավստահ են դարձել։ Դասերից մեկի ժամանակ ուսուցիչը ցանկացել է երեխաներից մեկին հարվածել, մյուսը, ով SKYE-ի անդամ է, ձեռքը բռնել, ասել է՝ դուք իրավունք չունեք ու սկսել իրենց իրավունքներից խոսել»,- պատմում է Քրիստինե Ասլիկյանը։

SKYE ակումբի անդամներն առաջադեմ են, ակտիվ ու կրթված: Եվ ամենակարևորը՝ նրանք գիտեն իրենց իրավունքները և թույլ չեն տալիս դրանք ոտնահարել:

Author: Roza Hovhannisyan

Article published in ArmenianRussian and English by Lragir.am



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,