Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում համագործակցել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ՝ 2020 թվականից հետո

9 Ապրիլի, 2020

  • Ի՞նչ նպատակով է ԵՄ-ն Արևելյան գործընկերության նոր քաղաքականություն մշակել
  • Ինչո՞վ է նոր քաղաքականությունը տարբերվում հնից
  • Ի՞նչ է հստակ արվելու և ի՞նչ արդյունքներ են ակնկալվում
  • ԵՄ-ն խոստանում է միասին լուծում գտնել ընդհանուր խնդիրներին: Արդյո՞ք դա վերաբերում է նաև կորոնավիրուսին
  • Ե՞րբ է մեկնարկում նոր քաղաքականության իրագործումը և որքա՞ն գումար է ԵՄ-ն պատրաստվում ներդնել այդ ուղղությամբ
  • Որո՞նք են Արևելյան գործընկերության քաղաքականության արդեն իսկ իրագործված նպատակները
Քարտ %1 / %2

Ի՞նչ նպատակով է ԵՄ-ն Արևելյան գործընկերության նոր քաղաքականություն մշակել

Արևելյան գործընկերության գործող «20 թիրախային արդյունքներ 2020 թվականի համար» ծրագիրը մոտենում է ավարտին: Այժմ անհրաժեշտ է մշակել համատեղ աշխատանքի նոր սկզբունքներ:

 

Նախորդ տարվա հունիսից Եվրոպական հանձնաժողովը հանրային խորհրդակցություններ է անցկացրել Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության, կառավարությունների, գործարար հատվածի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ համատեղ կարգով քաղաքականության երկարաժամկետ նպատակներ սահմանելու համար: Այս խորհրդակցությունների արդյունքում համատեղորեն ստեղծվեց Արևելյան գործընկերության նոր քաղաքականության նախագիծը:

Նոր քաղաքականությունն ուղղված է քաղաքացիների կյանքի բարելավմանը և գործընկեր երկրների կայուն զարգացմանը: Քաղաքականությունը նպատակ ունի նաև ամրապնդել Եվրոպական միության դիրքերն աշխարհում:

Արևելյան գործընկերության և դրա նպատակների մասին կարդացեք տեղեկատվական քարտերում:

Ինչո՞վ է նոր քաղաքականությունը տարբերվում հնից

Ընդհանուր առմամբ, ինչպես ԵՄ-ն, այնպես էլ գործընկեր երկրները գոհ են վերջին 10 տարվա ընթացքում իրենց համատեղ աշխատանքի արդյունքներից: Նոր քաղաքականությունը սահմանում է հինգ առաջնային ոլորտներ, որոնք գործընկերությանը կօգնեն ավելի լավ արձագանքել ժամանակի մարտահրավերներին ու ավելի մեծ ուշադրություն դարձնել հասարակ քաղաքացիների վրա.

  • Կայուն տնտեսություն.
  • Օրենքի գերակայության և անվտանգության ապահովում.
  • Շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն.
  • Թվային փոխակերպում.
  • Ներառական հասարակություն:

Նոր քաղաքականության մեջ շրջակա միջավայրի պաշտպանությունն ու թվայնացումը սահմանվել են որպես գերակա ուղղություններ: Այն նաև կնպաստի գենդերային հավասարությանը, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական հնարավորություններին, մասնավորապես՝ երիտասարդների համար:

 

Ի՞նչ է հստակ արվելու և ի՞նչ արդյունքներ են ակնկալվում

Քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը ճկունության բարելավումն է: Գործնականում սա նշանակում է աջակցություն տնտեսության արդիականացմանն ուղղված բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը, ինչը կօգնի ապահովել երկարաժամկետ արդյունքներ ու կնպաստի երկրների կայուն զարգացմանը և դրանց անվտանգությանը:

Տնտեսության ոլորտում ԵՄ-ն առաջարկում է խորացնել տնտեսական ինտեգրումը, ինչպես նաև ավելացնել առևտրի ծավալները, որը վերջին տասնամյակում գրեթե կրկնապատկվել է: ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի (ԽՀԱԱԳ) իրականացմանը, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը ԽՀԱԱԳ-ում չներառված երկրների հետ, օրինակ՝ ոլորտային համաձայնագրերի միջոցով:

Համատեղ աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը շրջանաձև, «կանաչ» տնտեսությունների զարգացումն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարն է: ԵՄ-ն գործընկեր երկրներին կօգնի արդիականացնել արտադրությունը, նվազեցնել ածխածնային արտանետումները, կատարել Փարիզի համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները:

ԵՄ-ն ներդրումներ կկատարի գործընկեր երկրների թվային փոխակերպման և ԵՄ միասնական թվային շուկայում վերջիններիս ինտեգրման ուղղությամբ: Այս ոլորտում առավել սպասված արդյունքներից են՝ ռոումինգի սակագների նվազեցումը, լայնաշերտ կապի ենթակառուցվածքների ընդլայնումն ու ինտերնետ հասանելիությունը, էլեկտրոնային կառավարման հարմար համակարգերը:

Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքներն անհրաժեշտ պայմաններ են շուկայական տնտեսության գործառնության, ներդրումներ ներգրավելու և կայուն զարգացման համար:

ԵՄ-ն և գործընկեր երկրների կառավարությունները կշարունակեն կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատական համակարգի անկախության ու անկողմնակալության ապահովման և պետական կառավարման բարելավման ուղղությամբ համատեղ աշխատանքը: ԵՄ-ն կաջակցի քաղաքացիական հասարակությանն ու անկախ ԶԼՄ-ներին և կմշտադիտարկի օրենքի գերակայության ոլորտում բարեփոխումների առաջընթացը: Նշված ոլորտում բարեփոխումների էական ձգձգումը կամ նույնիսկ հետընթացը կհանգեցնի ԵՄ ֆինանսավորման կրճատմանը:

ԵՄ-ն մշակել է եվրոպական արժեքների դեմ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն: Կավելանա ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև համագործակցության դրական արդյունքների, երիտասարդների հետ աշխատանքի ու  հիբրիդային սպառնալիքների հակազդմանը նվիրված ուսումնական ծրագրերի մասին հաղորդակցության ծավալը:

ԵՄ-ն խոստանում է միասին լուծում գտնել ընդհանուր խնդիրներին: Արդյո՞ք դա վերաբերում է նաև կորոնավիրուսին

ԵՄ-ն գործընկեր երկրներին աջակցություն կցուցաբերի առողջապահության բնագավառում. բժշկական հաստատությունների արդիականացում, էլեկտրոնային համակարգերի ներդրում, բժշկական անձնակազմի վերապատրաստում և բոլորի համար բժշկական օգնության մատրելիության ապահովում: Սա կօգնի ավելի արդյունավետ կերպով բուժել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները, այդ թվում՝ կորոնավիրուսը (COVID-19):

ԵՄ-ն աշխատում է նաև ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ:

Ե՞րբ է մեկնարկում նոր քաղաքականության իրագործումը և որքա՞ն գումար է ԵՄ-ն պատրաստվում ներդնել այդ ուղղությամբ

Նոր քաղաքականությունը պետք է հաստատվի Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում, որին կմասնակցեն պետությունների և կառավարությունների ղեկավարները: Տարվա երկրորդ կեսին՝ հիմնական շահագրգիռ կողմերի հետ հետագա բանակցություններից հետո, Հանձնաժողովը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը կառաջարկեն համագործակցության իրատեսական առաջադրանքների ու ակնկալվող արդյունքների ցանկը:

Ներդրումների հստակ չափը հայտնի կդառնա ԵՄ բազմամյա ֆինանսավորման ծրագրի հաստատումից հետո:

Որո՞նք են Արևելյան գործընկերության քաղաքականության արդեն իսկ իրագործված նպատակները

Անցած 10 տարիների ընթացքում Արևելյան գործընկերությունը զարգացել է ընդհանուր արժեքների, փոխադարձ հետաքրքրությունների և պարտավորությունների, ինչպես նաև ընդհանուր պատասխանատվության հիման վրա: Այս ռազմավարական գործընկերությունն ամրապնդվել և զարգացում է ապրել ասոցացման և ազատ առևտրի, ընդլայնված գործընկերության, վիզաների դյուրացման ու հետընդունման և այլնի վերաբերյալ կարևոր համաձայնագրերի միջոցով: 2019 թվականին անցկացված խորհրդակցությունները ցույց տվեցին, որ Արևելյան գործընկերությունը դրական արդյունքներ է ապահովում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար: «20 թիրախային արդյունքներ 2020 թվականի համար» ծրագրի դրական ազդակներից մեկը տնտեսության, հասարակության և վեց երկրների ու ԵՄ-ի միջև կապերի ամրապնդման ուղղությամբ առաջընթացն է:

Անցած տասնամյակի ընթացքում գրեթե կրկնակի անգամ աճել է ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառությունը: ԵՄ-ն հանդիսանում է Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի թիվ մեկ առևտրային գործընկերը, և երկրորդն է՝ Հայաստանի ու Բելառուսի համար: Վեց երկրների ավելի քան 125 հազար փոքր ու միջին ձեռնարկություններ օգտվել են ԵՄ ֆինանսավորումից՝ աշխատանքով ապահովելով 250 հազար մարդու: Միայն 2018 թ.-ին կանանց կողմից ղեկավարվող 7,250 ընկերություններ ստացել են ավելի քան 60 միլիոն եվրո՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար:

Տրանսպորտային կապերը բարելավելու համար 20 միլիոն եվրո է հատկացվել եվրոպական TEN-T ցանցի ընդլայնման համար, ինչը թույլ կտա մինչև 2030 թվականը կառուցել և վերանորոգել 4,800 կմ երկարությամբ ճանապարհներ ու երկաթուղիներ:

Քաղաքային նոր ավտոբուսային պարկերը, էներգաարդյունավետ բազմաբնակարան շենքերը և կենտրոնացված ջեռուցման համակարգի բարեփոխումներն արդյունքն են Էներգաարդյունավետության ու շրջակա միջավայրի «E5P» հիմադրամի գործունեության, որն ավելի քան 150 միլիոն եվրո է հատկացրել՝ ներդրումային դրամաշնորհների տեսքով: Դրանք օգնել են բարելավել 8 միլիոն մարդու կյանքը:

Արևելյան գործընկերությունն օգուտ է բերում նաև երիտասարդներին ու հետազոտող-գիտնականներին. 23,000 երիտասարդներ ստացել են EU4Youth դրամաշնորհներ ու աշխատանքի տեղավորման օժանդակություն, իսկ վեց երկրներից 915 հետազոտողներ էլ գիտական գործունեության ֆինանսավորում են ստացել «Մարի Կյուրի» հիմնադրամից:

2016 թվականից ի վեր, «Էրազմուս+»-ի շնորհիվ, 32 հազար ուսանողներ և դասախոսներ մասնակցել են ակադեմիական փոխանակումների, 46 հազար հոգի էլ մասնակցել է այլ տեսակի երիտասարդական փոխանակման ծրագրերի, այդ թվում՝ կամավորական:

Որոշակի առաջընթաց է արձանագրվել կառավարման որակի բարելավման գործում, մինչդեռ շատ բան պետք է արվի կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ապահովման և անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում:

Զետեղել
The recommended iFrame size is 100% width and 750px height


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,