Աշխատանքային ի՞նչ դժվարություններ են ունենում հայ երիտասարդները, և ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ աջակցելու իրենց աշխատանքային ներուժի իրագործմանը։
2 Դեկտեմբերի, 2022

Աշխատանքային ի՞նչ դժվարություններ են ունենում հայ երիտասարդները, և ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ աջակցելու իրենց աշխատանքային ներուժի իրագործմանը։


Երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը՝ մոտ 36,1%, շարունակում է մնալ որպես մարտահրավեր  Հայաստանի Հանրապետության համար։  Անցումը կրթությունից դեպի աշխատաշուկա երիտասարդների համար բավականին բարդ փորձառություն է՝ լի անորոշությամբ, ինչը պայմանավորված է տնտեսական այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են ցածր պահանջարկը,  ցածր աշխատավարձը և աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության պակասը: Այս անորոշությունը մեղմելու նպատակով Եվրոպական միությունը (ԵՄ) համաֆինանսավորել է «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության («EU4YOUTH»). երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» ծրագիրը, որի շրջանակում ստեղծվել է «ՀՀ-ում երիտասարդների աշխատանքային իրավունքները և անցումը դեպի աշխատաշուկա» փոդքաստը: Փոդքաստը բաղկացած է երկու էպիզոդից, որոնք շոշափում են տարբեր թեմաներ՝ անդրադառնալով այն մարտահրավերներին,  որոնց երիտասարդները բախվում են հայաստանյան աշխատաշուկա մտնելիս կամ իրենց կարիերան պլանավորելիս: Փոդքաստի յուրաքանչյուր էպիզոդում հյուրընկալվել են քաղաքականություն մշակողներ, մասնագետներ, փորձագետներ, ովքեր կիսվում են իրենց գնահատականներով և խորհուրդներով:

Աջակցություն Հայաստանում աշխատաշուկա մուտք գործելու համատեքստում

«Անցում դեպի հայաստանյան աշխատաշուկա. ինչպե՞ս կառուցել կայուն և հաջողակ կարիերա»․ այս էպիզոդոդն անդրադառնում է ՀՀ-ում կարիերայի ուղղորդման հնարավորություններին և երիտասարդների կարիերայի զարգացմանն աջակցող ծառայություններին։ Հայաստանում երիտասարդների աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ իրենց արժեքավոր գնահատականներով են կիսվում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը, Բրյուսովի պետական համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը։

«Մասնագիտական կողմնորոշմանը, կարիերայի ուղղորդմանն ու աշխատաշուկա մուտք գործելուն առնչվող տարբեր նախագծեր կան՝ ինչպես կազմել մրցունակ «CV», ինչպես երկխոսել գործատուի հետ և այլն։ Այս նախագծերը կա՛մ արդեն իրականացվել են, կա՛մ գտնվում են իրականացման փուլում, ինչպես նաև կիրականացվեն հաջորդ տարի ևս՝ կրկին թիրախավորելով Հայաստանի երիտասարդությունը»,- նշում է Զարա Ասլանյանը։

Ամբողջական էպիզոդը կարող եք լսել այստեղ՝ https://share.transistor.fm/s/3e709078/.

Անհրաժեշտ է բարելավել աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտը

Փոդքաստի մյուս էպիզոդում («Հայաստանում երիտասարդների աշխատանքային իրավունքների պաշտպանություն, հաջողակ կարիերային և ձեռներեցությանն ուղղված աջակցություն») աշխատանքային իրավունքների խախտմանն ու Հայաստանում երիտասարդության համար բիզնեսի զարգացման հնարավորություններին են անդրադառնում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի Սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սուրեն Մխիթարյանը, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի Միջազգային համագործակցության բաժնի նախագծերի ղեկավար Էդգար Մեհրաբյանը։

«Ուշագրավ է, որ հաճախ երիտասարդներն իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման մասին բարձրաձայնում են միայն աշխատանքից ազատվելու կամ աշխատանքից դուրս գալու դեպքում։ Բացի այդ, հաճախ երիտասարդները չեն էլ գիտակցում, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, քանի որ մանրամասն չեն ընթերցում իրենց աշխատանքային պայմանագրերը և լավ տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին: Սրանք խնդիրներ են, որոնց լուծման ուղղությամբ պետք է աշխատել և բարելավել դրանք»,- նշում է Էլեն Մանասերյանը։

Ամբողջական էպիզոդը կարող եք լսել այստեղ՝ https://share.transistor.fm/s/65c97f9c/

Ծրագրի մասին

«ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության․ երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Լիտվայի Արտաքին գործերի նախարարության կողմից և նպատակ ունի՝ ՀՀ երիտասարդությանը իրազեկելու կարիերայի ուղղորդման գործընթացի, աշխատաշուկայի, անձնային զարգացման, ինչպես նաև ՀՀ երիտասարդների համար արժանապատիվ աշխատանքի չափորոշիչների մասին մանրամասն տեղեկությունների վերաբերյալ: Նախաձեռնությունն Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) իրականացվում է Ծրագրերի կառավարման կենտրոնական գրասենյակի (CPMA) կողմից մինչև 2024 թվականի ավարտը՝ ներառելով տեխնիկական աջակցության գործողություններ ԱլԳ (պետական և ոչ պետական) կազմակերպական կառույցներին և հաստատություններին աջակցելու համար՝ անդրադառնալով երիտասարդության զբաղվածությանը և աշխատունակությանը:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,