Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ. Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
5 Մայիսի, 2022

Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ. Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է պատժամիջոցների վեցերորդ փաթեթը


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 4-ին ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։

Նախ, ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել բարձրաստիճան զինվորականների և այլ անձանց, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել Բուչայում և պատասխանատու են Մարիուպոլ քաղաքի անմարդկային պաշարման համար: «Սա ևս մեկ կարևոր ազդանշան է կրեմլյան պատերազմի բոլոր մեղավորներին. մենք գիտենք, թե ով եք դուք, և դուք պատասխանատվության կենթարկվեք»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Երկրորդ՝ ԵՄ-ն SWIFT համակարգից կանջատի Ռուսաստանի խոշորագույն բանկը՝ «Սբերբանկը» և ևս երկու այլ խոշոր բանկեր: Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ այս բանկերը համակարգային կարևորություն ունեն Ռուսաստանի ֆինանսական համակարգի և Պուտինի՝ ավերածություններ անելու ունակության համար: «Սրանով կամրապնդվի Ռուսաստանի ֆինանսական հատվածի լիակատար մեկուսացումը համաշխարհային համակարգից»,- ասել է նախագահը։

Երրորդ, ԵՄ-ն արգելափակում է ռուսական երեք խոշոր պետական հեռարձակողների մուտքը ԵՄ եթեր: Նրանց այլևս չի թույլատրվի տարածել իրենց բովանդակությունը ԵՄ-ում՝ անկախ ձևից, լինի դա մալուխային, արբանյակային և ինտերնետային կապի կամ սմարթֆոնային հավելվածների միջոցով:

«Մենք այդ հեռուստաալիքները դիտարկում ենք որպես Պուտինի ստերն ու քարոզչությունը ագրեսիվորեն տարածող խոսափողներ: Մենք այլևս չպետք է նրանց հարթակ տանք այս ստերը տարածելու համար։ Ավելին, Կրեմլը ապավինում է եվրոպացի հաշվապահների, խորհրդատուների և հանրային կապերի մասնագետների: Եվ դրան հիմա վերջ կդրվի։ Մենք արգելում ենք ռուսական ընկերությունների համար այդպիսի ծառայությունների մատուցումը»,- հայտարարել է ֆոն դեր Լեյենը։

Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է նաև արգելել ռուսական նավթը։ Սա կլինի ցանկացած տեսակի ռուսական նավթի ներմուծման ամբողջական արգելք՝ ծովային և խողովակաշարային, հումքային և վերամշակված: ԵՄ-ն կհոգա ռուսական նավթից աստիճանաբար հրաժարվելու մասին այնպես, որ ԵՄ-ը և նրա գործընկերները կարողանան ապահովել մատակարարման այլընտրանքային ուղիներ և նվազագույնի հասցնել համաշխարհային շուկաների վրա այդ քայլի ազդեցությունը:

«Այդ պատճառով մենք վեց ամսվա ընթացքում աստիճանաբար կդադարեցնենք ռուսական հում նավթի մատակարարումները, իսկ մինչև տարեվերջ՝ նաև վերամշակված արտադրանքներինը: Այսպիսով, մենք առավելագույնի ենք հասցնում ճնշումը Ռուսաստանի վրա՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով մեր և ամբողջ աշխարհում մեր գործընկերների համար կողմնակի վնասը», – ասել է ֆոն դեր Լեյենը։

Նախագահն ասել է, որ բոլոր այս քայլերը նպատակ ունեն զրկել ռուսական տնտեսությունը դիվերսիֆիկացման և արդիականացման հնարավորությունից։ «Պուտինը ցանկանում էր Ուկրաինան ջնջել քարտեզից։ Նրան դա ակնհայտորեն չի հաջողվի։ Ընդհակառակը. Ուկրաինան միասնականորեն ոտքի է կանգնել։ Իսկ ահա իր երկիրը՝ Ռուսաստանը, խորտակվում է»,- եզրափակել է նախագահը։

Նա նշել է, որ «ԵՄ-ն ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի այս պատերազմում» և կօգնի ուկրաինացիներին վերականգնել իրենց երկիրը հաջորդ սերունդների համար։ Այդ իսկ պատճառով Եվրոպական հանձնաժողովը նաև առաջարկում է սկսել աշխատել Ուկրաինայի վերականգնման հավակնոտ փաթեթի վրա, որը պետք է հսկայական ներդրումներ ներգրավի երկրի կարիքները բավարարելու և անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ուկրաինական տնտեսության թույլ կողմերը վերացնելու և կայուն երկարաժամկետ աճի հիմքեր ստեղծելու համար։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,