Առցանց դասընթաց: Խմբագրական ուղեցույց

Միրանդա Հարսթ

Հեռարձակվող լրագրության դասախոս (Էդինբուրգի համալսարան), վիդեոլրագրող, դասընթացավար, մենթոր

Միրանդա Հարսթը լրագրություն է դասավանդում Էդինբուրգի Նեյփիըր համալսարանում (Edinburgh Napier University)՝ հեռարձակվող լուրերի մասնագիտացմամբ: Մինչ այդ, նա ավելի քան 25 տարի աշխատել է BBC-ում՝ հեռուստատեսային, ռադիո և առցանց հարթակներում: Միրանդան 11 տարի անցկացրել է Լոնդոնում՝ աշխատելով BBC World News-ում՝ BBC-ի 24-ժամյա միջազգային հեռուստաալիքում, որտեղ որպես լրատվական բաժնի ղեկավար համակարգել է ուղիղ եթեր հեռարձակվող լրատվական հաղորդումները՝ շաբաթական 110 միլիոնանոց լսարանով: Նա ներգրավված է եղել Մեծ Բրիտանիայի 2015, 2017 և 2019 թվականների խորհրդարանական ընտրությունների և Շոտլանդիայի՝ 2014 թվականի անկախության հանրաքվեի լուսաբանման աշխատանքներում: Դրանից առաջ Միրանդան 13 տարի աշխատել է BBC Scotland-ում՝ լուսաբանելով քաղաքական թեմաներ: Նա նաև վիդեոլրագրող է, դասընթացավար և մենթոր:


Ի՞նչ է խմբագրական ուղեցույցը

Սա հենց ՈՒՂԵՑՈՒՅՑ է: Այստեղ կանոններ չեն, որոնց պետք է հետևել: Սա դրույթների և գործելակերպերի համախումբ է, որի նպատակը ձեզ ԱՋԱԿՑԵԼԸ և օգնելն է, որ ձեր կարողության սահմանում ստեղծեք լավագույն լուրերը՝ անկախ այն բանից, թե որքան բարդ են հանգամանքներն ու որքան խրթին՝ պատմությունը:
Խմբագրական ուղեցույցը նաև օգնում է խմբագրություններին հետևողական լինել: Երբ բոլորը գիտեն, թե ինչ քայլերը է պետք անել՝ ապահովելու հրապարակվող լուրի համապատասխանությունն ամենաբարձր չափանիշներին, ապա թիմերը կարող են միասին աշխատել՝ դա գործնականում կիրառելու համար: Գործընկերները կարող են օգնել աղբյուրները ստուգելու կամ տեղեկությունը ճշտելու հարցում, խմբագիրները կարող են իմանալ, թե որտեղ է պետք կենտրոնացնել ջանքերը և աջակցություն առաջարկել, իսկ մեկնաբանները կարող են վստահություն ունենալ իրենց տրամադրված նյութի վերաբերյալ:

Ինչո՞ւ են կարևոր խմբագրական ուղեցույցները

Մեկ բառ՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ: Վստահությունը լրատվական կազմակերպությունների ամենակարևոր որակն է: Եթե ձեր լսարանը վստահում է ձեր նորություններին, նրանք ձեզ մոտ կգան որպես լուր տրամադրող: Նրանք կդիմեն ձեզ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, նրանք կվստահեն ձեր հաղորդած տեղեկություններին և կտարածեն ձեր բովանդակությունը: Ավելին, եթե ձեր աղբյուրները վստահում են ձեզ, նրանք կօգնեն գտնել և զարգացնել պատմություններ և ձեզ տեղեկություններ կտան: Եթե ձեր կոմերցիոն գործընկերները գիտեն, որ ձեր լսարանը վստահում է ձեզ, նրանք կցանկանան ասոցացվել ձեզ հետ:

Ի՞նչն է վստահություն ստեղծում

Վստահությունը պետք է վաստակել. լսարանը պետք է հնարավորություն ունենա ՏԵՍՆԵԼՈՒ, որ լրատվական կազմակերպություններն ամեն կերպ ձգտում են ապահովել իրենց լուսաբանած տեղեկությունների հավաստիությունը, անաչառությունը և օբյեկտիվությունը: Դա պետք է լինի բացահայտ և տեսանելի, ահա թե ինչու ընկալումը կարող է նույնքան կարևոր լինել, որքան իրականում տեղի ունեցողը: Որպեսզի լուրերը լինեն վստահելի և արժանահավատ, դրանք պետք է ՏԵՍՆԵԼ, իսկ երբ հնարավոր չէ ստուգել փաստերը, կամ երբ սխալներ են արվում, լրատվական կազմակերպությունները պետք է թափանցիկ լինեն այդ առումով: Լրատվական կազմակերպության և լսարանի միջև հանձնառությունը պետք է հստակ լինի: Եվ հենց այստեղ են օգնության գալիս խմբագրական ցուցումները:

Նիլ Մաքինթոշ

խմբագիր, նախկին «Նյու Սքոթսման» թերթ, Միացյալ Թագավորություն. տեսահոլովակ

Տրանսկրիպտ: Առանց վստահության նրանք ինչո՞ւ պետք է գնեն մեր թերթը, այցելեն մեր կայքը կամ բաժանորդագրվեն: Ո՞րն է իմաստը, եթե նրանք չեն հավատալու իրենց կարդացածին, եթե չեն վստահում այն մեթոդներին, որոնցով մենք տեղեկություն ենք հավաքում և ներկայացնում իրենց. Ուստի՝ առանց վստահության մենք կորած ենք: Այսպիսով, այո՛, ուղեցույցն, իսկապես, վստահության այդ կապը ստեղծելու կարևոր տարր է: Հրապարակային ուղեցույցը և մարդկանց կողմից բողոքների դեպքում դրան հղում անելու հնարավորությունը, ինչպես նաև՝ այդ ուղեցույցին կից այն գործընթացը, որով մարդիկ կարող են ընդդեմ ձեր հրապարակած պատմության բողոք ներկայացնել, այդ թվում՝ անկախ մարմնի, իսկապես կարևոր են վստահություն շահելու և պահպանելու առումով՝ ձեր հրապարակած որևէ պատմության կամ ձեր որդեգրած գծի նկատմամբ քննադատությանը հանդիման։ Այդ քննադատությունն, իհարկե, հնարավոր է առաջանա ոչ թե այն պատճառով, որ դուք ինչ-որ սխալ բան եք արել, այլ որովհետև դուք ասում եք այնպիսի բաներ, որոնք մարդիկ չեն ցանկանում լսել: Դա է խնդիրը, հետևաբար՝ ուղեցույցն օգտակար է այն առումով, որ մեզ թույլ է տալիս կատարել մեր աշխատանքը:

Ինչպե՞ս է խմբագրական ուղեցույցն օգնում խմբագրությանը

Խմբագրական ուղեցույցն ապահովում է լուրերն ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու քայլ առ քայլ արդյունավետ գործընթաց: Երբ կա համակարգ, որը բոլոր լրագրողների համար ընկալելի է, և որին հետևելու հանձնառություն են ստանձնել, նորությունների արտադրության գործընթացը դառնում է ավելի արդյունավետ և հետևողական՝ բոլոր նյութերի համար կիրառելով նույն չափանիշները: Այն հեշտացնում է լրագրողների՝ աջակցություն խնդրելը, խմբագիրներն ավելի հեշտությամբ են իմանում, թե որտեղ կենտրոնացնել ջանքերը, և խմբագրատանն արմատավորվում են փորձագիտությունն ու գիտելիքը:

Ալինա Գիրնետ

խմբագիր, «Diez.md» կայք, Մոլդովա

Տրանսկրիպտ: Խմբագրական ուղեցույցին հետևելը թույլ է տալիս, որ մեր թիմում բոլորը «նույն էջի վրա» լինեն: Քանի որ թղթակիցներն աշխատում են տարբեր հերթափոխերով և իրենց նյութերը պատրաստելիս օրվա ընթացքում բախվում են տարատեսակ մարտահրավերների, բոլորի կողմից կանոնների միևնույն համաձայնեցված համախմբին հետևելն օգնում է սահմանել որակի չափանիշներ՝ փաստաթղթավորման, հարցազրույցների անցկացման, խմբագրման և հրապարակման, ներառյալ՝ սոցիալական մեդիայում հրապարակումների և մեր լսարանի ու գործընկերների հետ կապի առումով: Ավելին, քանի որ հաճախ հանրային օրակարգը ձևավորում են շրջապատող իրադարձությունները, որոնք շատ անգամ անկանխատեսելի են, նման ուղեցույցի առկայությունն օգնում է մեզ կողմնորոշվել տեղեկությունների օվկիանոսում, որին առնչվում ենք ամեն օր, ընտրել մեր լսարանի համար էականը և լրահոսը կենտրոնացնել մեր կարծիքով քննարկման համար ամենակարևորի վրա:

Ողջ աշխարհում լրատվական կազմակերպությունների խմբագրական ուղեցույցների առանցքում երեք հիմնական ասպեկտներ են՝ ճշգրտություն, անաչառությունБ և արդարություն: Ինչո՞ւ այս երեքը: Եթե դուք՝ որպես լրագրող, կարող եք ցույց տալ, որ ձեր լուսաբանումը հավաստի, անաչառ և արդար է, ապա ձեր տեղեկություններին կվստահեն շատ ավելի մեծ հավանականությամբ: Այժմ եկեք հերթով դիտարկենք դրանցից յուրաքանչյուրը:

Հավաստիություն

սա նշանակում է ստուգել ձեր փաստերը, ստուգել ձեր աղբյուրները, ստուգել ձեր ենթադրությունները, ստուգել ձեր օգտագործած եզրույթներն ու նկարագրությունները: Իսկ երբ չեք կարող դա անել, օրինակ՝ կոնֆլիկտային իրավիճակներում, ապա ասեք այդ մասին: Լսարանի վստահությունը պահպանելու հարցում կարևորագույն նշանակություն ունի ձեր թափանցիկությունը՝ թե ինչ գիտեք և որքանով եք համոզված դրանում:

Անաչառություն.

սա նշանակում է համոզվել, որ ձեր տեղեկություններում պատմության որևէ մասնակցի կողմը չեք բռնել և անկախ եք որևէ ազդեցությունից: Անաչառ լրատվությունը հավասարակշռված է և ներկայացնում է համատեքստը: Այն վստահություն է ստեղծում ձեր լսարանի մոտ: Լսարանը կվստահի ձեր կազմակերպությանը, եթե հավատա, որ դուք ներկայացնում եք իրե՛նց, այլ ոչ թե ավելի հզոր կազմակերպության կամ իշխանության շահերը:

Արդարություն.

սա նշանակում է հավաստիանալ, որ դուք բաց, ազնիվ և հարգալից եք բոլոր նրանց հանդեպ, որոնց հետ առնչվում եք: Սա նշանակում է ազնիվ լինել լսարանի, աղբյուրների և ձեր պատմություններում ներգրավված մարդկանց հանդեպ: Դա նշանակում է հարգել բոլորին, ովքեր աշխատում են խմբագրությունում և հավասարապես վերաբերվել նրանց։ Նյութում հիշատակված յուրաքանչյուրը պետք է իրավունք ունենա պատասխանելու ցանկացած մեղադրանքի և ներկայացնելու իր տեսակետը, եթե խմբագրությունը չունի դա չանելու ծանրակշիռ պատճառ:

Եկեք ավելի մանրամասն քննարկենք:

Հավաստիություն

Հավաստիությունը յուրաքանչյուր լուրի հիմքն է և առանցքային նշանակություն ունի ստացված արդյունքի նկատմամբ լսարանի վստահության առումով: Լրատվական կազմակերպությունները պետք է անեն ամեն ինչ՝ համոզվելու, որ այն, ինչ հրապարակում կամ հեռարձակում են, ճիշտ է: Նրանք չպետք է մոլորեցնեն իրենց լսարանին կամ տարածեն անստույգ տեղեկություններ կամ կեղծ լուրեր: Ըստ էության, դա նշանակում է, որ բոլոր տեղեկությունները պետք է հիմնված լինեն վստահելի աղբյուրների վրա, հաստատվեն այլ աղբյուրի կողմից ևս, իսկ փաստերը՝ ստուգվեն: Սա նաև նշանակում է, որ հավաստիությունն ավելի կարևոր է, քան արագությունը: Իմաստ չունի առաջինը հաղորդել լուրը, եթե պարզվի, որ այն սխալ է:
Իսկ ինչպե՞ս է սա տեղի ունենում գործնականում:

Յուլյա Մաքգաֆֆի

խմբագիր, «NV.ua» կայք, Ուկրաինա

Տրանսկրիպտ: Շատ պարզ օրինակ. հերթական հրթիռային հարձակումը Կիևի վրա: Մենք պայթյուններ ենք լսում, բայց չենք հրապարակում սպեկուլյատիվ ենթադրություններ, թե արդյոք դա հրթի՞ռն է, թե՞ հակաօդային պաշտպանությունը։ Սպասում ենք հավաստի աղբյուրից հաստատման կամ պաշտոնական տեղեկատվության և միայն դրանից հետո հրապարակում։ Արագության առումով գուցե կզիջենք սոցիալական մեդիայի որոշ հարթակների, սակայն կունենանք հավաստի փաստեր, ոչ թե հիստերիկ արձագանք:
Օրինակ համար երկու. Ամանորի գիշերը (2022/2023 թթ.) ուկրաինական բանակը Մակեևկայի օկուպացված տարածքներում սպանել է հարյուրավոր մոբիլիզացված ռուս զինվորների. դրա մի շարք ուղղակի և անուղղակի հաստատումներ կային։ Ութ օր անց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց պատասխան գործողության մասին՝ նշելով, թե «600 ուկրաինացի զինվոր է սպանվել Կրամատորսկ քաղաքում», որը Դոնբասում Ուկրաինայի կողմից վերահսկվող ամենամեծ քաղաքն է։ Այս տեղեկությունը հայտնվեց ռուսական քարոզչական լրատվական գործակալություններում։
Ինչո՞ւ մենք անմիջապես ոչինչ չէինք հրապարակում։ Մենք չենք գրում, թե ռուսները հայտնել են, որ 600 ուկրաինացի են սպանել. սա ակնհայտ քարոզչական նարատիվ էր։ Փոխարենը մենք դիմում ենք՝ ստանալու ուկրաինական կողմի պաշտոնական արձագանքը։ Եվ լուրը ներկայացնում ենք ուկրաինական արձագանքի պրիզմայով։ Կրամատորսկում մենք ոչ ոք չունենք, բայց Reuters-ի լրագրողները գնացին այնտեղ և հաստատեցին, որ այնտեղ դատարկ դպրոց կա, որին ենթադրաբար հարվածել են ռուսները։ Պատմության զարգացմանը զուգահեռ ավելանում են նոր աղբյուրներ: Փաստերի ստուգումը նպաստում է ռուսական քարոզչությանը հակազդելուն:

Տեղեկությունների վերստուգումը խիստ կարևոր է՝ լինի փաստ, աղբյուրից ստացված ազդակ, թե թվային նյութ, օրինակ՝ նկար կամ տեսանյութ: Վերստուգումը սխալ տեղեկություններին և ապատեղեկատվությանը հակազդելու առանցքային գործիք է:
Հնարավորության դեպքում ինքներդ ականատես եղեք իրադարձություններին: Եթե չեք կարող, փորձեք գտնել ականատես կամ առաջին ձեռքից ստացված վստահելի տեղեկություն: Եթե պետք է ապավինեք աղբյուրներին, գտեք առնվազն երկուսը, որոնք կարող են հաստատել տեղի ունեցածը, և որոնց նկարագրությունները փոխլրացնում են միմյանց: Պնդումները և մեղադրանքները նույնպես պետք է հաստատվեն երկրորդ աղբյուրի միջոցով: Ստուգեք ցանկացած փաստ և վիճակագրություն և պարզեք, թե արդյոք այդ տեղեկությունը որևէ սահմանափակում ունի (օրինակ՝ մի քանի տարվա է):
Եթե, չնայած ձեր բոլոր ջանքերին, չեք կարողանում բավարար կերպով վերստուգել իրավիճակը, ապա ասեք այդ մասին: Որոշ հանգամանքներ, ինչպիսիք են ահաբեկչական գործողությունները, հակամարտությունները կամ բնական աղետները, շատ են դժվարացնում փաստերի հաստատումը։ Լրատվական կազմակերպությունները միշտ պետք է խուսափեն շահարկումներից և ազնիվ լինեն իրենց չիմացածի առումով: Սա հատկապես կարևոր է հակամարտությունների կամ աղետների ժամանակ:

Յուլյա Մաքգաֆֆի

խմբագիր, «NV.ua» կայք, Ուկրաինա

Տրանսկրիպտ: Սոլեդարը Դոնբասում Ուկրաինայի ամենակարևոր քաղաքներից մեկն է, որի համար ծանր մարտեր են ընթանում։ Ռուսները բազմիցս հայտարարել են այն գրավելու մասին։
Ի՞նչ ենք մենք անում, երբ ռուսները հերթական անգամ հայտարարում են, որ գրավել են Սոլեդարը։ Խնդրում ենք իշխանություններին հաստատել կամ հերքել։ Պաշտպանության նախարարությունը հաճախ կանխատեսում է հնարավոր հարցումները և շատ արագ ինքն է հայտարարություններ տարածում։ Նաև փորձում ենք կապ հաստատել առաջնագծում գտնվողների հետ։
Ի վերջո, մենք իրավիճակի զարգացումն արտացոլում էինք ըստ մեր հավաքած տարբեր փաստերի, և ոչ ոք չհաստատեց, որ Սոլեդարը գրավվել է: Այս պարագայում չափազանց կարևոր էր շատ զգույշ լինել և չշտապել եզրակացություններ անել։ Մեր զինվորականները որոշ հատվածներում նահանջեցին, բայց քաղաքը չլքեցին։

Ցանկացած պնդում, փաստ կամ հայտարարություն, որը չի կարող ստուգվել երկրորդ աղբյուրից, պետք է հղում (վերագրում) ունենա. «Reuters-ը հայտնում է…», «վարչապետի խոսնակն ասել է…», «ըստ պետական ԶԼՄ-ների…»:
Նույն տրամաբանությամբ, եթե սխալ եք թույլ տալիս, ընդունեք և հնարավորինս շուտ ուղղեք այն: Լսարանն ավելի հակված է վստահելու այն կազմակերպությանը, որը բացահայտ տեղեկացնում է սխալի մասին, քան թե սխալը թաքցնել փորձողին:

Անաչառություն

Անաչառությունն է խմբագրությունն անկախ պահելու միջոցը: Դա նշանակում է, որ հնարավոր չէ գնել ձեր մասնագիտական կարծիքը, հնարավոր չէ ազդել դրա վրա, և որ ձեր անձնական համոզմունքները չեն ազդում ձեր տարածած նորությունների վրա: Այս վերջին տարրը կարող է իսկական մարտահրավեր լինել լրագրողների համար, բայց այն շատ կարևոր է։ BBC-ն այսպես է սահմանում անաչառությունը. «Մենք անաչառ ենք և ձգտում ենք արտացոլել մեր լսարանի տեսակետներն ու փորձառություններն այնպես, որ մեր արտադրանքը որպես ամբողջություն ներառի կարծիքների ընդգրկումն ու բազմազանությունը, և մտքի որևէ նշանակալի թել թերի ներկայացված կամ անտեսված չլինի»։
Դա ավելին է, քան խնդրի տարբեր կողմերի միջև հավասարակշռություն պահպանելը: Խոսքն այստեղ կարծիքների բազմազանության արտացոլման և ներառական լինելու մասին է: Սա կարող է նշանակել ոչ միայն քաղաքական տարբեր կարծիքների, այլ նաև մշակութային լանդշաֆտի բազմազանության արտացոլում՝ ներառելով գենդերային և սեռական տարբեր կողմնորոշումներով անձանց, քաղաքաբնակների և գյուղաբնակների, ավելի տարեցների և ավելի երիտասարդների, ավելի աղքատների և ավելի հարուստների տեսակետները: Լրատվական նյութերը պետք է պատշաճ կշիռ տան իրադարձություններին, կարծիքներին և հիմնական փաստարկներին:
Այստեղ օգտակար բառ է «պատշաճ»-ը, որն օգտագործվում է բազմաթիվ կայացած լրատվական կազմակերպությունների կողմից: Այն նշանակում է «համարժեք կամ համապատասխան»: Ըստ էության, կարիք չկա, որ լրատվական կազմակերպությունները հավասար կշիռ տան բոլոր տեսակետներին կամ կարծիքներին։ Մարդկանց փոքր խմբի տեսակետը չի պահանջում նույնքան ուշադրություն, որքան մեծամասնության տեսակետը, կամ այն տեսակետը, որը հաստատվել է փորձաքննության միջոցով:

Նիլ Մաքինթոշ

խմբագիր, «Նյու Սքոթսման» թերթ, Միացյալ Թագավորություն

Տրանսկրիպտ: Եկեք քննարկենք մի թեմա, որը, ցավոք, ոմանց համար դեռ իրական է. Երկիրը հա՞րթ է, թե՞ ոչ: Կարծում եմ, որ գրեթե բոլորը կասեն՝ այո՛, Երկիրը գնդաձև է, և որ մենք կարող ենք հաշվի չառնել այն մարդկանց, որոնք պնդում են, թե այն հարթ է: Բայց մենք խմբագրությունում քննարկեցինք և որոշում կայացրինք՝ անտեսել «մի փունջ» տեսակետ: Մենք նրանց նույն կշիռը չենք տալիս, քանի որ գիտենք՝ գիտությունը նշում է, որ Երկիրը գնդաձև է: Նույնը՝ կլիմայի փոփոխության դեպքում: Մենք գիտենք, որ դա տեղի է ունենում, և շատ ավելի հետաքրքիր բանավեճ կա մի շարք կարծիքներում՝ թե ինչ անել դրա հետ կապված, և այդ մասին մեր ընթերցողները ցանկանում են իմանալ։ Եվ մենք ընդունում ենք, որ դա տեղի է ունենում: Մենք պետք է այդ պրիզմայով նայենք մի շարք տարբեր պատմություններին, և դա արդար է և բխում է մեր ընթերցողների շահերից: Բայց այդ պահին դուք դատողություններ եք անում այն մասին, թե որ կարծիքներն անտեսել, և կլինեն որոշ կարծիքներ, որոնց ինչ-ինչ պատճառներով մենք որոշում ենք քիչ նշանակություն տալ: Դա կարող է լինել մի քաղաքական կուսակցության կարծիք, որն, օրինակ, շատ փոքր է, բավականին մարգինալ, ուստի նրա ձայնը նույն կշիռը չունի, ինչ գերակշռող մեծամասնությանը, և նրանք այնքան կարևոր չեն մեր ընթերցողների համար, որքան մեծամասնությունը: Այսպիսով՝ մենք պետք է անընդհատ նման դիտարկումներ անենք։ Եվ նաև պետք է դիմադրենք գայթակղությանը` գնալու լուսանցքային ձայների հետևից` միայն այն պատճառով, որ նորության արժեք ունեն, քանի որ դա սոսկ ավելացնում է աղմուկը, իսկ դա մեր գործը չէ:

Լրագրողները պետք է հիմնավորված որոշումներ կայացնեն, թե որ տեսակետները ներկայացնել և որքան ժամանակ տրամադրել դրանց: Պարզ և պրակտիկ լավ կանոն կա՝ ինչքան ավելի հակասական է թեման, այնքան ավելի կարևոր է տարբեր տեսանկյուններ ներկայացնելը:
Անաչառություն պահպանելը հատկապես բարդանում է հակամարտությունների կամ պատերազմի ժամանակ: Անաչառությունը նույնը չէ, ինչ չեզոքությունը: Ոչ էլ լրագրողներից ակնկալվում է լինել չեզոք կամ զատված ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից, ինչպիսիք են, օրինակ, ընտրելու իրավունքը, խոսքի ազատությունը և իրավունքի գերակայությունը:

«Քրիստիան Ամանփուր, CNN. «Կան իրավիճակներ, որոնց վերաբերյալ պարզապես հնարավոր չէ չեզոք լինել, քանի որ երբ չեզոք ես, դու հանցակից ես: Օբյեկտիվություն չի նշանակում հավասարապես վերաբերվել բոլոր կողմերին. դա նշանակում է յուրաքանչյուր կողմին լսելի դարձնել»:

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՎԱՆԴԱԿԻ ԻԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ

Անձնական կարծիքներ. լուր (լինի հեռարձակվող, առցանց, թե տպագիր) սպառող ոչ ոք չպետք է կարողանա նկատել լրագրողի անձնական տեսակետները, կամ թե ինչպես է լրագրողը վերաբերվում լուսաբանվող խնդրին: Շատ կարևոր է հիշել այս սկզբունքը սոցիալական մեդիայի ձեր էջերի առումով: Նույնիսկ եթե լուրերի ձեր լուսաբանումն անաչառ է, եթե հանրությունը տեղեկանա ձեր անձնական տեսակետների մասին, ձեր անաչառության մասին նրանց ընկալումը կխաթարվի:

  • Դուք խմբագիրն եք: Դուք ունեք քաղաքական թեմաներով գրող թղթակից, որը փայլուն պատմություններ է գտնում: Նա նաև շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։ Նա օգտագործում է սոցիալական հարթակներն իր աշխատանքը տեսանելի դարձնելու և քաղաքական թեմաներով վերլուծություններ հրապարակելու համար: Վերջերս կառավարությունը հայտարարեց անվտանգության նոր միջոցների մասին, որոնք ձեր թղթակիցը բացահայտ քննադատում էր։ Նա մի քանի մեկնաբանություն է հրապարակել՝ կոչ անելով կառավարությանը հրաժարվել ոստիկանության վերահսկողական լիազորությունները մեծացնելու առաջարկներից: Ի՞նչ եք դուք անում։

  • Խոսեք ձեր թղթակցի հետ: Հիշեցրեք նրան, որ սոցիալական ցանցերում նրա ներկայությունը ընկալվում է որպես լրագրողի իր դերի շարունակություն: Սոցիալական մեդիայի իր գրառումներում նա պետք է առաջնորդվի հավաստիության, անկախության և արդարության ճիշտ նույն արժեքներով, ինչ իր հրապարակած լրագրողական նյութերում: Նա ենթակա է ռիսկի՝ վտանգելու որպես լրագրող իր անկախությունը և խաթարելու իր լրագրողական գործունեության հանդեպ վստահությանը:

BBC-ն համարում է, որ աշխատակազմի ողջ գործունեությունը սոցիալական մեդիայում, լինեն դրանք BBC-ի պաշտոնական հաշիվներ, թե անձնական, պետք է համահունչ լինի Կորպորացիայի խմբագրական ուղեցույցին: Նշվում է. «Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք սոցիալական ցանցերում մեր անաչառության պահպանմանը՝ ինչպես մեր մասնագիտական, այնպես էլ անձնական գործունեության մեջ… BBC-ի աշխատակիցները պետք է խուսափեն սոցիալական ցանցերում իրենց գործողություններով BBC-ի հեղինակությունը վնասելուց»: Իսկ ինչպե՞ս է սա աշխատում իրականում:

Նինա Խելաձե

խմբագիր, «TOKTV.ge» կայք, Վրաստան

Տրանսկրիպտ: Մեզ համար լրագրողի պահվածքը սոցիալական ցանցում, խոսքի ազատությունն ու մասնագիտական չափանիշները շատ կարևոր են։ Նոր աշխատակից ընդունելիս պոտենցիալ թեկնածուին տեղեկացնում ենք, որ նա պետք է նկատի ունենա սոցիալական ցանցերում վարքագծի որոշակի սահմանափակումներ։
Մենք ունենք սոցիալական մեդիայի ուղեցույց, ինչպես նաև հետևում ենք Լրագրողական էթիկայի կանոնագրին։ Միևնույն ժամանակ, մենք չենք սահմանափակում լրագրողներին քաղաքական գործիչների կամ քաղաքական խմբերի էջերին հետևելու կամ այդ խմբերին անդամակցելու հարցում։ Բայց մենք նրանց ասում ենք, որ պետք է զերծ մնան մեկնաբանություններից, բաց քննարկումների մեջ մտնելուց, ինչպես նաև արձագանքելուց, որպեսզի նման պահվածքը չմեկնաբանվի որպես խմբագրության դիրքորոշում։ Մեր պրակտիկայում ունեցել ենք դեպք, երբ երրորդ անձի ֆեյսբուքյան գրառման տակ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է մեր լրագրողի մեկնաբանությանը, որին մեր լրագրողն իր հերթին պատասխանել է, ապա համաձայնել քննադատական դիտողությանը։ Մեր խմբագրության մոտեցումը հետևյալն էր. կարճ ժամանակ անց մենք կապ հաստատեցինք այդ լրագրողի հետ և խնդրեցինք հեռացնել մեկնաբանությունը։ Նա համաձայնեց մեր դիրքորշմանը և ջնջեց տեքստը: Մի քանի ամիս առաջ մենք ունեցանք գրեթե նմանատիպ դեպք, երբ մի լրագրող մի գրառման տակ ցինիկ արտահայտություն էր օգտագործել մի շատ հայտնի քաղաքական գործչի հասցեին։ Մենք դարձյալ խնդրեցինք հեռացնել, և այն հեռացվեց։

Իսկ «փորձագետնե՞րը», որոնք մասնակցում են նորությունների լուսաբանմանը: Լրատվական կազմակերպությունները պետք է զգոն լինեն գիտնականների, այլ լրագրողների, բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների կամ գործարար թեմաներով մեկնաբանների տեսակետների առումով, որոնք կարող են կողմնակալ, կանխակալ կամ աչառու լինել: Այս դեպքում դուք միշտ պետք է պատրաստ լինեք տրամադրելու համապատասխան փաստեր կամ տեղեկություններ, ինչպիսիք են փորձագետի աֆիլիացիան կամ նրա ֆինանսավորման աղբյուրը, որպեսզի լսարանը իմանա նրա տեսակետների համատեքստը:

Շահերի բախում

Շահերի բախումը ծագում է, երբ լրագրողը կամ հեղինակն ունի պատկանելություն կամ կապեր, որոնք, ենթադրաբար, խաթարում են անաչառ լինելու նրա կարողությունը: Դա կարող է լինել ֆինանսական կապ (գիտնականը վճարվում է շաքար արտադրողի կողմից՝ պատրաստելու զեկույց այն մասին, թե արդյոք շաքարի օգտագործումը վնասում է առողջությունը), անձնական կապ (լրագրողն ամուսնացած է զինվորի հետ, որը ներկայումս գտնվում է պատերազմական գոտում) կամ սոցիալական կապ (լուրերի մեկնաբանը քաղաքական կուսակցության ակտիվ անդամ է):
Հաճախ շահերի բախման խնդիրը ընկալման հարց է: Լրագրողը կարող է անկողմնակալ և ազնվորեն կատարել իր աշխատանքը, սակայն լսարանը, հնարավոր է, հիմնավորված կասկած ունենա՝ արդյո՞ք լրագրողի աֆիլիացիան կազդի նրա անաչառության և ազնվության վրա:

  • Ձեր տարածաշրջանի մի մեծ տեխնոլոգիական ընկերության մասին պատմություն կա, որում ասվում է, թե ընկերությունն ապօրինի կերպով կորզում է հաճախորդների անձնական տվյալները և վաճառում դրանք քաղաքական քարոզչություն իրականացնողներին: Ձեր լրագրողը տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ գերազանց նյութեր է պատրաստում, բայց ընկերության սեփականատիրոջ զարմուհին է և նույն ազգանունն ունի: Նա սոցցանցերում հրապարակել է հորեղբոր հետ իր նկարները: Դուք՝ որպես լրատվության բաժնի խմբագիր, գիտեք, որ նա անաչառ է լուսաբանելու պատմությունը։ Ուրեմն ի՞նչ պետք է անեք:

  • Դուք այլ ելք չունեք, քան այլ լրագրողի ուղարկելը, թեև գիտեք, որ նա անաչառ կլինի: Լրագրողի կանխակալության հետ կապված ընկալումը կվնասի ձեր կազմակերպության հեղինակությունը: Լրագրողը, հնարավոր է, նաև չկարողանա լինել այնքան անկողմնակալ, որքան կցանականար. ոչ միտումնավոր կանխակալությանը շատ դժվար է դիմակայել, և դուք չպետք է ակնկալեք դա:

Հարկ է բոլոր աշխատակիցներին խնդրել, որ հայտնեն ցանկացած անձնական շահի մասին, որը հնարավոր է ազդի նրանց աշխատանքի վրա: Ղեկավարները պետք է հիմնավորված որոշում կայացնեն անհրաժեշտ գործողության վերաբերյալ: Դա կախված կլինի նրանից, թե ինչ պատմություններ է լուսաբանում լրագրողը, պատմության մեջ նրա դերից, մասնագիտական աստիճանից և աշխատանքային միջավայրից: Օրինակ՝ եթե թիմում կա մեկնաբան, որը քաղաքական կուսակցության ակտիվ անդամ է, դա կարող է շահերի հնարավոր բախման առիթ լինել միայն համընդհանուր ընտրությունների ժամանակ կամ որոշակի քաղաքական նյութի պարագայում:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ընտրություններ լուսաբանելիս կարևոր է իրազեկ լինել և հետևել տեղական որոշակի կանոններին, կարգավորումներին ու սահմանափակումներին:

Արդարություն

Արդարությունը կարևոր է: Դա կարևոր է խմբագրության ներսում և ապահովում է, որ յուրաքանչյուրն ունենա աշխատելու համար անհրաժեշտ գործիքներ, լինի հարգված և խրախուսվի՝ լավագույնս կատարելու իր աշխատանքը: Կանանց և փոքրամասնությունների խմբերի համար հնարավորությունների հավասարությունը կենսական նշանակություն ունի խմբագրության համար, քանի որ այն օգնում է զարգացնել լավագույն լրագրողներին և պատմությունների ամենալայն շրջանակը: Արդարությունը կարևոր է նաև խմբագրությունից դուրս: Լրագրողները պետք է ազնվորեն վերաբերվեն հեղինակներին և աղբյուրներին և ազնիվ լինեն նյութերի հերոսների հետ:
Արդարության ամենահիմնական կողմերից մեկը պատասխանի իրավունքն է: Սա նշանակում է, որ լրագրողները պետք է ջանք չխնայեն՝ պաշտպանվելու իրավունք տալու նրանց, որոնց դեմ մեղադրանքներ են հնչել՝ լինեն անհատներ, թե կազմակերպություններ: Սա միշտ պետք է լինի խմբագրության կանխադրված դիրքորոշումը, եթե չկա հստակ հանրային շահ կամ օրինականության, անվտանգության կամ գաղտնիության հետ կապված խնդիր, որի պատճառով դուք պետք է չհրապարակեք որոշ տեղեկություններ: Սովորաբար նման որոշում կայացնում է խմբագրության ղեկավարը:

  • Դուք խմբագիրն եք: Ձեր լրագրողը բացառիկ տեղեկություն ունի այն մասին, թե ինչպես է կառավարությունը արժեքավոր պայմանագիր տվել քաղաքական դոնորին՝ շրջանցելով գնումների համապատասխան գործընթացը: Ձեր լրագրողն իրականացրել է տեղեկություն հավաքելու բոլոր համապատասխան քայլերը. առնվազն երկու աղբյուրից ճշտել է բոլոր մեղադրանքները, ձեռք է բերել փաստաթղթային ապացույցներ և վերստուգել փաստերը: Վերջին քայլը կառավարությանը պատասխանի իրավունք տրամադրելն է։ Բայց նրանք դանդաղում են: Դուք ցանկանում եք վաղը հրապարակել նյութը, բայց կառավարության խոսնակը չի պատասխանում ձեր զանգերին, և դուք կասկածում եք, որ նրանք փորձում են ձգձգել պատմության հրապարակումը: Ի՞նչ եք անում դուք։

  • Դուք կապվում եք կառավարության խոսնակի հետ էլփոստի և հաղորդագրությունների միջոցով և ասում, որ նրանք 24 ժամ ունեն պատասխանելու համար: Եթե այդ ժամանակահատվածում չպատասխանեն, դուք հրապարակում եք նյութը՝ գրելով, որ դիմել եք կառավարությանը մեկնաբանություն ստանալու համար, և նրանք չեն արձագանքել։ Անհրաժեշտության դեպքում կարող եք գտնել այս հարցի վերաբերյալ կառավարության նախորդ հայտարարությունները և ընտրել մեջբերում, որը կարելի է օգտագործել («անցյալ մայիսին նախարարներից մեկը խոստացավ, որ կհետևեն բոլոր պատշաճ գործընթացներին»): Եթե հրապարակումից հետո կառավարությունն, այնուամենայնիվ, արձագանքում է, ապա դուք հրապարակում եք նրանց արձագանքը՝ որպես պատմության շարունակություն:

Արդարությունը կապված է հավաստիության և անաչառության հետ, որոնք արդեն քննարկել ենք: Հավաստիությունը նպաստում է արդարությանը, քանի որ ճշգրիտ և համաչափ է ներկայացնում պատմության փաստերը: Անաչառությունը նույնպես նպաստում է արդարությանը, քանի որ այն տեղ է տալիս տարբեր տեսակետների և օգնում խուսափել նարատիվի վրա հզորների կամ մեծամասնության գերակա ազդեցությունից: Խոսքը հնարավորինս շատ մարդկանց տեսակետներ ներկայացնելու մասին է, այդ թվում՝ նրանց, ովքեր հաճախ անտեսված կամ մեկուսացված են: Խմբագրությունների ներսում արմատավորված էթիկայի հիմնավոր գործընթացները կարտացոլվեն խմբագրությունից դուրս լրագրողների վարվելակերպում:

Ալինա Գիրնետ

խմբագիր, «Diez.md» կայք, Մոլդովա

Տրանսկրիպտ: Մեր ողջ գործունեության ու առաքելության առանցքում մեր լսարանն է։ Մենք լրագրող չէինք լինի, եթե չլիներ լսարանը, որին տեղեկություններ հաղորդել է պետք: Ժամանակի ընթացքում մենք իմացանք, որ ընթերցողի վստահությունը շահելու համար խմբագրությունը պետք է պահպանի էթիկայի սկզբունքները բոլոր, ներառյալ կոմերցիոն գործողություններում, հրապարակավ խոսի էթիկայի իր սկզբունքների մասին, որպեսզի լսարանը կարողանա հետևել դրանց իրականացմանը մեր գործունեության ընթացքում: Հրապարակավ պատասխանատվություն ստանձնեք լրագրողական սխալների համար և միշտ հարթեք խառնաշփոթը: Ցանկացած տեսակի արձագանքին կառուցողական պատասխանեք: Հավատարիմ մնացեք խմբագրության՝ հռչակված առաքելությանն ու արժեքներին և թիմի մասին խոսեք անուններով ու դեմքերով:

Ինչպես սկսել

Խմբագրական ուղեցույց գրելը կարող է ի սկզբանե անհնար թվալ, բայց հիշեք, որ չպետք է բարդացնել դա: Շատ կայացած լրատվական կազմակերպություններ, ինչպիսիք են BBC-ն կամ New York Times-ը, հրապարակում են իրենց խմբագրական ուղեցույցները: Հնարավոր է գոյություն ունենա ազգային կամ տարածաշրջանային խմբագրական վարքականոն: Սրանք կարող են օգտակար մեկնարկային կետ լինել՝ դիտարկելու, թե ինչի կարիք ունի ձեր կազմակերպությունը, և ինչպես ուրվագծել այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա հենվում է այն: Յուրաքանչյուր լրատվական կազմակերպություն կունենա իր ուրույն իրավիճակը, և ոչ մի խմբագրական ուղեցույց չի կարող համապատասխանել բոլորին:

Ալինա Գիրնետ

խմբագիր, «Diez.md» կայք, Մոլդովա

Տրանսկրիպտ: «Դիեզում» մեր խմբագրական ուղեցույցը ստեղծել ենք մեր 10-ամյա գործունեության ընթացքում: Սկզբնական շրջանում դա թղթի վրա չկար, քանի որ ժամանակ էր պետք մեր առաքելությունը զարգացնելու, փորձ ձեռք բերելու, սխալներ թույլ տալու և մեր լսարանի կարիքներն ավելի լավ հասկանալու համար, որպեսզի սկսեինք մեր գործունեությունը ժամանակին համահունչ դարձնող փաստաթուղթ կազմել: Մենք միշտ հետևել ենք Էթիկայի ընդհանուր կանոնագրին, բայց հետո հասկացանք, որ ներքին փաստաթուղթ ունենալը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք առանձնահատուկ դեր ունենք այլ խմբագրությունների մեր գործընկերների համեմատ։ Մենք ունենք կոնկրետ լսարան, որին ուղղված է մեր գործունեությունը՝ դա Մոլդովայի երիտասարդներն են, ռումիներեն և ռուսերեն խոսողները: Մեր ուշադրության առանցքում թեմաներ են, որոնք կհետաքրքրեն նրանց, և մենք ներգրավված ենք բազմաթիվ կրթական նախագծերում: Ի լրումն այն ամենին, ինչ կուտակել ենք փորձով, մենք ուսումնասիրել ենք ազգային և միջազգային այլ լրատվամիջոցների ուղեցույցները, և դա մեզ օգնել է համեմատել մեր տեսլականները և վերցնել մեր կազմակերպությանը համապատասխանող կանոնները:

Խմբագրական ուղեցույց ստեղծելու համար դուք պետք է հասկանաք ձեր կազմակերպության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները: Սա պետք է արտացոլվի ձեր խմբագրական ուղեցույցում: Օրինակ՝ եթե դուք գործում եք այնպիսի միջավայրում, որտեղ տարածված է ապատեղեկատվությունը և օգտատերերի կողմից գեներացվող ապակողմնորոշող բովանդակությունը, դուք, հնարավոր է, ցանկանաք ընդգծել ճշտման, առնվազն երկու աղբյուրից օգտվելու և փաստերի վերստուգման անհրաժեշտությունը: Եթե հաճախ եք նկատում, որ գործընկերները հրապարակում են իրենց անձնական կարծիքը սոցիալական ցանցերում, ապա դուք կարող եք կենտրոնանալ անաչառության վրա, և թե ինչպես կարող է նույնիսկ կողմնակալ լինելու վերաբեյալ ընկալումը վնասել լրատվական կազմակերպության և նրա լսարանի հարաբերություններին:

Մտածեք երկընտրանքների և մարտահրավերների մասին, որոնց դուք և ձեր գործընկերները բախվել եք, և քննարկեք, թե ինչպես լավագույնս մշակել ընդհանուր սկզբունքներ, որոնք կուղղորդեն լրագրողներին, թե ինչպես վարվել նմանատիպ իրավիճակներում: Նոր մարտահրավերները, ինչպիսիք են հակամարտությունները, օրենսդրական փոփոխությունները կամ տեխնոլոգիական զարգացումները, պետք է արտացոլվեն խմբագրություններին առաջարկվող ուղեցույցներում: Խմբագրական ուղեցույցները կարելի է և պետք է պարբերաբար թարմացնել:

Ալինա Գիրնետ

խմբագիր, «Diez.md» կայք, Մոլդովա

Տրանսկրիպտ: Սովորաբար կազմակերպությունը պետք է ամեն տարի վերանայի իր ուղեցույցը: Գործնականում դուք դա անում եք ամեն օր կամ ավելի ճիշտ է ասել՝ ամեն անգամ, երբ կա դրա կարիքը՝ հաշվի առնելով, որ կարող են ծագել նոր իրավիճակներ, և ըստ այդմ պետք է նորովի արձագանքել և գործել։ Օրինակ՝ եթե առաջանա հրատապ մի իրավիճակ, որը կպահանջի ավելի շատ լուսաբանում սոցիալական մեդիայի նոր ալիքում, ապա մեզ, հավանաբար, պետք կգան կանոններ, թե ինչպես պետք է լուրերը ներկայացնել այնտեղ: Բացի դրանից, մի շարք հին իրավիճակներ կարող են ժամանակի ընթացքում կորցնել իրենց արդիականությունը: Քանի որ մենք ամեն ժամ իրական ժամանակում թարմացնում ենք տեքստը, պետք է անընդհատ ռեժիմով հետևենք նաև մեր խմբագրական ուղեցույցին:

Խմբագրական ուղեցույցները նրա համար չեն, որ սահմանափակեն պատմությունները լուսաբանելու ձեր հնարավորությունը: Ընդհակառակը, դրանք կան, որպեսզի ձեզ ցույց տան, թե ինչպես ապահովել ձեր բովանդակության հնարավորինս վստահելի, հավաստի, անաչառ և արդար լինելը: Ձեր պատմությունները կդիմանան քննությանը, և ձեր լսարանը կկարողանա վստահել դրանց:

Նիլ Մաքինթոշ

խմբագիր, «Նյու Սքոթսման» թերթ, Միացյալ Թագավորություն

Տրանսկրիպտ: Կարծում եմ՝ վստահությունը սկսվում է այն բանից, թե ինչպես ենք մենք հավաքում մեր տեղեկությունները: Ուստի՝ դա ուղեցույցներն են այն մասին, թե ինչպես հավաքել նյութեր, ինչպես ներկայացնել։ Դա լրագրողների վերապատրաստումն է, ընկալումը, թե որքան հեռու կարող ենք գնալ պատմություն կամ տեղեկություն հավաքելու համար, կամ այդ նպատակով որտեղ չենք գնա երբեք, որքան ճնշում կգործադրենք մարդկանց վրա, որոնք, օրինակ, ողբերգության զոհ են եղել, կամ մինչև ուր կարող ենք գնալ և ստանալ տեղեկություն, որը մասնավորապես հանրային չէ: Լրագրության մեջ, անշուշտ, անհրաժեշտություն կա անընդհատ ուսումնասիրելու այդ սահմանները, և ուղեցույցներն օգնում են մեզ հասկանալ թե որտեղ են դրանք: Դա մեկնակետն է, բայց կարևոր է նաև, թե ինչպես ենք ներկայացնում տեղեկությունները, ինչպես ենք խմբագրում, որ պատմություններից չհեռացնենք զսպումներն ու հակակշիռները, ինչպես նաև՝ վերապահումները՝ լինեն դրանք տեքստ թե տեսանյութ: Նույնիսկ եթե պետք է հակիրճ պատմենք պատմությունը, մենք պետք է համոզվենք, որ դա անում ենք արդար կերպով: Եվ հետո՝ համատեքստը, որում ներկայացնում ենք մեր արդյունքը. որ մեր ընտրած պատկերները կամ տեսանյութերը, որոնք ուղեկցում են պատմությանը, պատմության տեղադրությունը՝ այս ամենը համատեղվում է և արվում է – պետք է արվի՝ մտքում ունենալով ընթերցողին։ Պետք է անընդհատ ինքներս մեզ հարց տանք, թե ինչ է մեզնից պետք ընթերցողին այս պատմության հետ կապված:


Թեմատիկ հրապարակումներ


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,