Ապրիլի 3-ին Վայք քաղաքում Երիտասարդ եվրոպացի դեսպանների նախաձեռնությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանում երկրորդ Եվրաակումբը:
«Եվրաակումբ Վայք»-ի միջոցով հայաստանցի երիտասարդ եվրոպական դեսպանները նպատակ ունեն Վայքի և հարակից համայնքների երիտասարդներին ավելի մոտեցնել ԵՄ-ին՝ նպաստելով վերջիններիս հմտությունների զարգացմանը և խթան հաղորդելով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին նրանց մասնակցությանը։ Այն կղեկավարի վայքեցի երիտասարդ եվրոպական դեսպան Լուսինե Կարապետյանը՝ ՏՆԱԿ երիտասարդական կենտրոնի հետ համագործակցությամբ: Դեսպանները Եվրաակումբների գործունեությանը կաջակցեն Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի՝ EU NEIGHBOURS east-ի շրջանակում։
«Եվրաակումբ Վայք»-ի բացման արարողությանը հաջորդել է «Հմտությունների եվրոպական տարի. ինչպես կարող են տեղական երիտասարդական նախաձեռնությունները օգնել մրցունակության, մասնակցության և տաղանդի խթանմանը» թեմայով քննարկում: Քննարկման մասնակիցներն անդրադարձան այն մարտահրավերներին, որոնց բախվում են հայ երիտասարդներն իրենց հմտությունները զարգացնելու ճանապարհին, ինչպես նաև քննարկեցին, թե Եվրաակումբի նման տեղական նախաձեռնություններն ինչպես կարող են աջակցել երիտասարդներին: Այդ առիթով ՏՆԱԿ երիտասարդական կենտրոնի հետ համատեղ հայտարարվեց Վայքի զարգացման գաղափարների փոքրիկ մրցույթ:
«Լավ է, որ մենք երազում ենք ավելի լավ կյանքի մասին, բայց դա ապահովելու համար պետք է քրտնաջան աշխատել, շարունակաբար կրթվել և զարգանալ։ Հուսով եմ՝ այս ակումբը կդառնա նոր գաղափարների օրրան և վայր, որտեղ հնարավոր է հասակակիցներից սովորել նորը և միասին զարգանալ, ինչպես նաև Ձեր համայնքում դրական փոփոխություններ բերել»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը։
Երիտասարդ եվրոպական դեսպան և «Եվրաակումբ Վայք»-ի հիմնադիր Լուսինե Կարապետյանն ասում է, որ Եվրաակումբը ԵՄ ավելի շատ հնարավորություններ կապահովի իր համայնքի համար՝ խրախուսելով երիտասարդներին զարգացնել իրենց հմտությունները և ակտիվ լինել:
Մինչ օրս հայաստանցի երիտասարդ եվրոպական դեսպանները Վայքում իրականացրել են քաղաքացիական ակտիվության շուրջ տասը միջոցառումներ՝ հարակից համայնքների երիտասարդների ներգրավմամբ: Մասնավորապես, դեսպանները կազմակերպել են ԵՄ ամառային դպրոցներ, շրջակա միջավայրի պաշտպանության և գենդերային հավասարության վերաբերյալ արշավներ։
Հայաստանում երիտասարդ եվրոպական դեսպանների նախաձեռնած առաջին Եվրաակումբը գործարկվել է 2022 թվականի դեկտեմբերին Օշականում և մինչ օրս Օշականից և հարակից համայնքներից ավելի քան 500 երիտասարդների է ներգրավել քաղաքացիական ակտիվության միջոցառումներում, լեզվական և լուսանկարչական հմտությունների ակումբներում և այլն:
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,