Նոյեմբերի 14-ին և 15-ին Ամստերդամում (Նիդերլանդներ) անցկացվեց «կանաչ» բիզնես գաղափարների աշխարհի խոշորագույն մրցույթի 2019 թվականի համաշխարհային եզրափակիչը: ClimateLaunchpad անվամբ հայտնի մրցույթը, որն անցկացվում է ԵՄ աջակցությամբ, ճանաչման է արժանացնում այն ընկերություններին, որոնք ունեն ամենամեծ ներուժը` իրենց էներգաարդյունավետ լուծումներով կլիմայի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարի համար:
Տակդիրները՝ որպես վառելիք
Այս տարի ներկայացված էին ռեկորդային թվով ձեռնարկատերեր. 53 երկրներում անցկացված ազգային մրցույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ, ընդունվել էր 2601 դիմում: Ստարտափների թվաքանակն այնուհետև կրճատվել էր մինչև 131-ի, որոնցից յուրաքանչյուրն Ամստերդամում ներկայացված էր առնվազն երկու ներկայացուցիչով:
Մաքուր վառելիքի ստացման ուղղությամբ աշխատող քենիական Leafy Ke ստարտափը հայտարարվեց այս տարվա մրցույթի բացարձակ հաղթող: Նշված ստարտափի նորամուծությամբ օգտագործված տակդիրները վերածվում են տնային օգտագործման վառելիքի:
Բացի այդ, աչքի են ընկել նաև Արևելյան գործընկերության մի շարք երկրների ներկայացուցիչներ. մասնավորապես ուկրաինական մի ստարտափ ընդգրկվել է եզրափակիչ փուլ անցած 16 մասնակիցների թվում, ինչի շնորհիվ այն դարձել է մաքուր տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի լավագույն ստարտափներից մեկը:
Ածխաթթու գազը՝ հանուն բույսերի արագ աճի
Այս տարվա մարտին Կիևում հիմնադրված Carbominer ստարտափն առաջարկում է ածխաթթու գազի որսման լուծում, որն ուղղված է բավարարելու ջերմոցային տնտեսությունների օպերատորների՝ էժան և էկոլոգիապես մաքուր ածխաթթու գազի (CO2) կարիքը:
«Որպես հինգ երեխաների հայր՝ ես անհանգստացած էի, թե ինչպես կարող է ածխաթթու գազի մակարդակի բարձրացումն ալերգիա առաջացնել մերօրյա բնակչության շրջանում: Լինելով ճարտարագետ՝ ես կնոջս պատմեցի մեր երեխաների ննջասենյակում ածխածնի որսման փոքր սարք ստեղծելու մասին՝ նրանց օրգանիզմ ներթափանցող ածխածնի երկօքսիդի քանակը նվազեցնելու համար: Առաջին նախատիպն ապացուցեց հայեցակարգը, և մենք շուտով սկսեցինք մտածել այն մասին, թե ինչպես կարելի է մեր որսման տեխնոլոգիան օգտագործել այլ եղանակներով», — ասում է Carbominer-ի գործադիր տնօրեն Նիկ Օսեյկոն:
Հաջորդիվ առաջացավ բույսերի աճեցման գործընթացում ածխաթթու գազի որսման համար նմանատիպ սարքի մշակման գաղափարը, և շուտով ծնվեց Carbominer-ը:
Նիկը, նրա դուստրը՝ Վիկան, ինչպես նաև նրա բիզնես գործընկեր Մայքլն արդեն իսկ մշակել են մի նախատիպ, որն ավելի փոքր է, առավել կոմպակտ է և, ինչը խիստ կարևոր է, շատ ավելի էժան է, քան իրենց մրցակիցների համանման լուծումները: Ուկրաինայում գործող բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ արդեն իսկ ցանկություն են հայտնել ածխաթթու գազի որսման սարք ձեռք բերել Carbominer-ից, քանի որ այն կարող է բարձրացնել բույսերի աճը մինչև 30-40%-ով՝ նշանակալիորեն մեծացնելով իրենց եկամուտները:
Գործընկերները նախատեսում են մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը մշակել արդյունաբերական մասշտաբի նախատիպ: Հետևեք թարմացումներին:
Արևելյան գործընկերության նոր այլ ուշագրավ ձեռնարկներ
Ամստերդամում ներկայացված մեկ այլ ստարտափ էլ Մոլդովան ներկայացնող Nida-ն էր: Այս թիմը ներկայացել էր կոպտոնից (խաղողի մնացուկ) միանգամյա օգտագործման բաժակների և ափսեների պատրաստման նորարարական գաղափարով:
«Մոլդովան առաջատար գինեգործական երկրներից մեկն է աշխարհում, բայց խաղողի թափոնների զգալի մասը մնում է դաշտերում: Մեր գաղափարի նպատակը նշված տեսակի թափոնից բաժակներ և ափսեներ պատրաստելն ու այնուհետև դրանք սրճարաններին վաճառելն է», — ասում է Nida-ի բիզնեսի զարգացման գծով պատասխանատու Դանիելա Լուկան:
Nida-ի նորամուծությունը տպավորիչ է, քանի որ այն ունի կարևոր գլոբալ հիմնախնդրի լուծման ներուժ, այն է՝ պլաստիկից մեր կախվածությունը և դրա չափից շատ օգտագործումը:
Քամու որսում
Ադրբեջանական Airflec ստարտափը, միաժամանակ, մշակում է խելացի սարք, որը նախատեսված է մեքենայի բեռնախցիկի վրա տեղադրման համար: Այն որսում է քամու ուժը՝ լրացուցիչ էլեկտրաէներգիա արտադրելով մեքենայի ընթացքի ժամանակ: Այս լրացուցիչ էներգիան մինչև 10%-ով մեծացնում է շարժման երկարությունն ու նվազեցնում լիցքավորման ժամանակը:
«Սարքը չի խոչընդոտում մեքենայի աերոդինամիկային, և երբ վարորդը գործի է դնում արագացուցիչը, այն, ըստ էության, ստիպում է, որպեսզի մեքենան իջեցնի իր արագությունը: Նույնիսկ երբ մեքենան կայանված է, սարքն արձագանքում է քամու ցանկացած տեսակի առկայությանն՝ այն վերածելով էլեկտրաէներգիայի», — ասում է Airflec-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Այդան Գադիրզադեն:
Առևտրայնացման համար վերջնական արտադրանքը պատրաստ կլինի հաջորդ տարվա ընթացքում՝ աերոդինամիկ խողովակի փորձարկումների ավարտվելուն պես:
Խելացի և մաքուր համակարգ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արևային վահանակների պատշաճ գործառնության համար անհրաժեշտ է դրանք պարբերաբար մաքրել, վրացական Irnero ընկերությունը մշակել է արևային վահանակների խելացի ինքնամաքրման ոչ թանկ համակարգ՝ առանց մարդկային ներգրավվածության անհրաժեշտության: Համակարգը կարող է տեղադրվել ամենուր, որտեղ գտնվում են արևային վահանակները, և կարող է գործարկվել բջջային հավելվածի միջոցով:
«Մեր նորարարությունը կատարյալ լուծում է դժվար հասանելի վայրերում օգտագործման համար, որոնք մաքրելը հեշտ չէ: Դրա խելացի էլեկտրոնային համակարգը հայտնաբերում է, թե երբ է վահանակը կեղտոտ, և ինքնաբերաբար մաքրում է այն: Այն զերծ է պահում վահանակները մաքրելու համար թանկարժեք աշխատուժի հետ կապվելու անհրաժեշտությունից», — բացատրում է Irnero-ի հիմնադիր Լուկա Պաճկորիան:
Irnero-ն արդեն իսկ համագործակցության համաձայնագիր ունի տարածաշրջանում արևային վահանակների խոշորագույն արտադրողի հետ և շուտով կանցնի զանգվածային արտադրության:
Կենսաջրածնի ստացում՝ թափոններից
Վերջապես, հայկական մի ընկերություն գինու, սուրճի և գարեջրի մնացորդներից կենսաջրածնի ստացման մեթոդ է մշակել: Վերջնական արտադրանքը չի աղտոտում շրջակա միջավայրը և հանդիսանում է էներգիայի վերականգնվող աղբյուր: Կենսաջրածնի արտադրության այլ գործընթացների համեմատությամբ, օգտագործվող տեխնոլոգիան 100%-ով հիմնված է թափոնների վրա, իսկ արտադրության ընթացքում բարձր ջերմաստիճանի անհրաժեշտություն չկա:
Հնարավո՞ր է արդյոք, որ հաջորդ տարի դուք հայտնվեք նրանց տեղում
ClimateLaunchpad ծրագիրը բաղկացած է չորս փուլից. ուսումնական ճամբար, ինտենսիվ դասընթաց, ազգային եզրափակիչներ և համաշխարհային գրանդ եզրափակիչ: Ձեռնարկատերերը կամ ստարտափները կարող են հայտ ներկայացնել իրենց երկրներում, իսկ այդ երկրներից յուրաքանչյուրից կընտրվեն առնվազն յոթ նորարարություններ: Այնուհետև դրանք կմասնակցեն երկօրյա ուսումնական ճամբարի, որին կհաջորդեն վեց ինտենսիվ դասընթացներ` իրենց ներկայացման ու բիզնեսի մոդելի կատարելագործման համար: Աշխարհի շուրջ 70 վայրերում անցկացվող այս դասընթացներին մասնակցում են տվյալ համայնքների ներկայացուցիչ – դասընթացավարներ՝ ԵՄ-ի աջակցությամբ գործող EIT Climate-KIC կազմակերպության կողմից: ClimateLaunchpad-ի հետևում կանգնած է հենց նշված կազմակերպությունը:
Հաջորդիվ թիմերը պատրաստ կլինեն ներկայանալ ազգային եզրափակչի ժյուրիի առջև: Ի վերջո, ազգային եզրափակիչների բոլոր հաղթողները հնարավորություն կստանան մրցելու համաշխարհային գրանդ եզրափակչի շրջանակներում, որի անցկացման վայրն ամեն տարի փոխվում է:
Խնդիրների լուծում
ClimateLaunchpad-ի դասընթացավարներից մեկը պրն. Ռոն Բլումերսն է, ով մաքուր տեխնոլոգիաների, վերականգնվող աղբյուրների և ստարտափների ոլորտներում աշխատանքի 25 տարվա փորձ ունի:
«ClimateLaunchpad-ի ընթացքում մենք սովորաբար հանդիպում ենք երկու համահիմնադիրների՝ իրենց գաղափարով: Մենք նրանց համար հիմք ենք ապահովում՝ իրենց գաղափարները ստարտափի վերածելու համար, և ծանոթացնում ենք ձեռներեցության հիմունքների հետ», — ասում է նա:
Բլումերսը որոշ խորհուրդներ ունի նաև մաքուր տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ձեռնարկատերերի համար: «Առաջին երկու տարիների ընթացքում դուք անընդհատ բախվելու եք նորանոր խնդիրների. դա ինքնին այդպես է: Հաջողությունը կախված է նրանից, թե դուք որքան արագ կարող եք լուծել այդ խնդիրները»:
Գլոբալ եզրափակչի հաղթողները ստացան դրամական մրցանակներ, իսկ եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Carbominer-ը, հաջորդիվ կներգրավվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատերերի համար նախատեսված արագացուցիչ ծրագրում, որն իրականացվում է EIT Climate-KIC-ի կողմից:
Քայլ առ քայլ
ClimateLaunchpad-ը 2014 թ.-ին ստեղծել է մաքուր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարակատեր Ֆրանս Նաուտան: Նրա մանտրան շատ պարզ էր. եթե ցանկանում եք բարդ խնդիր լուծել, ապա այն հանձնարարեք ձեռնարկատերերին և լուծեք այն քայլ առ քայլ: Սա հանգեցրեց նրան, որ ClimateLaunchpad-ի նշանաբանը դարձավ հետևյալ արտահայտությունը. «մեկ ստարտափի միջոցով կլիմայի փոփոխության խնդրի միանգամից լուծում»:
Եզրափակիչ անցած բոլոր մասնակիցների մասին հավելյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Մտածու՞մ եք դիմել: Ազգային կոնտակտային տվյալների ցանկին ծանոթացեք այստեղ:
Հեղինակ ՝ Թոմ Օ’Քոնել
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,