Ինչո՞ւ է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը կարևոր. քաղաքականությունից՝ ազդեցություն

6 Դեկտեմբերի, 2021

  • Ո՞րն է ԱլԳ գագաթնաժողովի նշանակությունը: Արդյո՞ք այն ինչ-որ բան փոխում է մարդկանց կյանքում:
  • Որո՞նք են ԵՄ-ի առաջնահերթությունները դեկտեմբերյան գագաթնաժողովի համար: Ի՞նչ նպատակներ է այն սահմանել գալիք տարիներին։
  • Որո՞նք են նախորդ գագաթնաժողովի արդյունքները։ Արդյո՞ք ԱլԳ-ն հասել է իր սահմանած նպատակներին։
  • Ինչպե՞ս են ԵՄ ներդրումները հասնում կոնկրետ մարդկանց։
Քարտ %1 / %2

Ո՞րն է ԱլԳ գագաթնաժողովի նշանակությունը: Արդյո՞ք այն ինչ-որ բան փոխում է մարդկանց կյանքում:

2009 թվականից Արևելյան գործընկերությունն (ԱլԳ) աշխատանք է տանում՝ ամրապնդելու քաղաքական և տնտեսական հարաբերությունները Եվրոպական միության, դրա անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի վեց գործընկեր երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև:

ԱլԳ գագաթնաժողովները տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ, դրանց մասնակցում են պետությունների կամ կառավարությունների ղեկավարները: Այդ հանդիպումներում ամենաբարձր մակարդակով սահմանվում են գործընկերության գալիք տարիների քաղաքական ուղղությունը և համագործակցության առաջնահերթությունները:

Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետև ԱլԳ գագաթնաժողովներում որոշված քաղաքական առաջնահերթություններն արդյունքում վերածվում են ԵՄ աջակցության՝ տարբեր ոլորտներում համագործակցության ֆինանսավորման՝ սկսած զբաղվածությունից մինչև էներգետիկա, շրջակա միջավայրից մինչև առողջապահություն, թվային կապից մինչև արդարադատության բարեփոխումներ, տրանսպորտային կապից մինչև երիտասարդների հզորացում:

Այդ գագաթնաժողովների արդյունքները կարող են իրական տարբերության պատճառ դառնալ. ավիատոմսերի կամ ռոմինգի գների նվազում, ուսումնական և աշխատանքային հնարավորություններ, տղամարդկանց և կանանց իրավահավասարություն և ավելի ներառական հասարակություն, ավելի մաքուր ջուր և COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիություն, աջակցություն նորարարություններին կամ ապագա տնտեսական մարտահրավերներին համահունչ հմտությունների զարգացմանը:

2021 թվականի դեկտեմբերին ԱլԳ 6-րդ գագաթնաժողովում ընդունված որոշումներն ու որդեգրած ուղղությունները առաջիկա տարիներին փոփոխություն կբերեն ձեր կյանքում:

Այսպես թե այնպես դուք կզգաք այդ փոփոխությունները, քանի որ ԵՄ-ն աշխատում է ազգային և տեղական իշխանությունների հետ՝ միասին հասնելու գագաթնաժողովում համաձայնեցված նպատակներին: Տարբերությունը կարող է լինել էլեկտրաէներգիայի համար ձեր կատարած վճարումների նվազման տեսքով՝ շնորհիվ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների: Այն կարող է լինել ձեր հաջորդ աշխատանքի տեսքով, որը ստեղծվել է շնորհիվ նրա, որ տեղական բիզնեսը կարողացել է ընդլայնվելու համար գումար հայթայթել, կամ շնորհիվ այն հմտությունների, որոնք դուք ձեռք եք բերել նոր ուսումնական ծրագրի շրջանակներում: Փոփոխությունը կարող է լինել նաև ԵՄ աջակցությամբ ճանապարհների և երկաթուղիների արդիականացման կամ ձեր տարածաշրջանում հասանելի լայնաշերտ կապի որակի բարելավման, այսինքն՝ ուսման, գործարարության կամ առցանց ծառայություններից օգտվելու ավելի մեծ հնարավորությունների տեսքով:

Որո՞նք են ԵՄ-ի առաջնահերթությունները դեկտեմբերյան գագաթնաժողովի համար: Ի՞նչ նպատակներ է այն սահմանել գալիք տարիներին։

Դեկտեմբերի գագաթնաժողովը կկենտրոնանա հինգ հիմնական ոլորտների աջակցման վրա՝ տնտեսություն, կառավարում, շրջակա միջավայր, թվայնացում և ներառական հասարակություններ:

Այս առաջնահերթությունները հիմնված են Արևելյան գործընկերության անցյալի ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, մասնավորապես՝ «կանաչ» և թվային տեխնոլոգիաներին անցումը, ինչպես նաև հետհամավարակային վերականգնումը:

Վերականգնումը, դիմակայունությունը և բարեփոխումներն այս ապագա օրակարգի հիմնական կառուցվածքային տարրերն են: Այդ օրակարգը ներառում է հետևյալ 10 հիմնական նպատակները, որոնց պետք է հասնել մինչև 2025 թվականը.

  • Աջակցություն 500 000 ՓՄՁ-ների;
  • Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից սեփական տնտեսական ակտիվների հայտարարագրում, ինչպես նաև այդ հայտարարագրերի ստուգում;
  • 3 000 կմ երկարությամբ առաջնահերթ նշանակության ճանապարհների և երկաթուղիների կառուցում կամ արդիականացում;
  • 70 000 անհատական շարժունակության հնարավորություն ուսանողների և դասավանդող անձնակազմի, հետազոտողների, երիտասարդների և երիտասարդական աշխատողների համար;
  • հիբրիդային սպառնալիքների բացահայտում և դրանց վերացում, կիբեր դիմակայունության աճ և կիբերհանցագործությունների դեմ պայքար;
  • 250 000 տնային տնտեսությունների կողմից առնվազն 20%-ով էներգիայի սպառման նվազեցում;
  • 3 միլիոն մարդու համար անվտանգ ջրամատակարարման ապահովում, 300 քաղաքներում օդի որակի մշտադիտարկում և բարելավում;
  • 850 000 բուժաշխատողների պատվաստում, ինչպես նաև նրանց աշխատանքային պայմանների, օգտագործվող սարքավորումների ու թերապևտիկ միջոցների բարելավում;
  • Աջակցություն 2 500 տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, 120 անկախ լրատվամիջոցների և 2 000 լրագրողների;
  • Գերարագ ինտերնետի մատչելի հասանելիություն տնային տնտեսությունների 80%-ին:

Բացի այդ, հաշվի առնելով 2,3 միլիարդ եվրո բյուջեով իր նոր Տնտեսական և ներդրումային ծրագիրը, ԵՄ-ն մի շարք հավակնոտ նախաձեռնություններ է նախանշել գործընկեր երկրներից յուրաքանչյուրի համար: Ծրագիրը ներառում է կոնկրետ առաջնահերթ նախագծեր, որոնք տեղերում իրական փոփոխություններ կբերեն մարդկանց և բիզնեսների կյանքում։ Այս ներդրումների առանցքում կլինեն տրանսպորտային կապի, փոքր բիզնեսի աջակցության, թվային տեխնոլոգիաների անցման, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության (ներառյալ էներգաարդյունավետությունը), առողջապահության և կրթական բարեփոխումների ոլորտները:

Որո՞նք են նախորդ գագաթնաժողովի արդյունքները։ Արդյո՞ք ԱլԳ-ն հասել է իր սահմանած նպատակներին։

2017 թվականին Արևելյան գործընկերության գագաթնաժողովն ընդունեց «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» բարեփոխումների հավակնոտ աշխատանքային ծրագիրը, որը կոչված էր շոշափելի օգուտներ ապահովել քաղաքացիների կյանքում: Երեք տարի անց արդյունքներն ակնհայտ էին:

Մասնավորապես.

ԵՄ-ն աջակցել է ավելի քան 185 000 փոքր բիզնեսի, օրինակ՝ օրթոպեդիկ և բժշկական ապրանքների ուկրաինական արտադրողին, որը EU4Business-ի վարկի շնորհիվ կարողացել է ներդրումներ կատարել մասնագիտացված սարքավորումներում՝ ավելացնելով իր արտադրությունը, ստեղծելով նոր աշխատատեղեր և սկսելով արտահանում իրականացնել դեպի Բելառուս, Լեհաստան և Էստոնիա: ԵՄ աջակցությունը ՓՄՁ-ներին օգնել է ստեղծել կամ պահպանել 1,65 միլիոն աշխատատեղ ողջ տարածաշրջանում:

Ավելի քան 60 միլիոն եվրո է հատկացվել կանանց կողմից ղեկավարվող գրեթե 7250 ՓՄՁ-ների: Միայն 2018 թվականին «EU4Business» նախաձեռնության շրջանակներում վերապատրաստվել են 290 կին ձեռներեցներ: Օրինակ՝ կին ղեկավար ունեցող վրացական «Tech Engineering Group»-ը ԵՄ «Կանայք բիզնեսում» ծրագրի աջակցության շնորհիվ արձանագրել է եկամուտների աճ 7,5%-ի չափով:

ԵՄ աջակցությամբ տեղական իշխանությունների 187 հաստատություններ հանձն են առել մինչև 2020 թվականը ածխաթթու գազի (CO2) արտանետումները կրճատել 20%-ով, իսկ 240-ն էլ պարտավորվել են մինչև 2030 թվականը այդ ցուցանիշը հասցնել 30%-ի: Օրինակ՝ մոլդովական Օկնիցա և Կանտեմիր քաղաքները հասել են էներգիայի սպառման և արտանետումների կրճատման՝ «խելացի» էներգաարդյունավետ փողոցային լուսավորության շնորհիվ:

ԵՄ աջակցությունը նպաստել է ժամանակակից ջրային քաղաքականությանը գետավազանային մակարդակում՝ ընդգրկելով 500 000 քառ. կմ տարածք և ազդելով տարածաշրջանի ավելի քան 30 միլիոն բնակիչների կյանքի վրա: ԵՄ-ն աջակցում է ջրի մաքրության բարելավմանն այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սևանի ավազանը Հայաստանում և Ապշերոնյան թերակղզին Ադրբեջանում:

ԵՄ-ն աջակցել է երիտասարդների ավելի քան 80 000 փոխանակումներին, այդ թվում՝ «Էրազմուս+» ծրագրի միջոցով: 2018 թվականի սեպտեմբերից Թբիլիսիում գործում է Եվրոպական դպրոցը՝ բարձրորակ կրթություն ապահովելով Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրները ներկայացնող տաղանդավոր երիտասարդների համար, ինչպիսիք են՝ Ալինան՝ Բաքվից, Եվան՝ Խարկովից, Լիլիթն ու Նանեն՝ Հայաստանից, Նինոն և Լուկան՝ Վրաստանից, Ադրիանը՝ Մոլդովայից, Ալինան՝ Բելառուսից։

Սրանք ընդամենը մի քանիսն են այն օրինակներից, թե ինչպիսի շոշափելի օգուտներ է տվել Արևելյան գործընկերությունը ամբողջ տարածաշրջանի քաղաքացիներին՝ 2017 թվականի գագաթնաժողովում ընդունված «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» օրակարգին համահունչ:

Անցեք հետևյալ հղումներով և իմացեք ավելին ձեր երկրում ԵՄ աջակցության ազդեցության մասին.

Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա։

Ինչպե՞ս են ԵՄ ներդրումները հասնում կոնկրետ մարդկանց։

ԵՄ աջակցությունն ուղղորդվում է հարյուրավոր նախագծերի և ծրագրերի միջոցով՝ սկսած խոշոր տարածաշրջանային նախաձեռնություններից, ինչպիսիք են EU4Business-ը, EU4Youth-ը կամ EU4Energy-ն, մինչև ամենափոքր տեղական նախագծեր, որոնք անմիջական աջակցություն են ցուցաբերում ձեր երկրի հեռավոր շրջաններում բնակվող անհատներին:

Այս ծրագրերը տեղերում աշխատում են ազգային և տեղական իշխանությունների, տնտեսական գործընկերների, քաղաքացիական հասարակության և ՀԿ-ների հետ՝ ազգային կառավարությունների հետ համաձայնեցված միջոցառումներ ու բարեփոխումներ իրականացնելու համար:

«Թիմ Եվրոպա» մոտեցման շրջանակներում ԵՄ-ն նաև սերտորեն համագործակցում է եվրոպական ֆինանսական հաստատությունների հետ, ինչպիսիք են Եվրոպական ներդրումային բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների զարգացման գործընկերների հետ՝ այդպիսով բազմապատկելով իր աջակցության շրջանակը և վերջնական ազդեցությունը:

Ավելին այն մասին, թե ինչպես է աշխատում ԵՄ աջակցությունը առանցքային ոլորտներում, ինչ փոփոխություններ է այն բերում և ինչպիսի հնարավորություններ է բացում ձեր առջև, կարդացեք մեր ինտերակտիվ քարտերում.

Աջակցություն կին ձեռներեցներին

Ինչպես օգնել ձեր բիզնեսի վերականգնմանը COVID-19-ից հետո

Ինչպես ավելացնել ձեր բիզնեսի եկամուտները՝ «կանաչ» տեխնոլոգիաների հաշվին

Էրազմուս+

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց

Գիտահետազոտական գործունեության և նորարարությունների ֆինանսավորում

ԵՄ աջակցությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում

Ինչ է EU4Energy-ն և ինչպես կարող է այն օգնել

Անցեք նաև այս հղումով՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր հնարավորությունների մասին տեղյակ լինելու համար:

Զետեղել
The recommended iFrame size is 100% width and 750px height


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,