Նոյեմբերի 17-ին Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական համերաշխության կորպուսի շրջանակներում մեկնարկեց 2022 թվականի համար առաջարկների կոչ՝ առաջին անգամ հնարավորություն ընձեռելով նպաստելու մարդասիրական օգնության գործողություններին ամբողջ աշխարհում: Միջազգային ծրագրերի այս նոր շարքը կոչվում է «Եվրոպական կամավորական մարդասիրական օգնության կորպուս»:
Տվյալ կոչի շրջանակում կտրամադրվի գրեթե 139 միլիոն եվրո՝ ֆինանսավորելու կամավորական գործողություններ, երիտասարդների կողմից ղեկավարվող համերաշխության ծրագրեր, գերակա համարվող առողջ ապրելակերպի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում մասնագիտացած թիմերին, ինչպես նաև նորաստեղծ Եվրոպական կամավորական մարդասիրական օգնության կորպուսին:
Եվրոպական համերաշխության կորպուսի՝ հասարակության մարտահրավերներին ուղղված համերաշխության գործողություններին մասնակցել կարող են 18-ից 30 տարեկան երիտասարդները, իսկ միջազգային մարդասիրական օգնության գործողություններին՝ 18-ից 35 տարեկանները: Եվրոպական համերաշխության կորպուսի գործունեությանը մասնակցել ցանկացող երիտասարդները պետք է գրանցվեն Եվրոպական համերաշխության կորպուսի պորտալում, որտեղ նրանք կարող են փնտրել և գտնել ծրագրեր իրականացնող կազմակերպություններ: Եվրոպական համերաշխության կորպուսի պորտալում գրանցված երիտասարդական խմբերը կարող են նաև դիմել իրենց կողմից ղեկավարվող համերաշխության ծրագրերի ֆինանսավորման համար:
Եվրոպական համերաշխության կորպուսի ներքո գործունեություն իրականացնելու ֆինանսավորման համար կարող է դիմել ցանկացած պետական կամ մասնավոր կառույց: Նման կազմակերպությունները պետք է ձեռք բերեն որակի նշան, որը հաստատում է, որ նրանք ի վիճակի են իրականացնել բարձրակարգ համերաշխության գործունեություն՝ ծրագրի սկզբունքներին, նպատակներին և պահանջներին համապատասխան: Նրանք կարող են դիմել ԵՄ անդամ բոլոր պետություններում և ծրագրին ասոցացված երրորդ երկրներում գործող Եվրոպական համերաշխության կորպուսի ազգային գործակալությունների կամ Կրթության և մշակույթի եվրոպական գործադիր գործակալության (EACEA) օգնությանը՝ կենտրոնացված գործողությունների համար:
Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 23-ը՝ նույն տարվա ընթացքում իրականացվող ծրագրերի համար, ինչպես նաև մինչև հոկտեմբերի 4-ը՝ հաջորդ տարվա ծրագրերի համար։
Եվրոպական համերաշխության կորպուսը ԵՄ ծրագիր է, որը նախատեսված է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են համերաշխության գործունեություն ծավալել տարբեր ոլորտներում՝ սկսած ԵՄ-ում և նրա սահմաններից դուրս անապահով մարդկանց օգնությունից մինչև առողջապահական և բնապահպանական գործողություններին նպաստելը: Եվրոպական համերաշխության կորպուսի 2021-2027 թվականների ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 միլիարդ եվրո։
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,