Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիա. ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ևս 15 ֆիզիկական անձանց և 9 կազմակերպությունների նկատմամբ
17 Մարտի, 2022

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիա. ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ևս 15 ֆիզիկական անձանց և 9 կազմակերպությունների նկատմամբ


ԵՄ-ի կողմից մարտի 15-ին ընդունված վերջին սահմանափակող միջոցներից տուժել են ռուսաստանցի ևս 15 ֆիզիկական անձինք և 9 կազմակերպություն: Նշված միջոցները կիրառվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի շրջանակում՝ Ուկրաինայի դեմ շարունակվող ռազմական ագրեսիայի համար:

Ցուցակված անձանց թվում են օլիգարխներ Ռոման Աբրամովիչը և Գերման Խանը, ինչպես նաև հայտնի այլ գործարարներ, որոնք ներգրավված են տնտեսության առանցքային հատվածներում, ինչպիսիք են մետալուրգիան, էներգետիկան, բանկային գործը, մեդիան, ռազմական և երկակի նշանակության ապրանքներն ու ծառայությունները: Ցուցակում կան նաև լոբբիստների և քարոզիչների անուններ, ինչպիսիք են Կոնստանտին Էռնստը (Ռուսաստանի Առաջին ալիքի գործադիր տնօրեն), ովքեր առաջ են մղում ուկրաինական իրավիճակի վերաբերյալ Կրեմլի օրակարգը:

Պատժամիջոցների տակ հայտնված կազմակերպությունների թվում են ավիացիայի, ռազմական և երկակի նշանակության, նավաշինության և մեքենաշինության ոլորտների ընկերություններ:

«Մենք մեր պատժամիջոցների ցանկում ավելացնում ենք ավելի շատ օլիգարխների և վարչակարգի հետ կապված վերնախավի ներկայացուցիչների, նրանց ընտանիքի անդամների և հայտնի գործարարների անուններ, որոնք ներգրավված են ռեժիմի համար զգալի եկամուտ ապահովող տնտեսական ոլորտներում»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Այս պատժամիջոցները ուղղված են նաև նրանց դեմ, ովքեր առաջատար դեր ունեն ուկրաինացի ժողովրդի դեմ Պուտինի վարած պատերազմին ուղեկցող ապատեղեկատվության և քարոզչության մեջ: Մեր ուղերձն հստակ է. նրանք, ովքեր նպաստում են Ուկրաինա ներխուժմանը, բարձր գին են վճարում իրենց գործողությունների համար»:

Ներկայում ԵՄ սահմանափակող միջոցներ են կիրառվել ընդհանուր առմամբ 877 ֆիզիկական անձանց և 62 կազմակերպությունների նկատմամբ: Այդ միջոցներով սառեցվում են նշված սուբյեկտների ակտիվները, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է ֆինանսավորում տրամադրել նրանց: Ֆիզիկական անձանց նկատմամբ նաև ճանապարհորդության արգելք է դրվում, ինչը թույլ չի տալիս նրանց մուտքը կամ տարանցումը ԵՄ տարածքներով։

Խորհուրդը վերջերս նաև որոշում է կայացրել ևս վեց ամսով՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը երկարաձգել Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խախտման կամ դրանց սպառնալու համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցները:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,