Ժամանակակից աշխարհում նորամուծությունները ոչ միայն հարմարություններ են ստեղծում մարդու կյանքում, այլև անուղղելի վնաս հասցնում բնությանը:
Մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սպասքը, պլաստիկ շշերը, փաթեթավորումները, պոլիէթիլենային տոպրակները դրա ապացույցն են: Ըստ Էլեն Մըքարթուր հիմնադրամի, 2050 թվականին թափոնների մասսան ջրային պաշարներում շատ ավելին է լինելու, քան երկրագնդի ողջ ձկնային պաշարի քաշը: Պլաստիկը համաշխարհային օվկիանոսի աղբի 80% է կազմում: Արդյունքում ստացվում է, որ այն բոլոր պլաստիկ թափոնները, որոնք մենք նետում ենք աղբարկղեր կամ բնության գիրկ, վերադառնում են աղտոտված սննդի, ջրի և օդի տեսքով:
Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, բայց պլաստիկ փաթեթավորման ինտենսիվ օգտագործումն այստեղ ևս հանգեցրել է բնապահպանական խնդիրների: Ավելին Հայաստանում աղբի տարանջատման քաղաքականությունն ամբողջությամբ դեռ չի ներդրվել և խնդիրն ավելի տեսանելի է դառնում ուժեղ քամիների ժամանակ, երբ պոլիէթիլենային տոպրակները, պլաստմասե իրերը կուտակումներ են ստեղծում: Համաձայն 2016 թվականին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հրապարակած գնահատականի, պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները, հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները։ Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։ Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների տարեկան Հայաստանի Հանրապետության տարածք տարեկան ներմուծվում է ավելի քան 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ և արտադրվում` ավելի քան 201 տոննա:
Չնայած խնդրի ահագնացող ծավալներին, մի շարք զարգացած երկրներ վաղուց հաջողությամբ ներդրել են աղբի տեսակավորման և վերամշակման նոր տեխնոլոգիաներ` ջանալով նվազագույնի հասցնել մոլորակի աղտոտվածությունը ու պլաստիկի վնասը բնությանը: Իսկ այն բնապահպանները, պաշտոնյաները, որոնք տարիներ շարունակ զբաղվում են թափոնների խնդրով Հայաստանում, վստահ են` աղբի տեսակավորման և վերամշակման քաղաքականության ներդրումը Հայաստանում հեռու ապագայի հարց է:
Հայաստանը միակ երկիրը չէ, տարածաշրջանի մյուս երկրները ևս թափոնների կառավարման հետ կապված դժվարին մարտահրավերների են առերեսվում։ Շրջակա միջավայրի բնագավառում միասնական աշխատանքը հանուն ավելի լավ քաղաքականության և ավելի կանաչ ներդրումների, այդուհանդերձ, առաջնահերթություն է ԵՄ-ի համար։
Ըստ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլիի` թեպետ Հայաստանում աղբի տարանջատման ոչ՛ քաղաքականություն և ոչ էլ պրակտիկա կա, գոյություն ունի 30 համայնք, որտեղ բնակիչներն արդեն մի քանի տարի է պլաստիկ շշերի պահեստավորման գործում առաջամարտիկ են: Նրա խոսքով, Հայաստանում ավելի ու ավելի շատ համայնքներ են ցանկություն հայտնում սկսել պլաստիկի տարանջատման գործընթացը: Սակայն, պաշտոնյայի խոսքով, այս կետում շղթան ընդհատվում է, քանի որ գործընթացն ավարտվում է դրանք մշտական կերպով պահոցներում հավաքելով:
Այնուամենայնիվ կա մեկ օրինակ, որը հույս է ներշնչում: Սյունիքի մարզի Կապան քաղաքում պլաստիկե թափոնները ոչ միայն տեսակավորվում են, այլև պատրաստվում են վերամշակման և կրկնակի օգտագործման շինարարության ոլորտում: Սա հնարավոր կդառնա «Բնապահպանական մարտահրավերի վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինանյութի ստացում» ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է Եվրոպական միության և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ: Վերամշակման արդյունքները, ըստ ծրագրերի պատասխանատուների, երկար սպասեցնել չեն տա:
«Այս նախագծով առաջին անգամ Սյունիքի մարզի Կապան քաղաքում կհիմնադրվի ստարտափ վերամշակման գործարան, որը մի շարք տեխնոլոգիական պրոցեսներ անցնելուց և արտադրական գծին ավազ խառնելուց հետո պլաստիկ թափոնների վերամշակումից ստանում է նյութեր: Ստարտափին բավարար քանակությամբ պլաստիկ թափոններ մատակարարելու համար նախագիծը կստեղծի դրա տարանջատման և հավաքման ենթակառուցվածք Եղեգնաձորից Մեղրի ընկած հատվածում, ներառելով Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 9 համայնքներ: Սալահատակի եզրաքարերի և փողոցային սալիկների առաջին խմբաքանակը կուղղվի այն համայնքների հանրային տարածքների բարելավմանը, որոնք արտադրական գծին տրամադրել են պլաստիկ թափոններ»,-մանրամասնեց Բաջջիոլին:
Երկամյա ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 750 հազար եվրո, որից շուրջ 510 հազար եվրոն տրամադրել է Եվրոպական միությունը: Ծրագրի բյուջեի 25%-ը ֆինանսավորել են ՀՀ կառավարությունն ու ծրագրի իրականացնողներ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը և Կապանի քաղաքապետարանը: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արմինե Թուխիկյանի խոսքով, այս ծրագրով կենցաղային աղբի կառավարումը փորձում են քաղաքակիրթ և արդյունավետ դարձնել` որպես առաջին քայլ սկսելով պլաստիկ թափոններից:
Տվյալ նախագիծը գործում է Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ) ներքո, հրապարակված 2015 թվականի սեպտեմբերի 14-ին Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության (ՏԿԶՆ) կողմից: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համաձայն, սա լիովին համապատասխանում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բնապահպանական գերակայություններին և օգնում է խթանել շրջանաձև տնտեսության վրա կենտրոնացումը, ներառյալ արժեքային շղթայի զարգացման և կրթական ու իրազեկման հատուկ միջոցառումների իրականացման միջոցով: Բաջջիոլին ասաց, որ ավելի քան 60 մարդ կշահի վերապատրաստման դասընթացներից և կբարելավեն իրենց հնարավորություններն աշխատաշուկայում, նրանցից 35-ը կստանան մշտական աշխատանք: ԵՄ պաշտոնյայի համաձայն, ծրագիրն ունի ուժեղ բնապահպանական կոնտեքստ ոչ միայն այն պատճառով, որ օգնում է նվազեցնել պլաստիկ թափոնների ավարտը բնության մեջ, այլև այն, որ բնապահպանական կառավարման համակարգն, գործառնական անվտանգությունն ու առողջական համակարգը կհաստատվեն այս սթարթափում, որը ուղի կհարթի որակի կառավարման համակարգի ISO սերտիֆիկատի համար: «Այս ծրագիրը կազմակերպել է պլաստիկ պարունակող շինանյութի շուկայի ուսումնասիրություն և կաջակցի արտադրանքի խթանմանը շինարարական ընկերությունների և մատակարարների հետ»,-տեղեկացրեց Բաջջիոլին:
Արմինե Թուխիկյանն ասաց, որ ՀՀ շուրջ 30 համայնքներում ներդրել են կենցաղային աղբից պլաստիկ թափոնների տարանջատման մոդելը և ներկայումս շատ համայնքներ կան, որտեղ պլաստիկ թափոնները տարանջատվում են, կուտակվում, պահեստավորվում, սեղմվում, որպեսզի ծավալը փոքրանա: «Իսկ այս ծրագրով առաջին անգամ Հայաստանում փորձելու ենք հավաքված թափոնները վերամշակել արտադրամասում և ստանալ շինանյութ»,-նկատեց նա:
Նոր մեկնարկող գործարանն օգտագործելու է 80% ավազ և 20 % պլաստիկ թափոն: Հալվող պլաստիկը կպչունություն է ապահովելու ավազի համար, ինչը սովորական դեպքում ցեմենտն է ապահովում: «Նախատեսում ենք առայժմ 6 տեսակի շինանյութ ստանալ, բայց աշխարհում շատ ընդունված է նման տեխնոլոգիայով հարյուրավոր նյութեր ստանալ»,-ասաց Թուխիկյանը, հավելելով, որ 2 ամսից արտադրամասի տեղադրման բոլոր աշխատանքները կավարտվեն, որից հետո մատակարարը պարտավոր է վերապատրաստում անցկացնել նոր աշխատակիցների համար, որոնք աշխատանքի կընդունվեն արտադրամասում, վերապատրաստումից հետո կսկսեն արտադրել շինանյութ և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կունենանք արտադրանք: Թուխիկյանի խոսքով, պլաստիկից ստացված արտադրանքն իր տեխնիկական բնութագրիչներով ոչ միայն չի զիջելու, այլև գերազանցելու է ավազով և ցեմենտով պատրաստվող նույն արտադրատեսակներին:
Նա պատմեց, որ կոշտ կենցաղային թափոններից պլաստիկ թափոնների տարանջատման տեխնոլոգիայի ներդրման եռաքայլ մոդել են մշակել: Ըստ նրա, առաջին բաղադրիչը սերտ համագործակցությունն է ՏԻՄ-ի հետ, այսինքն` ՏԻՄ-ը պետք է ցանկանա իր համայնքում այս գործընթացը սկսել որոշակի ներդրում ունենալով տվյալ գործընթացի համար հարմար պայմանների ապահովման գործում:
Մյուս բաղադրիչը, Թուխիկյանի խոսքով, ենթակառուցվածքի ստեղծումն է: «Այսինքն` մենք համապատասխան պայմաններ ենք ստեղծում, որպեսզի բնակիչները կարողանան տարանջատել: Օրինակ` ընդհանուր աղբամանների կողքը տեղադրում ենք հատուկ աղբամաններ պլաստիկի համար, որից հետո մյուս բաղադրիչի միջոցով` հանրային իրազեկման լայն արշավների միջոցով տեղեկացնում ենք մարդկանց, թե ինչու է սա անհրաժեշտ և ինչումն է կայանում վտանգը, որ պլաստիկը հայտնվում է աղբավայրում, ինչպես վարվել կենցաղում պլաստիկի հետ և այլն»,-պարզաբանեց Թուխիկյանը: Ըստ նրա, հանրային իրազեկումը, ենթակառուցվածքները և ՏԻՄ-ի գործառույթները բոլորը միասին հանգեցնում են նրան, որ տվյալ համայնքում մենք կարողանում ենք պլաստիկը հավաքել, պահեստավորել և դրա ճակատագիրը տնօրինել ինչ որ կերպ կամ վաճառել:
Ծրագրի պատասխանատուները պնդում են, որ վերամշակված պլաստիկ թափոններից արտադրանքն իրականություն կդառնա շատ շուտով: Գուցե ` ծրագիրը նույնիսկ նախադեպային դառնա Հայաստանում պլաստիկ թափոնների պահեստավորման և վերամշակման ոլորտում:
Author: Araks Martirosyan
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,