Ռուզաննա Ղալաչյան. անթառամի յուղ պատրաստել ցանկացող հայրենադարձի պատմությունը
8 Մարտի, 2019

Ռուզաննա Ղալաչյան. անթառամի յուղ պատրաստել ցանկացող հայրենադարձի պատմությունը


Մասնագիտությամբ դիմահարդար Ռուզաննա Ղալաչյանը մտադիր է Հայաստանում հիմնել անթառամ ծաղկից կոսմետիկ յուղի ստացման առաջին արտադրությունը:

Գաղափարը նա կյանքի կկոչի iMigrantArmenia.EU ծրագրի շնորհիվ, որի նպատակն է  աջակցել Հայաստան վերադարձած աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքները:

Ռուզաննա Ղալաչյանը դիմահարդար է աշխատում արդեն 8 տարի, սկզբում աշխատել է Ռուսաստանում, հետո՝ վերադարձել Հայաստան, այժմ գործունեություն է ծավալում ծննդավայրում՝ Աշտարակ քաղաքում: Կարեւորում է բնական միջոցների կիրառումը բուժական կոսմետոլոգիայում: Մեզ հետ զրույցում նա ասում է, որ նախքան իր գաղափարի ուղղությամբ քայլեր անելն ուսումնասիրել է անթառամ ծաղկի օգտակար հատկությունների մասին տեղեկատվությունը: Այս ծաղկից ստացված յուղը, նրա խոսքով, հնարավոր է օգտագործել և տարբեր օրգանների բուժման, և մաշկի երիտասարդացման համար: Այս յուղը Հայաստանում չի արտադրվում, առաջին անգամ պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվի:
«Աշխարհում այն լայնորեն կիրառվում է, ոչ միայն օգտակար է մարմնի թարմությունն ու երիտասարդությունը պահպանելու, այլև առողջարար երիկամների, աղիների և մյուս օրգանների համար: Նման յուղ արտադրվում է Գերմանիայում, բայց այնտեղ այն շատ տարածված չէ: Իսկ Հայաստանում պետք է առաջին անգամ ստեղծվի իմ մտահղացմամբ»,- ասում է Ռուզաննա Ղալաչյանը:

  • Ռուզաննա Ղալաչյան. անթառամի յուղ պատրաստել ցանկացող հայրենադարձի պատմությունը
    Ruzanna Galachyan (Photo by Nazik Armenakyan)
  • Ռուզաննա Ղալաչյան. անթառամի յուղ պատրաստել ցանկացող հայրենադարձի պատմությունը
    Oils produced by Ruzanna Galachyan (Photo by Nazik Armenakyan)

Նրա խոսքով, մասնագիտությունը շատ սիրելն իրեն անընդհատ մղում է նոր գաղափարներ ստեղծելուն: «Քանի որ ես իմ բուժական մերսումների ժամանակ օգտագործում եմ յուղեր, տարբեր քսուքներ, որպեսզի ստանամ լավ արդյունք, որոշեցի ստեղծել սեփական արտադրանք, որը Հայաստանում հաստատ պահանջարկ կունենա: Ինչո՞ւ եմ այդքան վստահ։ Որովհետև հայ կանայք սիրում են լինել խնամված ու գեղեցիկ»,- հավելեց նա:
Անթառամը դաշտային հատվածներում աճող բույս է։ Ռուզաննան որոշել է, որ այն պետք է հավաքել Շիրակի և Արագածոտնի մարզերի դաշտերից: Նրա խոսքով՝ արտադրանքը կվաճառեն սպա կենտրոններին, խնամքի այլ հաստատություններին, նաև մտածում է հետագայում արտադրությունն ընդլայնելու ու արտադրանքն արտահանելու մասին:

Ծրագրի շրջանակներում Իտալիայից արդեն ձեռք է բերվել և նրան է հատկացվել թորիչ սարքավորումը: Դրանով բույսը կքամվի, յուղը կառանձնացվի, ապա՝ կշշալցվի ու կիրացվի:

Հետագայում Ռուզաննա Ղալաչյանը մտադիր է իր բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների շրջանում: Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար շրջայցեր կկազմակերպի անթառամի դաշտեր, նրանց մասնակից կդարձնի արտադրական գործընթացին:

Ռուզաննան ասում է, որ ապագայում կարող է անթառամը գնել Շիրակի ու Արագածոտնի գյուղացիներից: Նրանք կարող են իրենց արտերում աճեցնել այդ ծաղիկը, որը մեծ ժամանակ ու խնամք չի պահանջում, և վաճառել իրեն:

  • Ռուզաննա Ղալաչյան. անթառամի յուղ պատրաստել ցանկացող հայրենադարձի պատմությունը
    Ruzanna Galachyan in her salon (Photo by Nazik Armenakyan)
  • Ռուզաննա Ղալաչյան. անթառամի յուղ պատրաստել ցանկացող հայրենադարձի պատմությունը
    Inside spa salon of Ruzanna Galachyan (Photo by Nazik Armenakyan)
  • Ռուզաննա Ղալաչյան. անթառամի յուղ պատրաստել ցանկացող հայրենադարձի պատմությունը
    Ruzanna Galachyan (Photo by Nazik Armenakyan)

Նա ասում է, որ iMigrantArmenia.EU ծրագիրն իրեն օգնել է, որպեսզի առաջին քայլերն անի:

«Ես չէի պատկերացնում, որ իմ գաղափարը հավանության կարժանանա: Դա ինձ մեծ ուժ տվեց և ապացուցում է, որ մարզերում ապրող երիտասարդները, եթե ունեն հետաքրքիր գաղափարներ, անտեսված չեն, իրենց ծրագրերն իրագործելու հնարավորություններ ունեն: Միայն պետք է հավատաս սեփական ուժերիդ, որպեսզի առաջ գնաս: Մարզերի երիտասարդները հաճախ ասում են՝ ես այս մարզում կամ գյուղում ի՞նչ պետք է փոխեմ: Բայց նրանք պետք է հասկանան, որ, եթե ունեն լավ ծրագիր, այն կարող են մեծ գործի վերածել»,- ասում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

Article published in Armenian, Russian and English by Lragir.am



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,